Barbera-Lupicinio-Z.Megrhryan investment advocacy` այսպես է կոչվում երեկ Երեւանում բացված հայ-իսպանական խորհրդատվական ընկերությունը: Այդ կապակցությամբ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը հայտնեց, որ ընկերության գրասենյակի բացումը սեպտեմբերին կայացած հայ-իսպանական գործարար համաժողովի արդյունքն է: Նա այն կարծիքը հայտնեց, որ գրասենյակի բացումը ճիշտ ժամանակին է, քանի որ Հայաստանում խոշոր բիզնես նախագծեր են նախատեսվում, որոնց կարող են մասնակցել իսպանացի գործարարները: Փոխնախարարը մասնավորապես նշեց Ջերմուկի զարգացման ռազմավարական նախագիծը, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը:
Ընկերության հիմնադիրներից Ռոդրիգես Լյուպիսինյոն հայտնեց, որ գրասենյակը նպատակ ունի որակյալ խորհրդատվական ծառայություններ մատուցել հայ եւ իսպանացի գործարարներին ներդրումների ոլորտում: Նա նաեւ նշեց, որ այս գրասենյակը իր ղեկավարած Lupicinio Eversheds իրավաբանական ընկերության ներկայացուցիչը կլինի Հայաստանում եւ կովկասյան տարածաշրջանում: Ռոդրիգես Լյուպիսինյոնի հավաստմամբՙ գրասենյակը կօգնի նաեւ հայ գործարարների արտադրանքը աշխարհում ներկայացնելու հարցում:
Ավելացնենք, որ Barbera-Lupicinio-Z.Megrhryan investment advocacy ընկերության համահիմնադիրներն են Իսպանիայում Հայաստանի պատվո հյուպատոս Լուիս Սապատերոն եւ Զինավոր Մեղրյանը:
Ա. Մ.