Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանը բողոքի նոտա է տվել Միացյալ Նահանգներին: Այս կոշտ հակազդեցությունը Բաքուն պայմանավորել է Լեռնային Ղարաբաղին 8 մլն դոլար ֆինանսական օգնություն տրամադրելու ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած որոշմամբ: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան միջոցով ամերիկյան կողմին հանձնված նոտայում, ինչպես նշում է «Դունյա բուլթենի» գործակալությունը, ընդգծվել է, որ «օկուպացված Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն տրամադրելու Կոնգրեսի որոշումը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու» սկզբունքին:
Նոտայում միաժամանակ նշվել է, որ որոշումը օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքում իրականացնելու դեպքում Բաքուն դա ընկալելու է որպես Հայաստանին աջակցելու դրսեւորում, ինչը բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը:
Ի դեպ, այս որոշման ընդունումից հետո Միլի մեջլիսը հատուկ հանձնաժողով էր ստեղծել, որ դրա առնչությամբ բանակցություններ վարի ԱՄՆ Կոնգրեսի եւ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Հ. Չ.