ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ ձեռնարկվելիք միջոցառումների հարցը, որի մասին նիստում զեկուցել է ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը :
Թեպետ հանրապետությունում համաճարակի տարածման հավանականությունը ցածր է, Անվտանգության խորհրդի նիստում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը , սակայն անհրաժեշտ է անել հնարավորը այն բացառելու ուղղությամբ: Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել ուսումնական պարապմունքները ժամանակավորապես դարարեցնելու մասին:
Երեկ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարը հրաման է ստորագրել, ըստ որի դեկտեմբերի 21-ից, մեկ շաբաթով, Արցախի բոլոր նախադպրոցական հիմնարկներում եւ ուսումնական հաստատություններում կդադարեցվեն պարապմունքները:
Հրամանը վերաբերում է ԼՂՀ տարածքում գործող հանրակրթական, արտադպրոցական, արհեստագործական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Իսկ նախադպրոցական ուսումնական հաստատություններում դադարեցման ժամկետն ընդգրկում է մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ:
Միեւնույն ժամանակ, հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարվել է 2009-2010 ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփել 2010 թվականի հունվարի 11-16-ը, իսկ բաց թողած պարապմունքներն իրականացնել գարնանային արձակուրդի հաշվին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ