Ամենաարդյունավետը Մաուրիտա Ռեյդն է
Երեւանի «Հատիսը» հաջողությամբ հաղթահարելով Եվրոպայի գավաթի խաղարկության նախնական փուլը, կշարունակի պայքարը պատվավոր մրցանակի համար: Արդեն հայտնի է 1/16 եզրափակիչում «Հատիսի» մրցակիցը: Մեր բասկետբոլիստուհիները կմրցեն Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքի «Նադեժդայի» հետ: Վերջինս ընտրական «I» խմբում հաղթող էր ճանաչվել: Այդ խմբում հանդես էին գալիս թուրքական «Բոտաշսպորն» ու ռումինական «Բաշետ Իսիմ Արադը»: «Նադեժդան» անցկացրած 4 հանդիպումներից 3-ում հաղթել էր եւ միայն հյուրընկալվելիս պարտվել էր թուրքական ակումբին: Եվրոգավաթի նախորդ խաղարկությունում «Նադեժդան» հասել էր մինչեւ 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվել էր մրցաշարի ապագա հաղթող, իտալական «Բերետե Ֆամիլային»:
«Հատիսի» եւ «Նադեժդայի» առաջին հանդիպումը կկայանա հունվարի 7-ին, Երեւանում: Պատասխան խաղը տեղի կունենա հունվարի 14-ին, Օրենբուրգում: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե «Հատիսը» 2-րդ խաղում հյուրընկալեր մրցակցին: Մեր խմբում հանդես եկած հունական «Աթինաիկոսի» մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի խորվաթական «Մեդվեշչակը»: Առաջին հանդիպումը կկայանա Զագրեբում: Իսկ «Բեշիքթաշն» առաջին խաղում Ստամբուլում կհյուրընկալի Կուրսկի «Դինամոյին»: Եթե «Հատիսին» հաջողվի հաղթահարել նաեւ 1/16 եզրափակիչի արգելքը, ապա 1/8 եզրափակիչում մեր բասկետբոլիստուհիները կմրցեն «Ման Ֆիլտր» (Իսպանիա)-ԼՄԿ ՍԲՍ (Ռումինիա) զույգի հաղթողի հետ: Այդ հանդիպումները կկայանան հունվարի 28-ին եւ փետրվարի 4-ին:
Ինչ խոսք, «Հատիսի» հաջողությունը ոգեւորել է բոլորին: Վաղուց խաղային մարզաձեւերում Հայաստանը նման հաջողության չէր հասել: Անշուշտ, ընթերցողներին կհետաքրքրի «Հատիս»-«Բեշիքթաշ» հանդիպման վերաբերյալ թիմերի մարզիչների կարծիքը:
Գիա Ղազանչյան («Հատիս») - Այս հաղթանակը Հայաստանի, հայ ժողովրդի հաղթանակն է, ուստի շնորհավորում եմ բոլորիս: Ամբողջ հանդիպման ժամանակ առջեւում էինք ընթանում, միայն խաղասկզբում էինք զիջում մրցակցին: Առաջատար խաղացողները կմնան թիմում, գուցե 1-2 խաղացող հեռանա «Հատիսից», սակայն կորիզը կպահպանվի: Ցանկանում եմ առանձնահատուկ նշել մեր մարզասերների բուռն աջակցությունը: Փաստորեն, նրանց աջակցությամբ խաղն անցկացրինք 6-ը 5-ի դեմ:
Ազիզ Աքայա («Բեշիքթաշ») - Նախորդ տարի ելույթ էինք ունենում Եվրոլիգայում, որի հանդիպումների ժամանակ ոչ միշտ էին տրիբունաները լեփ-լեցուն: Իսկ այսօր մենք ականատես դարձանք լեփ-լեցուն մարզադահլիճի, խաղն էլ շատ լավ մթնոլորտում անցավ: Ֆանատների աջակցությունը բավական օգնեց «Հատիսին»: Առաջին անգամ էինք Հայաստանում: Կարող եմ ասել, որ ամեն ինչ գոհացնող էր, ինչի համար շնորհակալ եմ: Հաղթանակի առթիվ շնորհավորում եմ «Հատիսին», հայ երկրպագուներին: «Հատիսը» լավ թիմ է եւ հետագայում կարող է լավ արդյունքների հասնել: «Բեշիքթաշի» նման փորձառու թիմի համար անսպասելի էր նորեկից 2 պարտություն կրելը: Դա մեծ անակնկալ էր ինձ համար: Ողջունելի է, որ Եվրոգավաթի նորեկ թիմը միանգամից լավ արդյունքի է հասնում եւ մտնում հաջորդ փուլ: Գոհ չեմ մրցավարությունից, բայց դժվարանում եմ կոնկրետ գնահատական տալ: Ընդհանուր առմամբ նորմալ էր, քանի որ տանտերերի օգտին միշտ էլ մի փոքր ավելի շատ են սուլում:
Կարծում ենք, տեղին է ընթերցողներին մեկ անգամ եւս հիշեցնել «Հատիսի» անցած ուղին Եվրոգավաթի խաղարկության նախնական փուլում: Մրցաշարը «Հատիսը» սկսեց նոյեմբերի 12-ինՙ Աթենքում 54-105 հաշվով զիջելով «Աթինաիկոսին»: Մեկ շաբաթ անց մեր բասկետբոլիստուհիները սեփական հարկի տակ 103-99 հաշվով հաղթեցին ռուսական «Չեւակատային»: Այնուհետեւ «Հատիսը» Ստամբուլում պարտության մատնեց «Բեշիքթաշին» (87-64), որից հետո 2 անընդմեջ պարտություն կրեցՙ Երեւանում զիջելով «Աթինաիկոսին» (79-87), հյուրընկալվելիսՙ «Չեւակատային» (82-91): Դե, իսկ վերջին խաղում «Հատիսը» «Բեշիքթաշին» հաղթեց 78-74 հաշվով:
Ընդհանուր առմամբ Եվրոպայի գավաթի խաղարկության 6 հանդիպումներին «Հատիսի» կազմում մասնակցել են 11 բասկետբոլիստուհիներ: Նրանցից Մաուրիտա Ռեյդը, Բոյանա Վուլիչը, Գանա Զարիցկան, Աննա Պոկոյովան, Իվա Սերդարը եւ Ջուլիան Վիանին մասնակցել են թիմի բոլոր 6 հանդիպումներին: Հայ բասկետբոլիստուհիներից Աննա Բաղդոյանը մասնակցել է 3 խաղիՙ խաղահրապարակում ընդհանուր առմամբ անցկացնելով ընդամենը 4 րոպե, իսկ Հասմիկ Միքայելյանը մեկ խաղում խաղահրապարակում է գտնվել ընդամենը 1 րոպե:
«Հատիսի» բասկետբոլիստուհիներից խաղահրապարակում բոլորից շատ է գտնվել Մաուրիտա Ռեյդըՙ 215 րոպե: 2-րդ ցուցանիշն ունի Աննա Պոկոյովան (209 րոպե), իսկ թիմի ավագ Բոյանա Վուլիչը ասպարեզում է եղել 197 րոպե:
Հանդիպումներին մասնակցած 11 բասկետբոլիստուհիներից 8-ն են թիմին միավորներ պարգեւել: Բոլորից արդյունավետ է գործել Ռեյդըՙ թիմին բերելով 116 միավոր: 2-րդ տեղում Վուլիչն է (102): Մյուս մարզուհիների ցուցանիշներն այսպիսին են. Զարիցկաՙ 85, Պոկոյովաՙ 60, Սերդարՙ 43, Վիանիՙ 38, Դաբովիչՙ 37, Փութկարաձեՙ 2:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ