Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀԱՕԿ-ը կազմակերպել էր 2009-ին միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած մարզիկների, նրանց անձնական մարզիչների եւ հավաքականների մարզիչների պարգեւատրման արարողությունը:
2009-ի Հայաստանի լավագույն մարզուհի, ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանձնեց երեւանյան բնակարանի բանալիները: Ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանը, Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը, ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը եւ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը պարգեւատրվեցին «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենաներով: Դրամական պարգեւներ հանձնվեցին աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդական եւ պատանեկան առաջնությունների մրցանակակիրներին եւ նրանց մարզիչներին: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հրամանով սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ շնորհվեցին Նազիկ Ավդալյանին, Ռոման Ամոյանին, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանին, Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանին, Հրաչիկ Ջավախյանին, Գեւորգ Դավթյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին, Արտաշես Մինասյանին, Սմբատ Լպուտյանին, Արամ Մարգարյանին եւ Վաղինակ Գալստյանին:
ՀԱՕԿ-ի նախագահի հրամանով ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն ու բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը պարգեւատրվեցին ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով: Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների հանձնվեցին ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան», «Տիգրան 3-րդ Արշակունի» եւ «Վարազդատ Արշակունի» մեդալներ:
Առանց պարգեւի չմնաց նաեւ հանդիսության կազմակերպիչ Գագիկ Ծառուկյանը: Նրան հատուկ մրցանակ հանձնեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Լեհաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Պյոտր Նորովսկին: Լեհաստանի ԱՕԿ-ի կողմից Ծառուկյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով:
Հանդիսության վերջում ՀԱՕԿ-ի նախագահը դրամական պարգեւներ հանձնեց նաեւ «Հատիսի» բասկետբոլիստուհիներին, իսկ թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազարյանն ու բասկետբոլի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը պարգեւատրվեցին ոսկե մեդալով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ