CNN turk-ի լուրերի բաժնի պատասխանատու Ֆերհաթ Բորաթավը եւ «Միլլիեթ» թերթի լրագրող Բեդրի Գյուրսելը , իրենց իսկ խոսքերով Հայաստան են եկել ոչ թե կոնկրետ ծրագրով, այլ կարծիքներ փոխանակելու համար: Հայ-թուրքական արձանագրությունների ձգձվող վավերացումները, դրանց վերաբերյալ երկու երկրներում կատարվող քննարկումները, նաեւ նախապայմանները` առանց նախապայմանների այս գործընթացում, երեկ քննարկվեցին «Հայելի» մամուլի ակումբում:
Ըստ «Միլլիեթի» լրագրող Բեդրի Գյուրսելիՙ հնարավոր չէ հստակ նշել Մեջլիսի կողմից արձանագրությունների վավերացման ժամկետը. «Կարծում եմ, որ եթե առաջիկա ամիսներին Ղարաբաղի շուրջը լուրջ տեղաշարժեր չլինեն, ապա դժվար թե Մեջլիսը վավերացնի արձանագրությունները, չնայած այդ դեպքում էլ, կարծում եմ, Թուրքիայի կառավարությունը կգտնի լուծումներ: Բայց ես ձեր երկրում էլ հարցնելու եմ որոշ մարդկանց, թե ինչո՞ւ է Հայաստանը հապաղում», նշեց Գյուրսելը: Շարունակելով գործընկերոջը, Բորաթավն ասաց, որ արձանագրությունները Մեջլիսով անցկացնելու համար Թուրքիայի կառավարությանը «մեծ ուժ է պետք», քանի որ. «Թուրքիայում այդ գործերը ավտոմատ չեն արվում»:
«Միլլիեթի» թղթակիցը, որը թերեւս ավելի ծայրահեղական էր տրամադրված, շեշտեց, որ հայ-թուրքական հարաբերությունները վերաբերում են ամբողջ տարածաշրջանին. «Եվ այստեղ անտեսել Ադրբեջանի շահերը, կարծում եմ, անընդունելի է: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի վրա Ադրբեջանը մեծ ճնշում գործադրեց, որը սպասելի չէր թուրք հասարակության համար: Եվ այսօր մենք ասում ենք, որ, ճիշտ է, Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացները պետք է տարվեն առանց նախապայմանների, սակայն նկատում ենք նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունները լեցուն են խնդիրներով. իրական կյանքը ուրիշ է», նկատեց Գյուրսելը: Ֆերհաթ Բորաթավի խոսքերով էլՙ Հայաստանն ու Թուրքիան այն զույգը չեն, որ տանգո պարեն. «Մեր «պարի» մեջ կան մի քանի պարողներ, որոնցից մեկը, անշուշտ, Ադրբեջանն է, եւ վստահ եմ, որ նույնիսկ ԱՄՆ-ին ձեռնտու չէ, որ Բաքուն դուրս գա մեր «ընդհանուր պարից», նշեց Բորաթավը` ավելացնելով, որ, իհարկե, Ադրբեջանի ճնշումը էականորեն ազդել է թուրք հասարակության կարծիքի վրա:
«Ես չեմ կարծում, որ հակառակ Ադրբեջանի պետք է վավերացվեն արձանագրությունները,- շարունակեց Գյուրսելը,- Թուրքիայում կա կարծիք, որ այս արձանագրություններով ոտնահարվում է ադրբեջանական շահը: Եվ այս պատճառով է, որ գործընթացը հայտնվել է փակուղում: Չնայած ասեմ նաեւ, որ Թուրքիան կարող է մի կողմ դնել Ադրբեջանի շահն ու վավերացնել արձանագրությունները, եթե «մեջ մտնեն» անձամբ Թուրքիայի շահերը»: Թե ի՞նչ թուրքական շահերի մասին է խոսում, Գյուրսելը չցանկացավ ասել, միայն շեշտեց, որ այսօր, ավելի, քան երբեք, Թուրքիան վճռական է բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ, ընդ որում սա ոչ թե արտաքին ցանկությունն է, այլ հենց թուրքական:
Թուրքական «մեջ մտնող» շահը թերեւս պարզ դարձավ Ֆերհաթ Բորաթավի խոսքերից. «Արդեն իսկ պարզ է, որ Թուրքիան իրեն հանգիստ չի զգում հայերի ցեղասպանության հարցում: Այս գործոնը, նկատենք, տեղ չի գտել արձանագրություններում, եւ ես կարծում եմ, որ ե՛ւ արձանագրությունների վավերացման, ե՛ւ չվավերացման դեպքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակական է լինելու: Ասեմ նաեւ, որ երբ իմ գործընկերները Թուրքիայում հեռուստատեսությամբ հայերի ցեղասպանության մասին որեւէ բան են տեսնում, երազում են, թե երբ պետք է ԱՄՆ Կոնգրեսը վերջապես ընդունի այն, որպեսզի տեսնենք, թե մենք ինչ ենք անում», խոստովանեց թուրք լրագրողը: Բորաթավը շեշտեց նաեւ, որ այսօր Թուրքիայում չկա արգելք այս թեմայով «որեւէ բան» հրապարակելու: Մյուս կողմից էլ Գյուրսելը նկատեց, որ մինչեւ այսօր թուրքերի մեծամասնությունը չգիտի, թե ինչ է եղել 1915-ին:
Գյուրսելը նշեց նաեւ, որ Թուրքիան մեծ ցանկություն ունի արձանագրություններով նախատեսված պատմաբանների հանձնաժողովի աշխատանքների ընթացքում «լավ բան» անելու: Իսկ Բորաթավը նշեց, որ ցեղասպանության փաստի լինել-չլինելը չէ, որ քննարկելու է պատմաբանների հանձնաժողովը. «Այդ հանձանաժողովի խնդիրն է լինելու միայն հավաքել փաստեր, իսկ ցեղասպանության ճանաչումն արդեն իրավաբանների խնդիրն է», ասաց Բորաթավը: Վերջինս նաեւ նշեց, որ չնայած Օբամա-Էրդողան վերջին հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը «սպառնացել» է Թուրքիայի վարչապետին, որ եթե Մեջլիսը ձգձգի կամ ընդհանրապես մերժի արձանագրությունների վավերացումը, ապա Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանության փաստը, ինքը չի կարծում, թե հենց այդպես էլ կլինի. «Եթե նույնիսկ մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա ԱՄՆ-ը ընդամենը նոր ժամկետ կտա դրա համարՙ առանց կտրուկ քայլեր կիրառելու», հույսը վստահությամբ ներկայացրեց Ֆերհաթ Բորաթավը: Իսկ այն, որ Հայաստանի հետ հարաբերությունների գնալու համար Թուրքիան «լսում» է նաեւ Ադրբեջանի կարծիքը, Բորաթավը զարմանալի չի համարում. «Չէ՞ որ արձանագրությունների ստորագրումից առաջ ձեր նախագահն էլ մեկնեց սփյուռքի գաղթօջախներ` խորհրդակցելու: Մենք էլ չենք կարող այս հարցը լուծել առանց Ադրբեջանի», ասաց թուրք լրագրողը` ընդունելով, փաստորեն, որ Ադրբեջանն ընդամենը թուրքական սփյուռք է, ոչ թե երրորդ պետություն:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ