«Վիվասել-ՄՏՍ-ը» ստանձնել է Երեւանի «Հատիս» բասկետբոլի թիմի մեկ տարվա հովանավորությունը: Երեկ կազմակերպության գլխամասային գրասենյակում համագործակցության մասին պայմանագիր ստորագրեցին «Վիվասել-ՄՏՍ-ի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Հատիս» ակումբի խորհրդի անդամ Արթուր Մինասյանը :
«Սպորտում, ինչպես բիզնեսում, կարեւորը հաղթանակն է, իսկ շարժիչ ուժը հավատն է: «Հատիս» բասկետբոլի կանանց թիմի հաջողությունը նաեւ մեր հաջողությունն է: Ապագայի մարտահրավերները մեզ համար ներշնչանքի աղբյուր են, եւ մենք համոզված ենք, որ հետագայում եւս կվայելենք հայաստանյան բասկետբոլի նոր հաղթանակները: «Հատիսի» հետ մենք կսահմանենք այս խաղի բարձր չափանիշներ: Սպորտի գործընկեր լինելու մեր նպատակը երիտասարդ սերնդի համար կայուն զարգացում սպահովելն է: Մենք մեր երեխաների գիտակցության մեջ պետք է զարգացնենք հաղթանակելու ձգտումը», նշեց Ռալֆ Յիրիկյանը:
«Հայաստանցիների տարբեր սերունդներ «Հատիսի» հետ կապված ջերմ հիշողություններ ունեն: Ուրախ ենք Հայաստանի առաջատար ապրանքանիշներից մեկը ներկայացնող ընկերության հետ համագործակցելու համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մեծ հեղինակություն ունեցող ընկերության հովանավորության շնորհիվ թիմերը կարող են ներգրավել առավել լավ մարզիկների եւ բարձրացնել խաղի արդյունավետությունը: Մենք մեր երախտիքն ենք հայտնում «Վիվասել-ՄՏՍ-ին»ՙ սպորտին աջակցելու համար: Օգտվելով առիթից, նաեւ իմ երախտիքն եմ արտահայտում բոլոր այն անհատներին եւ կազմակերպություններին, ովքեր աջակցել են մեզ եւ մեր կողքին են եղել ակումբի զարգացման ընթացքումՙ անկախ այդ աջակցության ձեւից կամ չափից: Այսօր սպորտում հաջողությունների հասնելու եւ երկրի պատիվը բարձր պահելու համար ֆինանսական զգալի միջոցներ են անհրաժեշտ», նշեց բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը :
Նշենք, որ «Վիվասել-ՄՏՍ-ն» այս տարվանից արդեն հովանավորում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, ֆուտբոլի ֆեդերացիային, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին, դահուկային սպորտի ֆեդերացիային, ինչպես նաեւ օժանդակել է առանձին մարզիկներին եւ թիմերինՙ միջազգային մրցումներին մասնակցելու հարցում:
Միջոցառման ավարտին «Հատիսի» բասկետբոլիստուհիների ստորագրություններով բասկետբոլային գնդակներ հանձվեցին լրագրողներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ