«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2009-12-16 | #231, 2009-12-17 | #232, 2009-12-18


ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի պատմության թանգարանում դեկտեմբերի 17-ից բացվել է նոր ցուցադրություն: Ցուցադրվում են հին քարեդարից` պալեոլիթից բրոնզեդար ընկած շրջանում ստեղծված բացառիկ իրեր.սա ավելի քան 100 տարի առաջ սկիզբ առած եւ մինչեւ օրս Հայաստանի տարածքում շարունակվող հնագիտական պեղումներից հայտնաբերված շուրջ 1000 գտածոների բացառիկ ընտրանի է:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ` արվեստագետներ, հնագետներ, ազգագրագետներ:

«Ցուցադրությունը ներառում է հայկական մշակույթը, որը գալիս է Քրիստոսից առաջ մոտավորապես մի միլիոն ութ հարյուր հազար տարուց մինչեւ հազար թիվը, առաջին անգամ են ներկայացվում հին քարե դարի եւ բրոնզե դարի բոլոր էտապները, իսկ դրանք յուրաքանչյուրում երեքն են` համապատասխան գտածոներով, մենք ունենք մոտավորապես 1200 իր, որոնք առաջին անգամ են ցուցադրվում` իրենց արժանի ձեւով: Հնագիտական այս վիթխարի հարստության տերն ենք մենք այսօր, եւ սա ճանաչելը կարծում եմ մեր առաջին պարտականություններից մեկն է», ասաց Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:

Ցուցադրությունը մշտական է լինելու: Բացվել է 3 սրահներում: Առաջինում ներկայացվում են հին պալեոլիթի աշելյան (Քա. 500 000-200 000 թթ.), մուստիերյան եւ մեզոլիթյան( Քա. 10 000-9/8 000 թթ.) շրջաններին վերաբերող ձեռքի հատիչներ, կացիններ, քերիչներ, նիզակի եւ տեգի ծայրեր, որոնք homo սափիենսի առաջացման ու ձեւավորման փաստացի ժամանակակիցներն են: 2-րդ սրահում ցուցադրվում են արդեն խեցեգործության եւ մետաղի մշակման օրինակներ նեոլիթ-էնեոլիթյան ժամանակաշրջանի (Քա. 9/8 000-4-րդ հազարամյակի կեսեր)` ծիսական արձանիկներ, իլիկի գլուխներ, փորագիր ժայռապատկերներ, որոնք վկայում են, որ Հայաստանը եղել է մարդկային քաղաքակրթության եւ մշակույթի ձեւավորման բնօրրաններից:

Բրոնզեդարի 3 փուլերի` վաղ, միջին, ուշ կամ զարգացած բրոնզե շրջանների (Քա. 4-րդ հազարամյակի կեսերից` 22-11-րդ դդ) նմուշները դրված են 3-րդ սրահում: Բրոնզե իրերի` սափորների, կավանոթների, գոտիների վրա փորագրված կենդանակերպ սիմվոլներն ունեցել են պաշտամունքային նշանակություն: Օրինակ` թռչունը համարվել է Աստծո փետրավոր օգնականը եւ խորհրդանշել է Արեւի եւ ազատության ոգին: Ցուլը, խոյը, առյուծը, այծը եւ եղջերուն մարմնավորել են արեւն ու տարերքի ուժերը` ամպրոպը, կայծակը, ջուրը: Իսկ պատկերված սիմվոլներից օձը, ըստ հնագույն հավատալիքների, իբր պոչով եղել է անդրաշխարհի ջրերի մեջ, իսկ գլխով երկնքում` առնչվելով կյանք պարգեւող երկնային Մոր հետ: Այդ են վկայում Մայր Աստվածությունը խորհրդանշող անոթների վրա օձի պատկերումը` իբրեւ գաղտնի հոգեւոր զորության խորհրդանիշ: Հնում կենդանիները համարվել են աստվածների ու ոգիների աշխարհի արարածներ ու արժանացել են երկրպագության:

«Ցուցադրության առանձնահատկությունն է, որ չկա որեւէ նմուշ, որը բերված լինի Հայաստանի տարածքից դուրս այլ տեղից, գնված կամ փոխանակված լինի, սա մեր 28 000 քմ-ից հայտնաբերված, ընդ որում 200-ից ավելի հնագիտական վայրերից պեղված գտածոներ են: Սրանք նախկինում պահվում էին պատմության թանգարանի ֆոնդերում: Պատմության թանգարանը Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից անընդհատ ստանում է այս համալրումը: Մինչեւ գարուն կլրացվեն նաեւ 3 ցուցասրահների թիկունքում գտնվող տարածքները, որը կընդգրկի հայկական մշակույթը մինչեւ 7-րդ դար, այսինքն մենք հիմա պատրաստում ենք ուրարտական մշակույթի ցուցադրությունը, հետո կլինեն բյուզանդական, հելլենիստական եւ քրիստոնեական շրջանները: Պատմության թանգարանը պահում է մոտավորապես կես միլիոնից ավելի ցուցանմուշ, որոնց մեջ մտնում են հնագիտական, ազգագրական, փաստաթղթային նմուշներ»,- ասաց Անելկա Գրիգորյանը :

Հետաքրքրական են ներկայացվող բրոնզե արձանիկների նմուշները: Հնում պաշտամունքային արձանիկների ի հայտ գալը կապված է եղել այն մտքի հետ ` իբրեւ մարդու հոգին ապրել է մարմնի որոշակի մասում` սրտում, ուղեղում, արյան կամ շնչի մեջ, սակայն մեծ մասամբ հոգու տեղը համարվել է գլուխը` որպես միստիկական ուժերի կենտրոնական օրգան: Մարդիկ հողից հանել են թաղված գանգերը, հարդարել ներկերով կամ ծեփել կավով այնպես, որ այն նման լինի հանգուցյալին: Ապա «կենդանացած» գանգերը, որոնք համարվել են միջնորդներ աստվածների ու ողջերի միջեւ, դրել են «գանգերի տանը» եւ երկրպագել: Հարդարված գանգերին հաջորդել են արդեն տարբեր ձեւերի արձանիկները:

«Ուշ բրոնզեդարյան բրոնզե արձանիկները` որպես արվեստի գործեր, իրենց քանակով, ժանրով ու բազմազանությամբ կարող են մրցել աշխարհի ամենազարգացած քաղաքակրթության հետ»,- նշեց մշակույթի նախարարության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը :

Բրոնզե իրերի սրահում դրված են նաեւ ռազմական արվեստին վերաբերող իրեր, որոնք վկայում են, որ հայերի մոտ այն շատ զարգացած է եղել:

«Հայաստանում ռազմական արվեստը բրոնզե դարում եղել է շատ բարձր, կարծում եմ, ռազմական արվեստի շատ նորույթներ ձեւավորվել են հենց հայկական լեռնաշխարհում»,- ավելացրեց Հակոբ Սիմոնյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4