«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2009-12-17 | #232, 2009-12-18 | #233, 2009-12-19


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՏԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չգիտենք` ուշացած, թե ճիշտ ժամանակին է այն, ինչ պետք է կատարվի հիմա հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, բայց որ ինչ-որ բան կատարվում է` ակնհայտ է, ակնհայտ կոշտացում կա հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների վարքագծում: Հո պատահականություն չի կարելի համարել, որ Սերժ Սարգսյանը վերջերս խոսում էր արձանագրությունները Թուրքիայի կողմից ձգձգելու դեպքում մեր հնարավոր քայլերի մասին:

Իսկ մեկ օր առաջ ՀՀԿ փոխնախագահն էր առանց ենթատեքստի, ուղիղ ասում` Թուրքիան մեր գործընկերը չի կարող լինել, մեր հարաբերությունները կարգավորելի կլինեն, եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, եւ որ նախագահ Սարգսյանն էլ էրդողանի նման պիտի ասի, թե Հայաստանի Ազգային ժողովն է որոշելուՙ արձանագրությունները վավերացնի՞, թե՞ ոչ: Այս կոշտացումը արդեն կարելի է պաշտոնական մոտեցում դիտարկել, այլապես իշխող կուսակցության երկրորդ-երրորդ դեմքը չի կարող առաջին դեմքի կամքին հակառակ բաներ ասել, ուրեմն կոշտացման պատճառ իսկապես կա` երեւի զարգացումներն են դա թելադրում, եւ այդ բոլորը` կարելի է ասել, առավել նոր թափ ստացան Էրդողանի ամերիկյան այցի հայտարարություններից: Չնայած ասենք, որ ցյուրիխյան ստորագրման օրից մի քանի ժամ առաջ նախագահ Սարգսյանն, այնուամենայնիվ, գոնե հայ հասարակությանն իր հեռուստաելույթով հասկանալ էր տվել, որ նախապայմանների դեպքում Հայաստանը կուլ չի գնա, եւ հետո էլ տարբեր առիթներով տարբեր տոնայնությամբ հիշեցումներ անում էր: Բայց վերջին շրջանի մի քանի արտահայտություններ դեռ չէին հնչել: Հիմա արդյոք կարելի՞ է հասկանալ, որ Թուրքիայի առաջադրած նախապայմանները նախագահի պատուհանից էլ են երեւում, մանավանդ օրեր առաջ նա էլի նկատել էր` եթե Թուրքիան ձգձգի, Հայաստանը չեղյալ կհամարի ստորագրումը:

Իսկ սահմանադրագետ Հրայր Թովմասյանը խոսում էր ստորագրությունը հետ վերցնելու վերաբերյալ համաձայնագրում հնարավոր փոփոխության մասին: Այս դեպքում` Գ. Սահակյանի ասածը հասարակությանը նախապատրաստել է նշանակում, որ գուցե շուտով, դեպքերի ինչ-ինչ հերթագայության պայմաններում, «համարժեք քայլեր» ու «ողջամիտ ժամկետ» որ ասվում է` նախագահ Սարգսյանը հայտարարելու է, թե... Կամ գուցե ՍԴ-ն է վերապահումներ անելու ... Թե չէ` մարդ կաՙ սպասում է ԱՄՆ-ի դիրքերի կոշտացմանը` հանդեպ Թուրքիան: Իսկ եթե եւ հայկական, եւ թուրքական կողմերի վերջին շրջանի հայտարարությունների պարագան ընդամենը կրքերի սովորական, դիվանագիտական թեժացում է, արձանագրությունների վավերացումից առաջ միմյանց մկանունքի ցուցադրություն, միմյանց վրա ճնշում գործադրելու, միմյանց նյարդերի ամրության աստիճանը ստուգելու միջոց` դա էլ շուտով կերեւա:

Թեեւ մերոնց պահվածքը դեռ բավարար կոշտ չէ, այնուամենայնիվ կարծես չեն ուզում առաջինն իրենք փչացնել գործը, այլ սպասում են, որ դա թուրքերն անեն, բայց Հայաստանի նախագահն, այնուամենայնիվ, պարբերաբար ու վերջին անգամ էլ երկու օր առաջ հասկացնում է միջազգային հանրությանը. թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը երբեք կասկածի տակ չի դրվելու` չերազեք:

Դե, եթե Սերժ Սարգսյանն իսկապես արձանագրությունները չեղյալ հայտարարելու քայլեր աներ, դաշնակցականները գոհ կմնային ու կմնային... բորտին, որովհետեւ հանաք բան չէ` արձանագրությունների պատճառով դուրս են եկել կոալիցիայից, հո հետ չեն դառնալու:

Ըստ որոշ կանխատեսումների` մինչեւ փետրվարի վերջը երկու խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները (եթե ղարաբաղյան խնդրի հետ կապ կա` շրջանակային պայմանագիրը կհետեւի դրան), այնպես որ 2010-ի սկզբին իսկապես սրընթաց գործընթացներ են տեղի ունենալու մեզ համար:

Հիմա նայենք, թե ի՞նչ կլինի երկու սցենարների` վավերացման եւ չվավերացման պարագայում հայոց քաղաքական ուժերի հետ: Դրա համար նախ նկարագրենք առկա վիճակը, որ էլի հայ-թուրքական հետեւանք է: Արմատական ընդդիմությունը որպես այդպիսին փաստորեն մարեց, քանի որ հենց հայ-թուրքականով իրեն դուրս դրեց գործընթացներից: Այժմ ՀԱԿ-ը ժամանակ չունի անգամ հայ-թուրքականով զբաղվելու, քանի նրա թեւերից մանրից պոկվում են միավորները, եւ նա փոքրանում-փոքրանում է. ՀԱԿ-ն իրենով պետք է զբաղվի: ՀՅԴ-ն, ճիշտ է, աշխուժացավ, բայց դա եւս ժամանակավոր երեւույթ կարող է լինել, քանի որ իշխանության կոշտացումը կարող է հմայքից վերջնականապես զրկել նրա պայքարն արձանագորությունների դեմ: Իշխանական մեծամասնությունն էլ միշտ կարող է լինել հարվածի տակ` նայած հայ-թուրքական արձանագրությունների վաերացում-չվավերացումից, ընդհանրապես` հայ-թուրքական գործընթացներից եւ զուգահեռ` ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված մեզ համար աննպաստ զարգացումներից:

Հիմա նայենք ապագա սցենարները.

  Չվավերացման սցենար . եթե չվավերացումը լինի երկրի նախագահի կամքից անկախ, այս դեպքում իշխանությունը ամեն դեպքում հայտնվում է հարվածի տակ, քանի որ ընդունակ չի լինում իր ղեկավարած մեծամասնության օգնությամբ ավարտին հասցնել իր նախաձեռնությունը (եթե, իհարկե, իր նախաձեռնությունն է), այդ դեպքում նա չի վերահսկում իրավիճակը, իր մեծամասնությանն, ու ակամա կուժեղացնի օրվա ընդդիմությանը, որն, այսպես թե այնպես, չի կարող ՀԱԿ-ը լինել, քանի որ այս միավորումը հայ-թուրքական խնդրի հանդեպ պասիվ մոտեցում է որդեգրել: Կուժեղանա այս ալիքի վրա ակտիվացած Դաշնակցությունը, սակայն եթե իշխանափոխության հարց ծագի` բնականաբար ՀԱԿ-ն էլ կակտիվանա, արտահերթ ընտրությունների պահանջ կհնչի ու երկիրն աստված գիտե, թե դեպի ուր կընթանա: Մեկ վերապահում` եթե չվավերացումն ինչ-ինչ պատճառներով (լավ էլ հայտնի պատճառներով` թուրքական նախապայմաններ) նախաձեռնի նախագահ Սարգսյանը, ապա այս դեպքում կուժեղանա նախագահի քաղաքական իշխանությունը, իսկ մյուս ուժերը պարզապես կմղվեն երկրորդ պլան:

  Վավերացման սցենար . այս սցենարն այսպես թե այնպես ուժեղացնում է նախագահին (բայց ոչ թուրքական նախապայմանների առկայությամբ վավերացումը) եւ նրա կազմած քաղաքական իշխանությանը, սակայն սա էլ միանշանակ չէ, որովհետեւ այս գործընթացին հակադրվող ուժերը ակտիվացման կրկնակի չափաբաժինների նոր տրամպլին կստանան, քանի որ անգամ վավերացումից հետո հայ-թուրքական հարաբերություններին սպասում են բազմաթիվ ու տեւական վայրիվերումներ, ապա եւ` նախագահի ընդդիմախոս ուժերը քաղաքական ռեսուրսի ավելացման մշտական առիթներ են ունենալու, որն էլի հայտնի չէ, թե ուր կտանի քաղաքական իշխանություն դառնալու կամ այդպիսին մնալու մեր հավակնորդներին:

Այսպիսով` ե՛ւ իշխանությունը` ի դեմս նախագահի, ե՛ւ ընդդիմությունը` ի դեմս նրա տարբեր թեւերի, հայ-թուրքական ջրերով լողալու եւ փորձություններով անցնելու մի երկար ճանապարհ ունեն, որ, արտահերթը չգիտենք, բայց բոլոր դեպքերում հանգրվանելու է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների կայանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4