Դրամատուրգ, թարգմանիչ Կոնրադ Քուհնը, որ մասնագիտության բերումով քաջածանոթ է եվրոպական, ամերիկյան թատրոնին, հանդիսատեսի բազմամյա փորձառություն է կուտակել նաեւ Երեւանի Սպենդիարյան օպերային թատրոնի ներկայացումները դիտելովՙ տարին նվազագույնը մեկ անգամ Հայաստանում լինելով: Մեր համառոտ զրույցում նա ընդգծում է մեր թատրոնի գլխավոր թերությունըՙ սովորեցնելու խնդիրը:
- Սովորեցնի ի՞նչ անելՙ աշխատե՞լ, երգե՞լ, թե՞ բեմադրել:
- Այդ բոլորը: Ձայներ կան, բայց ամեն մեկը չէ, որ երգիչ է դառնում: Եթե բնական է, պահանջը կա մարդու մեջ երգելու, հեշտ է ավելի, քան երաժշտական գործիք նվագելը, որովհետեւ երաժշտական գործիքից ձայնը պիտի ստանաս, հետո վերարտադրես:
- Ի՞նչ չի ստանում Հայաստանի ուսանողը, երգիչը, երգչուհին, որ դրսում է ստանում:
- Գերմանիայի թատրոններն ունեն օպերային ստուդիաներՙ Դյուսսելդորֆի, Մյունխենի, Ցյուրիխի օպերաներն ունեն, մի 10-12 երիտասարդ երգիչ կա, որ կոնսերվատորիան ավարտել են եւ փոքր դերերով են հանդես գալիս: Ասում ենՙ բեմում կանգնելով միայն կարելի է բեմում կանգնել սովորել: Բայց այստեղ խնդիրն այն է, որ Մոցարտ են բեմադրում, ասենք «Դոն Ժուանը», որի մեկ երրորդը ռեչիտատիվներ (ասքերգեր) են: Ռեչիտատիվները պիտի փորձերի դեռ սկզբից շատ լավ անգիր սովորել: Երգիչը պիտի պատրաստված գա փորձի, եւ հետո պիտի լինի չեմբալո նվագող երաժիշտը: Ռեժիսորի հետ պիտի լավ պատրաստվեն, սա մեծ աշխատանք է: «Դոն Ժուանի» պրեմիերան մոտենում է, եւ պարզվում է, որ ռեչիտատիվները ոչ ոք լավ չի սովորել, չի բեմադրվել, չկա: Օպերայի մեկ երրորդ մասը դեռ պատրաստ չէ:
- Էլ ի՞նչ գլխավոր տարբերություն, թերություն եք նկատել:
- Ամբողջ կազմակերպված ձեւը մեզ մոտ ուրիշ է: Պրեմիերայի օրը նվազագույնը մեկ տարի առաջ, ավելի հաճախ երկու տարի առաջ արդեն հայտնի է: Ե՞րբ պիտի փորձերը սկսվեն, հայտնի է, օրից օր փորձերի ծրագիրը կարող է մի քիչ փոփոխվել, բայց հայտնի էՙ գործը երբ պիտի լինի, ինչպես պիտի լինի: Այստեղՙ
Երեւանում սկսում են փորձը, իսկ պրեմիերան ե՞րբ է լինելու, ոչ ոք չգիտի:Հետո մի օր են ասում, այնուհետ հետաձգում են մի շաբաթ, երկու, երեք, կամ հետո ընդհանրապես չի լինում: Ինչպե՞ս կարելի է այդպես աշխատել: Թե՛ արվեստագետների, թե՛ երգիչների, թե՛ հանդիսատեսի համար ծանր է: Միշտ ասում ենՙ փող չունենք, բայց ամբողջ տարին այս աշխատողներին պահելն առանց ներկայացում բեմադրելու շատ ավելի ծախսատար է: Թատրոնի վարագույրը պիտի ամեն երկրորդ օրը բացվի:
Այցեքարտ - Գերմանացի դրամատուրգ, թարգմանիչ Կոնրադ Քուհնը թատերագիտական կրթություն է ստացել Բեռլինի Ազատ համալսարանում: 1990-ից դրամատուրգ է աշխատել տարբեր թատրոններումՙ Վիեննայի Բուրգ, Մյունխենի Գերթներփլաց, Լայպցիգի եւ Վիեննայի օպերային թատրոններում: 2009-ից Ցյուրիխի օպերային թատրոնի դրամատուրգն է: «Ազգի» ընթերցողներին նա հատկապես ծանոթ է 2003-ին Մյունխենի Գերթներփլաց թատրոնում Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի մասին մեր հրապարակումից:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա