«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2009-12-15 | #230, 2009-12-16 | #231, 2009-12-17


«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՎԱՎԵՐԱՑՆԵՆՔՙ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆԵԼՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ»

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքովՙ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումն սկսում է նյարդայնացնել Եվրոմիությանը, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին:

«Նախ պարզ է, որ Հայաստանը պետք է այդ արձանագրությունները վավերացնի ու բավական արագ: Ինչո՞ւ: Մենք էինք նախաձեռնողը, գոնե աշխարհում դա տպավորվեց, բնական է, որ հետ կանգնելն անիմաստ է: Եվ երկրորդՙ ինչքան բարդանա իրավիճակը հայ-թուրքական հարաբերություններում, այդքան դժգոհ կլինեն երեք կարեւորագույն սուբյեկտներըՙ ԱՄՆ-ը, ԵՄ-ը եւ Ռուսաստանը: Բոլորը լուրջ շահ գտան այդ գործընթացում, եւ պատկերացնո՞ւմ եքՙ իրենց սպասելիքները մենք չենք արդարացնում», նշում է Ստեփան Գրիգորյանը եւ հավելում, որ «մենք պետք է վավերացնենքՙ ամբողջ պատասխանատվությունը թողնելով Թուրքիայի վրա»:

Ս. Գրիգորյանը նշում է նաեւ, որ արձանագրությունները վավերացնելուց հետո այդուհանդերձ չպետք է մոռանալ, որ ՀՀ-ն միջազգային պայմանագրերի վավերացման եւ դադարեցման վերաբերյալ օրենք ունի, եւ եթե Թուրքիան արձանագրությունները չվավերացնի, ՀՀ սահմանադրությունը թույլ է տալիս «հետ պտտել այդ անիվը»:

Ս. Գրիգորյանի մատուցմամբ` Ղարաբաղի հարցով Հայաստանը լուրջ զիջումների գնալ չի կարող եւ չպետք է գնա, սակայն կան զիջումներ, որոնք կարելի է քննարկել Թուրքիայի հետ, մասնավորապեսՙ մեծացնել Թուրքիայի դերը Մինսկի խմբում, Ադրբեջանի հետ նախնական (շրջանակային) պայմանագիր ստորագրել եւ այլն:

Գրիգորյանը կարծում է, որ Թուրքիան, այնուամենայնիվ, վավերացնելու է արձանագրությունները, քանի որ պաշտոնական Անկարայի վրա ուժեղանում են միջազգային ճնշումները.«Արձանագրությունները չվավերացնելու դեպքում Թուրքիան ենթարկվելու է ԱՄՆ-ի ճնշումներին, որն արտահայտվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչելով»:

«Կասկած չունեմ, որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, եւ կասկած չունեմ, որ դա կլինի դեկտեմբեր-հունվար ամիսներին: Միգուցե տեխնիկական պատճառներով մի քիչ հետաձգվի, բայց արձանագրությունները կվավերացվեն», համոզմունք հայտնեց Ստեփան Գրիգորյանը:

Ս. Գրիգորյանի կարծիքովՙ Թուրքիան լուրջ երկիր է, կարող է հաշվարկներ անել, եւ այդ հաշվարկների մեջ մտնում է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4