Դեկտեմբերի 18-ին լրացավ «Ազգ» օրաթերթի լրագրող Մարիետա Մակարյանի 60-ամյակը: Նրա աշխատանքային գործունեության 40 եւ ծննդյան 60-ամյակների առթիվ ՀՀ մշակույթի նախարարությունը միջոցառում էր կազմակերպել Թեքեյան մշակութային կենտրոնում: Միջոցառումը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը: Լրագրողին շնորհավորելու էին եկել դերասաններ, երաժիշտներ, ինչպես նաեւ Ջիվանու անվան դպրոցի սաները, ովքեր շնորհավորեցին հոբելյարին իրենց երաժշտական կատարումներով: Հավասու, Ջիվանու, Սայաթ-Նովայի երգերը նվիրվեցին Մարիետա Մակարյանին: Շնորհավորանքի խոսքերով հանդես եկան ժողովրդական արտիստներ Հրաչյա Աշուղյանը, Թովմաս Պողոսյանը, թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ այլք: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով Մարիետա Մակարյանը պարգեւատրվեց նախարարության բարձրագույն պարգեւով` ոսկե մեդալով` իր երկարամյա աշխատանքի եւ տարեդարձի առթիվ: Իսկ վերջում արդեն խոսեց հոբելյարը եւ խոստացավ նույն նվիրումով շարունակել իր աշխատանքը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ