Այս տարի «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում ներկայացումով Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Ֆորում թատրոնների համաշխարհային փառատոնին» Ավստրիայի Գրաց քաղաքում:
Հայ եւ թուրք 2 երիտասարդ նավաբեկությունից հետո բաց ծովում հայտնվում են նույն մակույկի մեջ: Փոխանակ պայքարելու ամենակարեւոր նպատակի` ապրելու եւ փրկվելու համար, նրանք շարունակ վիճում են, ու բանը հասնում է նրան, որ սղոցով կիսում են մակույկը, եւ վերջում երկուսն էլ խեղդվում են: Սա համառոտ բնութագիրն է «Բաց ծովի փակուղում» ներկայացման, որն օրերս բեմադրվում էր Դերասանի տանը: Սցենարի հեղինակը եւ բեմադրողը «Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպության գեղարվետական ղեկավար Հայկ Սեկոյանն է:
- Թեման հայ-թուրքական հարաբերություններն են, քանի որ բոլորին այսօր դա ամենաշատ հուզող հարցերից մեկն է,- ասում է հեղինակը:
Քանի որ ներկայացումն ինտերակտիվ էր` համագործակցային, դրան մասնակցում էր նաեւ հանդիսատեսը, ով կարող էր փոխարինել դերասաններից մեկին եւ անգամ փոխել ներկայացման սյուժեն` կոնֆլիկտներին տալով իր խաղաղ լուծումները: Այս ձեւով հեղինակը հակված է նպաստել հայ եւ թուրք ազգերի միջեւ հաշտ վերաբերմունքի ձեւավորմանը: Մինչ ներկայացման սկսվելն արվեց «Կոնսենսուս եւ կոնֆրոնտացիա» վարժությունը, որն իրենից ներկայացնում էր մոտավորապես հարց ու պատասխան հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հարցերը տալիս էր թատրոնը վարողը` ջոկերը, պատասխանում` հանդիսատեսը:
«Ինտերակտիվ ֆորում թատրոն» ժանրը նորույթ է մեր իրականության մեջ: Նրա միջոցով բեմահարթակը վերածվում է քննարկումների ամբիոնի: Այս ժանրը մշակվել է 20-րդ դարի 60-ական թթ-ին բրազիլիացի ռեժիսոր եւ քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի կողմից, եւ Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից ճանաչվել է որպես «հասարակական փոփոխությունների գործիք»:
Հայաստանում ժանրի հիմնադիրն ու տարածողը «Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպությունն է, իսկ ամբողջ ծրագիրը ֆինանսավորում է Երեւանում Բրիտանական Դեսպանատունը:
Ի. Պ.