«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2009-12-15 | #230, 2009-12-16 | #231, 2009-12-17


«ԿՌԻՎ-ԿՌԻՎԸ» ԵՐԵՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԻՐԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂՆ Է

Բոլորս ենք հիշում մանկական «կռիվ-կռիվ» խաղը, երբ բակերում տղաները «պատերազմելուց» հետո, արդեն տանը մտածում էին հաջորդ օրվա «ռազմական պլանի» մասին, ու երբեք չէին հաշտվում պարտության հետ: Իսկ հաղթանակի հասնելու համար դիմում էին նույնիսկ «կանոններով» չնախատեսվածՙ քարերի, փայտերի եւ այլ իրերի օգնությանը:

Ադրբեջանի քաղաքական պահվածքը, նրա ռազմատենչ հայտարարությունները խիստ նմանեցնում են այդ երկրին բակում պարտված տղայի, որը մեկ մեծ եղբայրներին է կանչում, մեկ ` պարզապես «տաքացած» լինելու պատճառով, անարժեք եւ անհիմն արտահայտություններ է իրեն թույլ տալիս:

  «Ազգ» -ը երեկ տեղեկացրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը , պատասխանելով, շեշտում ենք` պատասխանելով , ադրբեջանական իշխանությունների ռազմաշունչ հայտարարություններին, նշել էր, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում ՀԱՊԿ-ը` դաշնային պայմանագրի համաձայն, պարտավոր է ռազմական օգնություն ցուցաբերել մեզ: Սա, անշուշտ, պետք է առաջացներ Ադրբեջանի վրդովմունքը, քանի որ ինքն այդ կառույցի անդամ չէ: Այսպեսՙ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է. «Օհանյանի հայտարարությունը եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական ղեկավարությունը լրջորեն անհանգստացած են իրենց վաղվա օրով: Նրանք վախենում են մեզանից, այդ պատճառով էլ հայտարարում են, որ ՀԱՊԿ-ը օգնելու է իրենց: Սակայն ՀԱՊԿ-ը երբեք չի գնա Բաքվի դեմ, քանի որ շատ լավ գիտի, որ Ադրբեջանն էլ մենակ չէ, մենք էլ դաշնակիցներ ունենք, որոնցից կարեւորներն են, անշուշտ, մեր բանակը, ադրբեջանցի ժողովուրդը եւ միջազգային հանրությունը»: Նույն այդ միջազգային հանրությունը, Ջաֆարովի խոսքերով, արդեն հասկացել է, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական տարածք է, եւ իբր ընդունել է այն փաստը, որ Հայաստանը «զավթել» է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը: Այսքանից հետո ադրբեջանցի փորձագետին անհնար է թվում, որ ՀԱՊԿ-ը կօգնի «ագրեսորին», այսինքն` Հայաստանին:

Ադրբեջանցի ռազմական փորձագետը, բերելով այս «փաստերը», մոռանում է նշել, որ նախ Հայաստանի քաղաքական ու ռազմական իշխանությունները ոչ թե վախենում են Ադրբեջանից ու պահանջում են, որ ՀԱՊԿ-ը օգնի հնարավոր պատերազմում հայկական կողմին, այլ ասում են. «Մենք` զինվորականներս, միշտ պատրաստ ենք պատերազմի, եւ, եթե հանկարծ Ադրբեջանը սկսի այն, ապա մենք արժանի հակահարված կտանք, իսկ անհրաժեշտության դեպքում էլ առաջ կգնանք», նշել է ՀՀ պաշտպանության նախարարը: Ի գիտություն ադրբեջանցի փորձագետիՙ հայկական կողմի թիկունքում էլ կանգնած է առաջին հերթին հայ ժողովուրդը, հայկական մարտունակ բանակը (սա հայկական գնահատական չէ, իմիջիայլոց), իսկ միջազգային հանրությունը, եթե ընդուներ, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական տարածք է, ապա ֆիլմեր չէր նկարահանի հայկական Ղարաբաղի մասին, չէր գրի հոդվածներ, որոնք, ի դեպ, առաջացրել են հենց նույն Բաքվի վրդովմունքը:

Շարունակելով` Ջաֆարովը վստահեցնում է Ադրբեջանի հասարակությանը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան երբեք չի հայտարարել այն մասին, թե հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ օգնելու է Հայաստանին. «Հակառակը, Բորդյուժան միշտ նշել է, որ Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իսկ եթե պատերազմը սկսվի, ապա ՀԱՊԿ-ը լավագույն դեպքում կարող է դիվանագիտական ճնշում գործադրել Բաքվի վրա, ոչ ավելին; Ես չեմ կարծում, որ Ղազախստանի եւ այլ երկրների զինվորները կկռվեն Ղարաբաղում` հայտնի չէ, թե ինչի համար», վստահեցրել է Ջաֆարովը:

Ադրբեջանցի փորձագետը ամենայն հավանականությամբ մոռացել է, որ վերջին ժամանակներում, երբ Ադրբեջանը, նախագահի մակարդակով արդեն, ռազմական հայտարարություններ էր անում, ՀԱՊԿ անդամ հզորագույն երկրի` Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը նշեց, որ ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի դեմ ռազմական հարձակումը հարձակում է ամբողջ ՀԱՊԿ-ի վրա, եւ դաշինքը պարտավոր է նաեւ ռազմական օգնություն ցուցաբերել հարձակման ենթարկված գործընկերոջը: Ինչ վերաբերում է Բորդյուժայի խոսքերին, թե Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ապա պարոն Ջաֆարովը պետք է լավ իմանա, որ նման ցանկություն ունեն բոլորը, այդ թվումՙ Հայաստանի իշխանությունները, Մինսկի խումբը, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները չեն խոսում այն մասին, որ Բաքուն նույնպես այդպես է ցանկանում: Իսկ ընդհանուր առմամբ ադրբեջանցի փորձագետի խոսքերից ավելի շատ երեւում է, որ նա ադրբեջանցիներին է հանգստացնում, ոչ թե «մերկացնում» է հայկական կողմի ձախողումները:

Ջաֆարովը «հիշել» է նաեւ Սեյրան Օհանյանի այն խոսքերը, թե «երկրի նախագահը պետք է բացառի հարցերի լուծման ռազմական ճանապարհը»: Ըստ Ջաֆարովիՙ Ադրբեջանը, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, պարտավոր է հետ վերադարձնել «սեփական տարածքները»:

Սեփական տարածքների մասին սուտը, կարծում ենք, մեկնաբանելն անիմաստ է. Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս:

Իսկ վերջում Ջաֆարովը, հիշելով, որ նախկին Հարավսլավիայում Միլոշեւիչն ու իր գեներալները ապօրինություններ էին իրենց թույլ տալիս, կոչ է անում ՀՀ պաշտպանության նախարարինՙ «մտածել վաղվա օրվա մասին», քանի որ. «Միեւնույնն է, Հայաստանը վաղ, թե ուշ պետք է հատուցի»:

Կարծում ենքՙ այս նախադասության մեջ Ջաֆարովը «շփոթել» է միայն մեկ բառ` Հայաստանի փոխարեն պետք է լիներ Ադրբեջանը, իսկ հատուցել պետք է Սումգայիթի, Բաքվի, Ղարաբաղի համար:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4