Ջեմս Կեմերոնի նորՙ «Ավատար» ֆիլմը դեկտեմբերի 17-ից ցուցադրվում է Մ.Նահանգներում, Ռուսաստանում եւ այլ երկրներում: Կինոյի պատմության մեջ «Ավատարը» կմնա որպես թանկ ֆիլմերից մեկը, որի բյուջեն կազմում է ավելի քան 200 մլն դոլար: Ֆիլմի գաղափարը Կեմերոնը հղացել է 15 տարի առաջ, սակայն այն ժամանակվա տեխնիկական հնարավորություններն անկատար են թողել նրա նախագիծը: Նոր տեխնոլոգիաների բուռն զարգացումը կինոռեժիսորի առջեւ բացեցին իր երազանքը իրականություն դարձնելու դռները եւ «Տիտանիկ» ֆիլմից 12 տարի անց նա ստեղծեց «Ավատարը», որն արդեն ընդգրկված է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» եւ «Օսկար» մրցանակներին հավակնող ֆիլմերի ցանկում:
Իր ֆիլմի ցուցադրության առիթով օրերս Ռուսաստան ժամանած ռեժիսորն ասել է. «Ինձ համար գլխավորը հերոսների ամբողջական կերպարները ստեղծելն էր, յուրաքանչյուրի զգացմունքներն ու բնավորության գծերը համոզիչ ներկայացնելը: Մոտ մեկ տարի անցկացրեցի ռուս գիտնականների հետ եւ այնպիսի զգացողություն ունեցա, որ ռուսները կարող են հաղթահարել բառացիորեն ամեն ինչ, լուծել ամեն տեսակի խնդիրներ»:
«Ավատարում» Կեմերոնը ստեղծել է իր մոլորակը, որը հետազոտելու համար Երկիր մոլորակից հրավիրել է դերասանուհի Սիգուռնի Ուիվերին:
Ռ. Պ.