«Ուրարտուն եւ նրա հարեւանները» գիտաժողովը վերջերս Հայաստան էր բերել Արեւմուտքի եւ հարեւան երկրների ուրարտագետներին` բացառությամբ Թուրքիայից հրավիրվածների, որոնք թեպետ խոստացել էին մասնակցել, բայց վերջին պահին տարբեր պատճառաբանություններով չէին ներկայացել: Գիտաժողովը նվիրված էր անվանի ուրարտագետ Նիկոլայ Հարությունյանի ծննդյան 90-ամյակին: Կազմակերպիչներն էին «Արամազդ» հանդեսը, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, արեւելագիտության ինստիտուտը եւ Հայաստանի գերմանական համալսարանը: Գիտաժողովում արծարծված թեմաների եւ ուրարտագիտության ներկայիս վիճակի մասին զրուցեցինք հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, «Արամազդ» հանդեսի խմբագրի տեղակալ Արմեն Պետրոսյանի հետ:
- Պրն Պետրոսյան, ակնհայտ է, որ հումանիտար գիտությունները վերջին երկու տասնամյակների ընթացքում մեզանում այնքան են հետ մնացել զարգացած երկրներից, որ գիտական անհրաժեշտ մակարդակին հասնելու համար գուցե պահանջվի մի քանի տասնամյակ: Մեզանում առաջացած ամայությունն ավելի խորն են զգում արտասահմանյան առաջատար համալսարաններում ուսանած մարդիկ, քանի որ ականատես են եղել, թե այնտեղ ինչպիսի ուշադրության են արժանանում հումանիտար գիտությունները, մասնավորապես, հին արեւելյան լեզուները: Փաստորեն, կապեր ստեղծելու մեր միակ միջոցը միջազգային գիտաժողովներն են, այդպես չէ՞:
- Անշուշտ, Խորհրդային Միության անկումից հետո հումանիտար գիտությունների հիմքերը Հայաստանում բավականին թուլացան: Այս ասպարեզում` արեւելագիտություն, սեպագիր քաղաքակրթություններ եւ այլն, ավագ սերնդին փոխարինողներ չեղան` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Նույնը կատարվեց նաեւ ԽՍՀՄ այլ երկրներում` Ռուսաստանում, որը ուրարտագիտության բնագավառում աշխարհի առաջատարն էր, ականավոր ներկայացուցիչներ Պիոտրովսկու, Դյակոնովի, իսկ Վրաստանում` Մելիքիշվիլու մահվանից հետո, կարելի է ասել, որ այնտեղ ուրարտագիտություն այլեւս գոյություն չունի: Ուրարտագիտության կենտրոնը տեղափոխվել է Արեւմուտք. այսօր հեղինակավոր ուրարտագետներ կան Իտալիայում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում եւ այլուր: Նոր դպրոց է ստեղծվում հատկապես Թուրքիայում, քանի որ թուրքերը լավ կապեր ունեն եվրոպական երկրների հետ եւ կարողանում են բազում ուսանողներ ուղարկել այնտեղ ուսանելու: Կարելի է ասել, որ նրանք հիմա ունեն շատ լավ արեւելագետներ` տարբեր բնագավառներում: Գերմանիայում կրթված թուրք մասնագետները տիրապետում են մի շարք եվրոպական լեզուների, համատեղ պեղումներ են կատարում, սովորում են ուրարտերեն կարդալ հենց ուրարտական հուշարձանների վրա: Նրանց մեջ կան նաեւ խեթերենի լավ մասնագետներ: Ինչ վերաբերում է մեզ, միջազգային նոր կապերի ձեւավորման համար մի խումբ մարդկանց խանդավառությամբ մի քանի տարի առաջ կարողացանք ստեղծել «Արամազդ» հանդեսը, որը հրատարակվում է եվրոպական լեզուներով` տարեկան երկու անգամ: Տպագրում ենք հայաստանցի եւ օտար գիտնականների աշխատությունները Հին Արեւելքի, այդ թվում` Ուրարտուի պատմության, մշակույթի, հնագիտության վերաբերյալ: Հին Արեւելքի քաղաքակրթություններն ուսումնասիրող գիտնականները չափազանց կապված են Թուրքիայի հետ, քանի որ այդ երկրի տարածքը հին քաղաքակրթությունների խոր հետքեր է պարունակում, որոնք ուսումնասիրելու եւ պեղելու համար եվրոպացի գիտնականները մշտապես մեկնում են այնտեղ: Չնայած Ուրարտուն ընդգրկել է նաեւ ներկայիս Հայաստանի տարածքի մի նշանակալի մասը, բայց քաղաքական եւ պետական ուշադրության բացակայության պատճառով հետխորհրդային Հայաստանը գրեթե դուրս է մնացել միջազգային գիտության այս ոլորտից:
- Փաստորեն, «Արամազդը» խթանեց ուրարտագիտության զարգացումը Հայաստանում եւ հնարավորություն տվեց միջազգային գիտաժողով անցկացնելո՞ւ:
- Այո, «Արամազդը» հնարավորություն տվեց կապեր հաստատելու արտասահմանյան առաջատար գիտնականների հետ, առանց որի դժվար թե մեզ հաջողվեր այդպիսի գիտաժողով անցկացնել: Հարցն այն է, որ գիտական լուրջ շրջանակներում կարծիք է տարածված, թե հայաստանցի գիտնականները գիտության փոխարեն զբաղված են Հայաստանի պատմությունն ազգայնականորեն «ճոխացնելու» խնդրով, ապացուցելով, որ ուրարտերենը հայերեն է եւ այլն: Մի բան, որ բնորոշ է հետամնաց, թույլ զարգացած, գիտություն չունեցող երկրներին, որտեղ գիտությունը, հակագիտությունը եւ կեղծ գիտությունը խառնվում են իրար: Իսկ Թուրքիան վարում է մեր պատմությունը նսեմացնելու քաղաքականություն, ստեղծում է ուրարտագիտական դպրոց, պատրաստում է միջազգային կարգի մասնագետներ, պեղումներ է անցկացնում ուրարտական հուշարձաններում, որոնց մեծագույն մասը Արեւմտյան Հայաստանում է: Թուրքիայի այդ քաղաքականությանը տարբեր նպատակներով ու պատճառներով տուրք են տալիս նաեւ արեւմտյան գիտնականները: «Արամազդի» միջազգային գիտական հեղինակության շնորհիվ առաջին անգամ Հայաստան եկան խոշոր ուրարտագետներ, որոնցից մեկը ուրարտական տեքստերի հրատարակիչ, բանասեր եւ պատմաբան, Ուրարտուի պատմության ու մշակույթի վերաբերյալ բազմաթիվ մենագրությունների եւ հոդվածների հեղինակ Միրիո Սալվինին էր` Իտալիայից: Նա միայն այս տարի հրատարակել է ուրարտական տեքստերի 3 հատոր եւ հրատարակության է պատրաստում եւս երկուսը: Երկրորդը գերմանացի գիտնական Գերնոտ Վիլհելմն էր, որը հին արեւելյան քաղաքակրթությունների ականավոր մասնագետ է, հիմնականում լեզվաբան, բայց զբաղվում է նաեւ պատմությամբ: Այս երկու գիտնականները կարող են ամեն մի գիտաժողովի զարդը լինել: Մասնակցում էին նաեւ հնագետներ Դեւիդ Ստրոնախը` Մ. Նահանգներից, Շտեֆան Կրոլը` Գերմանիայից, եւ այլք: Կարեւորում եմ նաեւ հին արեւելյան լեզուների փայլուն գիտակ երիտասարդ Իլյա Յակուբովիչի ներկայությունը (Ռուսաստան, այժմ ապրում է Մ. Նահանգներում): Մեր կողմից մասնակցում էին փայլուն լեզվաբան, ուրարտագետ, հին արեւելյան քաղաքակրթությունների մասնագետ Մարգարիտ Խաչիկյանը, խեթագետ Արամ Քոսյանը, հնագետ եւ պատմաբան Սիմոն Հմայակյանը եւ այլք:
- Հետաքրքրական է իմանալ, թե ի՞նչ զեկուցումներ հնչեցին, որո՞նք էին ամենավիճելի հարցերը, արդյոք եղա՞ն տաք բանավեճեր:
- Նախ ասեմ, որ բոլոր նորմալ գիտնականներն ընդունում են, որ Ուրարտուի պատմությունը մեր երկրի հնագույն պատմությունն է: Դա հզոր կայսրություն էր, որն ուներ միասնականացված պետական համակարգ` կենտրոնացված իշխանությամբ եւ միաստվածությանը մոտեցող կրոնով: Ամեն ինչ վերագրվում էր գերագույն Խալդի աստծուն, որի կամքը կատարում էր երկրի արքան: Վերջինիս իշխանության ներքո ապրում էին բազում երկրներ ու ցեղեր: Ուրարտուն հզոր ազդեցություն է կրել միջագետքյան քաղաքակրթությունից, օրինակ, գիրը եւ մի շարք մշակութային արժեքներ փոխառված են Ասորեստանից: Իհարկե, հնարավոր չէ թվարկել բոլոր հետաքրքրական ու կարեւոր զեկուցումները, ուղղակի նշեմ մի քանիսը: Միրիո Սալվինիի ելույթը նվիրված էր ուրարտական նոր տեքստերի հայտնաբերմանն ու մեկնաբանությանը: Մայքլ Ռոուֆի զեկուցումը Ռուսա Էրիմենայորդի արքայի գահակալության թվագրության ճշգրտման հարցի վերաբերյալ էր: Արամ Քոսյանը ներկայացրեց Ուրարտուի պատմության վերջին շրջանում արեւմտյան սահմանամերձ շրջաններում տիրող վիճակը, իսկ Իլյա Յակուբովիչի զեկուցումը Հայաստանի հարեւան երկրի` Կապադովկիայի հնագույն անվանումների մասին էր: Գիտաժողովում առավել լայն էին ներկայացված հնագիտական ուսումնասիրությունները, որոնցից մոտ մեկ տասնյակը հայաստանցի մասնագետների զեկուցումներն էին: Դրանց մեծ մասը նվիրված էր Հայաստանի տարածքում պեղված եւ պեղվող ուրարտական հուշարձաններին: Իմ զեկուցումը կոչվում էր «Հայկական տարրը Ուրարտուի լեզվում եւ անվանումներում»: Այդ մասին գրել են մի շարք գիտնականներ, մեզանում` Գեւորգ Ջահուկյանը, Ռուսաստանում` Իգոր Դյակոնովը, սակայն այդ աշխատություններն Արեւմուտքում քիչ են շրջանառվել, թեպետ տպագրվել են նաեւ անգլերեն: Ես փորձեցի ցույց տալ, որ ուրարտերենում կան հայերենից փոխառություններ եւ ուրարտական արձանագրություններում ավանդված որոշ անվանումներ` գետերի, քաղաքների, մարդկանց անուններ հայերեն են: Կան այնպիսի փոխառություններ, որոնք ուղղակի կասկած չեն հարուցում, օրինակ, եւ շաղկապը, քանի որ ուրարտերեն լեզուն չի պահանջում այդպիսի շաղկապի գործածություն: Անկեղծ ասած, մտածում էի, որ իմ այդ տեսակետը բանավեճի առիթ կտար, բայց պարզվեց, որ միանգամայն ընդունելի էր արեւմտյան մասնագետների համար: Չնայած հարցի հանդեպ արեւմտյան գիտնականների հայտնի սկեպտիկ վերաբերմունքին, զեկուցումն ընդունվեց դրական, իսկ անձնական զրույցներում Սալվինին եւ Վիլհելմն ասացին, որ իրենք ընդունում են այն կարծիքը, որ Ուրարտուի իշխող տարրը, որի լեզվով գրվել են արձանագրությունները, փոքրաքանակ է եղել, իսկ բնակչությունը բաղկացած է եղել այլ ցեղերից, որոնց մեջ նշանակալի դեր են կատարել հայերեն լեզուն կրողները` հնագույն հայերը: Արտակ Մովսիսյանի զեկուցումը նվիրված էր ուրարտական հիերոգլիֆների վերծանությանը, ըստ որիՙ դրանք կարելի է կարդալ հայերեն: Նրա ելույթի դեմ նույնպես հատուկ առարկություն չեղավ: Իսկ Յակուբովիչը խոստացավ մեզ ուղարկել իր հոդվածը` հայերենից ուրարտերենին անցած մեկ այլ փոխառության վերաբերյալ:
- Ենթադրելի է, որ հյուրերը շրջել են Երեւանում, եղել են Էրեբունի թանգարանում եւ Հայաստանի ուրարտական այլ հուշարձաններում: Ի՞նչ տպավորություններ ստացան:
- Նրանք իսկապես չափազանց տպավորված էին մեր երկրից, ժողովրդից, քաղաքից, մեր հյուրընկալությունից: Հաճախ մենք մեր շուրջը չենք տեսնում այն լավն ու գեղեցիկը, որ օտարները միանգամից նկատում են ու գնահատում: Իսկ Իրանից եկած մասնագետները մեծ ցանկություն հայտնեցին մեզ մոտ ուրարտագիտություն ուսանելու:
- Ի՞նչ եք ծրագրում հաջորդ տարվա համար:
- Նախատեսում ենք անցկացնել խեթագիտությանը նվիրված գիտաժողով: Հուսով ենք, նորից Հայաստան կգան նշանավոր դեմքեր, եւ ավելի կսերտանան կապերը հին արեւելյան մշակույթներն ուսումնասիրող արեւմտյան մասնագետների հետ:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ