«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2009-12-17 | #232, 2009-12-18 | #233, 2009-12-19


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ 5000 ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ ԵՆ ԱՊՐՈՒՄ, ԻՍԿ ՌԴ-ՈՒՄ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ «ԳՈՏԻՆԵՐԸ ՁԳԱԾ»

Ըստ ՀՀ միգրացիոն գործակալության պետի

Ըստ թուրքական աղբյուրներիՙ այսօր Թուրքիայում ապրում են շուրջ 70 հազար հայաստանցիներ, ընդ որում շատերըՙ ապօրինի: Նոյեմբերին ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող Քեյթ Գունդակչյանն էլ տեղեկացրեց, որ Թուրքիայում Հայաստանից մեկնած հայերի թիվը 30-40 հազար է: Տիկին Գունդակչյանը նույնպես ընդգծեց, որ հայաստանցիների մեծամասնությունն այնտեղ որեւէ փաստաթուղթ չունի:

Սակայն դեկտեմբերի 18-ին` Միգրանտների միջազգային օրը, «Դուպլեքս» մամուլի ակումբում Հայաստանի միգացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Եգանյանիՙ 2000-ից մինչեւ այսօր Հայաստանից Թուրքիա են մեկնել 294 հազար քաղաքացիներ, որոնցից 288 հազարը կրկին վերադարձել են. «Ամեն տարի Թուրքիա մեկնողների թիվը տատանվում է մոտ 60 հազարի սահմաններում, սա նաեւ ներառում է հանգստանալու համար մեկնողներին», նշեց Եգանյանը: Բանախոսն ավելացրեց նաեւ, որ 2000-ից մինչեւ այսօր Թուրքիա մեկնած մեր քաղաքացիների թվային մնացորդը փաստորեն կազմում է 6000 մարդ. «Սա նշանակում է, որ թուրքական աղբյուրները կեղծ տեղեկություն են տալիս, քանի որ այս թվերից արդեն պարզ է դառնում, որ հարեւան երկրում կան ոչ թե շուրջ 70 հազար, այլ 6 հազար հայաստանցիներ», շեշտեց Եգանյանը:

Բանախոսը, ամփոփելով 2009-ի աշխատանքներն ու արդյունքները, կարեւորեց դեկտեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարարի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը` թրաֆիկինգի դեմ պայքարում համագործակցելու մասին: «Այս հանգամանքը հատկապես կարեւորվում է նրանով, որ Էմիրությունները թրաֆիկինգի հիմնական ուղղություններից են,- ասաց Եգանյանը` շարունակելով,- եւ այս հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա ՀՀ պետական մարմիններին ուղղակի համագործակցություն հաստատելու ԱՄԷ-ի համապատասխան մարմինների հետ, որն էլ կնպաստի տեղեկատվության օպերատիվ փոխանակմանն ու միջոցառումների համակարգված իրականացմանը»: Եգանյանը տեղեկացրեց նաեւ, որ անցած 1,5 տարվա ընթացքում Հայաստանն առաջընթաց է արձանագրել թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում: Որպես ապացույց Եգանյանը նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարության` թրաֆիկինգի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը երկրների 2-րդ խմբի վերահսկման ոչ բարենպաստ ցուցակից հանվել եւ ընդգրկվել է բուն 2-րդ խմբի ցուցակում (հիշեցնենք, որ նույն զեկույցով Ադրբեջանը հայտնվել է «վտանգավոր ցուցակում»-Հ.Ա.):

Անցնող տարվա ամփոփման մեջ պարոն Եգանյանը նաեւ խոսեց Ժնեւում, դեկտեմբերի 9-10-ը տեղի ունեցած փախստականների հիմնախնդիրներին նվիրված հանդիպումների կարեւորության մասին: «Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, Ժնեւում էր, որտեղ ելույթ ունեցավ պարոն Գեւորգյանը` ներկայացնելով Հայաստանում փախստականների հիմնախնդիրները եւ դրանց լուծման աշխատանքները», նշեց Եգանյանը, հավելելով նաեւ, որ Արմեն Գեւորգյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերիեսի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինի եւ այլոց հետ: «Այդ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել կազմակերպելու հանդիպումներ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ` «1988-1992-ի ընթացքում Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովման» եւ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանց իրենց ծագման բնակավայրեր վերադարձի կազմակերպման» ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման նպատակով», նշեց պարոն Եգանյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանից բռնագաղթածներին բնակարաններով ապահովելու ծրագրին, ապա, ըստ Եգանյանի, միայն մայրաքաղաքում հավակնորդների թիվը կազմում է 1000 ընտանիք, եւ նրանց բնակարաններով ապահովելու համար անհրաժեշտ է 40 մլն ԱՄՆ դոլար: «Իսկ ՀՀ սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանց իրենց ծագման բնակավայրեր վերադարձի ծրագրի իրականացման ընհանուր արժեքը կազմում է 38,5 մլն դոլար», ասաց միգրացիոն գործակալության պետը:

Բանախոսն անդրադարձավ նաեւ հայ աշխատանքային միգրանտների հարցին` տեղեկացնելով, որ 2009-ի տվյալներով Հայաստանից հիմնականում Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնել են 1 մլն 329 հազար մարդ, իսկ վերադարձել են 1 մլն 731 հազարը. «Մեր կանխատեսումներովՙ առկա ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով Ռուսաստանից հայրենիք պետք է վերադառնային ավելի մեծ թվով միգրանտներ, նաեւ երկարաժամկետ միգրանտներ, սակայն այդ սպասումները չիրականացան. Հայաստան վերադարձողների թիվը, անցյալ տարիների համեմատությամբ, կտրուկ չի աճել», նկատեց Եգանյանը: Ըստ նրա, դա պայմանավորված է նրանով, որ կոնկրետ Ռուսաստանում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ «գոտիները ձգելու» սկզբունքով են ապրում, այսինքն համաձայնում են ավելի ցածր վարձատրվող աշխատանքի ու համբերատար սպասում են ճգնաժամի ավարտին: «Եթե ճգնաժամը շարունակական լինի, ապա բացառված չէ, որ հայաստանցի միգրանտների ավելի մեծ հոսք կլինի Հայաստան արդեն եկող տարի», եզրափակեց Գագիկ Եգանյանը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4