«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2009-12-17 | #232, 2009-12-18 | #233, 2009-12-19


ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ ՈՉ ՄԻ ԱՆՀԻՄՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

Ըստ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանի ՙ 2009-ին տեսչությունը քաղաքացիներից ստացել է 289 դիմում-բողոք, որոնցից 82-ը բավարարվել են հօգուտ բողոքողի: «Այդ դիմումներից միայն 78-ն ենք տեղում ուսումնասիրել եւ լուծումներ տվել, իսկ մնացածներն ուսումնասիրել են առանց «դեպքի վայր» մեկնելու», նշեց Մուրադյանը:

Ըստ բանախոսիՙ բողոքները հիմնականում վերաբերում են աշխատանքից կրճատման խնդիրներին, դպրոցներում ոչ բարենպաստ բարոյահոգեբանական վիճակի, աշխատանքի ընդունման, տնօրենների ու մանկավարժական խորհուրդների անդամների նշանակաման խնդիրներին:

Հիշեցնելով, որ տեսչությունը վերահսկում է միայն նախադպրոցական, հանրակրթական ու արհեստագործական կրթահամալիրները, Մուրադյանը նշեց, որ այս տարի իրենք միայն Երեւանի 395 ուսումնական հաստատություններում իրականացրել են ստուգումներ. «Սակայն լուրջ խնդիրներ կան հատկապես մարզերում: Մասնավորապես մանկապարտեզների հետ կապված տեղեկացնեմ, որ շատ մարզերում դրանք չունեն որեւէ կանոնադրություն, լիցենզավորված չեն, այսինքնՙ հաշվառված չեն պետության կողմիցՙ նման խախտումներ հայտնաբերելուց հետո մենք համապատասխան գրություն են ուղարկում տվյալ մարզպետին, իսկ որոշ դեպքերում էլ գործ ենք տալիս իրավապահ մարմիններին, կոնկրետ այսօր 6 նման գործ ունենք»: Հանրակրթության ոլորտում նկատվող ամենամեծ խախտումները, որոնք նաեւ քրեորեն հետապնդելի են, Մուրադյանի խոսքերով, հետեւյալն են. «Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ աշակերտը, դպրոցում ընդհանրապես չսովորելով ստանում է վկայական կամ ատեստատ: Լինում են նաեւ շատ դեպքեր, երբ չսովորող աշակերտներ են գրանցվում դպրոցներում», ասաց Մուրադյանը: Կոտայքի մարզում նման դեպք հայտնաբերելուց հետո տեսչությունը կազմել է արձանագրություն եւ ուղարկել իրավապահ մարմիններին. «Սակայն տվյալ դպրոցի տնօրենը համաներման տակ ընկավ», շեշտեց բանախոսը (բայց տեսչությունը հո իր գործը արել է- Հ.Ա.):

Ոչ մի կերպ չցանկանալով ավելի մանրամասն խոսել բացահայտումների կոնկրետ դեպքերի կամ մեղավորների մասին` Մուրադյանը շեշտեց, որ ինքը «սենսացիաների մասնագետ» չէ, բայց մի՞թե բացահայտված մեղավորի անուն տալը, այն էլ կրթության նման հանրային ոլորտում, սենսացիա է: Միգուցե մեղավորներ չկա՞ն կամ միգուցե բացահայտումնե՞ր չկան: Երկու դեպքն էլ, պարոն Մուրադյանի խոսքերով, ճիշտ չէ: «Չի եղել մի դիմում-բողոք, որ մենք գնանք ու պարզենք, որ բողոքի հիմքեր չկան», խոստովանեց Մուրադյանը` կրկին առանց անուններ տալու:

Վերջում բանախոսն այնումենայնիվ փաստեց, որ ամենաշատ խախտումները արձանագրվել են Շիրակի մարզում: Մուրադյանը նկատեց նաեւ, որ բազմաթիվ հանրակրթական դպրոցներ չունեն նյութատեխնիկական անհրաժեշտ մակարդակի բազա, սպորտդահլիճներ, լաբորատորիաներ, համակարգչային դասարաններ (նույնիսկ մեկ համակարգիչ չունեցող դպրոցներ էլ կան) եւ այլն:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4