Հենց այսպես որակեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը քաղաքագետ Արման Աղայանը երեկ «Արմատ» մամուլի ակումբում:
Ըստ քաղաքագետիՙ չնայած այժմ էլ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա խորհրդականները շարունակում են համառություն դրսեւորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման մեջ, սակայն «ակնհայտ է, որ կանխատեսումները, թե մինչեւ տարեվերջ սահմանը կբացվի, չիրականացան,- նկատեց Աղայանը,- եւ այժմ էլ ոչ ոք չի կարող կանխատեսումներ անել, թե երբ վերջապես կվավերացվեն արձանագրությունները»: Որոշ ժամանակ անց, սակայն, քաղաքագետը հանդես եկավ հենց կանխատեսմամբ` նշելով, թե հավանական է, որ մինչեւ 2010-ի ապրիլի 24-ը Թուրքիան կվավերացնի արձանագրությունները. «Իսկ դրանից հետո, ասենքՙ մայիսին, նույնը կանի նաեւ Հայաստանը»:
Իսկ իրականությունը, ըստ Աղայանի, այն է, որ դեռեւս այս տարվա ապրիլին պատրաստ են եղել հայ-թուրքական արձանագրությունները եւ սեպտեմբերին միայն հրապարակվել են. «Հիմա էլ, չնայած որոշ սառնությանը, հայ-թուրքական գործընթացները շարունակվում են, որոնք լեցուն են վտանգներով»: Աղայանը եւս մեկ անգամ հայտնեց իր մտահոգությունը, որ արձանագրություններով «Հայաստանը ճանաչում է Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրավունքները», եւ հետագա իշխանություններից, ըստ Աղայանի, շատ ջանքեր կպահանջվեն վերացնելու այս վտանգները: «Սերժ Սարգսյանն անպայման գիտեր, որ նման քաղաքականությամբ խնդիրներ է ունենալու բանակի, Արցախի, ժողովրդի հետ առհասարակ, սակայն գնաց այդ քայլին, որից, կարծում եմ, Թուրքիան բավականին զարմացել է, քանի որ արձանագրություններից շահող կողմը միանշանակ նրանք են», ասաց քաղաքագետը:
Իսկ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը բանախոսը պայմանավորեց նրանով, որ թուրքերն ավելի մեծ, հավելյալ զիջումներ են ուզում ստանալ Հայաստանից. «Նրանք ցանկանում են «վերացնել» Հայաստանին` որպես տարածաշրջանային խաղացողի, մյուս կողմից էլ օգնելով, իհարկե, Ադրբեջանին», նշեց Աղայանը:
Քաղաքագետը ե՛ւ հայկական կողմի, ե՛ւ թուրքական կողմի բոլոր հայտարարությունները համարեց ընդամենը «ներկայացման մաս», եւ ներքին լսարանի համար նախատեսված, մյուս կողմից էլՙ Աղայանը անհնարին համարեց, որ Հայաստանի, կամ Թուրքիայի վրա իրականացվել են արտաքին անհաղթահարելի ճնշումներ. «Բոլոր շահագրգիռ պետություններն էլ ակտիվ են, սակայն բացառվում է, որ նրանք ճնշում գործադրած լինեն կողմերի վրա»:
«Ազգ»-ի հարցին, որ եթե ոչ հայկական, ոչ թուրքական կողմերի վրա էլ արտաքին ճնշումներ չեն եղել, ապա մի՞թե Հայաստանի նախագահին անձամբ ձեռնտու է դիմել զիջումների ե՛ւ Թուրքիայի հետ հարաբերություններում, ե՛ւ Ղարաբաղի հետ կապված, Աղայանը պատասխանեց. «Ըստ Հայաստանում այսօր իշխող Հանրապետական կուսակցությանՙ երկիրը չի կարող բանակ պահել, տարածքների հարցն այլեւս երկրորդական է, եւ այն միջոցները, որոնք տրամադրվում էին այս հարցերին, նպատակահարմար է ծախսել կրթության վրա, քանի որ, ըստ մեր իշխանությունների, Հայաստանը զգալիորեն զիջում է այս հարցում Եվրոպային: Իշխանությունների կարծիքովՙ միայն այս ոլորտն է, որ «հայկական հայտնի տաղանդի» հետ կարող է դիմագրավել արտաքին վտանգներին»:
Վերջում Աղայանը վստահեցրեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացն ի վերջո տապալվելու է. «Ընդ որումՙ տապալվելու է հայ ժողովրդի կողմից, ես համոզված եմ», եզրափակեց Արման Աղայանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ