Ծաղկաձորում ընթացող ՍԴՀԿ արտակարգ համագումարում որոշում է կայացվել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու մասին: Մի քանի օր առաջ ՍԴՀԿ-ի մի թեւը անվստահություն էր հայտնել Լ. Սարգսյանին ու արտակարգ համագումար հրավիրել, մինչդեռ ՍԴՀԿ հերթական համագումարը պետք է տեղի ունենար հունվարի 9-ին: Ավելի վաղ Լ. Սարգսյանը ՍԴՀԿ վարչության` արտակարգ համագումար նախաձեռնող թեւը ներկայացնող Սեդրակ Աճեմյանի եւ Վահան Շիրխանյանի վերաբերյալ (ովքեր դեմ են, որ ՍԴՀԿ-ն շարունակի համագործակցել ՀԱԿ-ի հետ), ասել էր, որ եթե նրանք փորձեն պառակտել կուսակցությունը, ինքնուրույն նոր կառույց ստեղծեն, ապա ինքը դատական վիճարկման է ենթարկելու նրանց գործելակերպը: Եվ Լ. Սարգսյանը, եւ Շիրխանյանն ու Աճեմյանը լրատվամիջոցներին հավատացրել էին, թե կենտրոնական վարչության մեծամասնությունն իրենց կողքին է, իսկ Լ. Սարգսյանը Շիրխանյանին եւ Աճեմյանին ու նրանց կողմնակիցներին իշխանական նախագիծ էր անվանել:
Այսօր մամուլի ասուլիսներ են տալու ե՛ւ Լյուդմիլա Սարգսյանը, ե՛ւ արտակարգ համագումարի ընտրած նոր ղեկավարությունը:
Ինչ էլ լինի` ցավում ենք հայ ավանդական կուսակցություններից մեկում տեղի ունեցող խժդժությունների համար, ինչը մեր ներքաղաքական կյանքի սովորական ուղեկիցն է:
Մ. Խ.