Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 18-ին ընդունեց «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով մի բանաձեւ: Հենց սկզբից տեղեկացնենք, որ այս բանաձեւին կողմ են քվեարկել ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը:
Բանաձեւով ՄԱԿ-ը եւս մեկ անգամ հաստատում է ազգերի ինքնորոշման իրավունքն ու կոչ է անում պայքարել այս իրավունքի ոտնահարման դեպքերի դեմ: Փաստաթուղթն ընդունած բոլոր երկրները, փաստորեն, ընդունում են, որ ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի կարեւոր սկզբունքներից է:
ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձեւի նախաբանում նշված է.
ա. վերահաստատել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ արդյունավետ երաշխիքի կարեւորությունը,
բ. ողջունել արտաքին կամ օտար օկուպացիայի ներքո գտնվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման դրական փորձն ու նրանց անցումը անկախության եւ ինքնիշխան ժողովրդավարության
գ. խոր մտահոգություն հայտնել արտաքին ռազմական միջամտության կամ դրա սպառնալիքի առկայության կապակցությամբ, ինչի արդյունքում կարող է ոտնահարվել ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքը,
դ. լուրջ մտահոգություններ հայտնել այն առնչությամբ, որ դեռեւս շարունակվող նմանատիպ գործուղությունների իրականացմամբ միլիոնավոր մարդիկ դառնում են փախստականներ եւ տեղահանվածներ:
Ինչպես արդեն վերը նշել ենք, Ադրբեջանը ստորագրել է այս փաստաթուղթը, որով փաստորեն միջազգային հանրությունը ճանաչում է Ղարաբաղի ժողովրդի (հայ ժողովրդի) ինքնորոշման պայքարի իրավունքն ու անհրաժեշտությունը: Ինչպես նաեւ «թույլ չի տալիս» Ադրբեջանին, որ վերջինս ռազմական ուժ կիրառի կամ սպառնա ինքնորոշված Արցախի ժողովրդի նկատմամբ:
Ի դեպ, ե՛ւ ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթի, ե՛ւ Աթենքում վերջերս Հայաստանի ու Ադրբեջանի ընդունած հայտարարության բնօրինակը անգլերեն է, որտեղ նշված է self-determination (ինքնորոշում), այլ ոչ թե self-governance (ինքնակառավարում): Մինչդեռ Աթենքում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարության ստորագրումից հետո իր ելույթում նշել է, որ Բաքուն կարեւորում է ինքնակառավարման իրավունքը, այնինչ ստորագրել է ինքնորոշման իրավունքի կարեւորությունը ընդունող փաստաթուղթը: Պարզ է, որ պարոն Մամեդյարովի այս հայտարարությունն ու բուն ստորագրած փաստաթուղթը երկու ուղղություն ունեն. իր հայտարարությամբ ադրբեջանցի դիվանագետը խոսում է ադրբեջանցի հասարակության հետ, իսկ արդեն ստորագրությամբ` միջազգային հանրության:
Հավելենք նաեւ, որ Ադրբեջանը ստորագրել է ՄԱԿ-ի փաստաթուղթն այն պատճառով, որ այն օրակարգ է մտել Պակիստանի ջանքերով: Պակիստանցիները դրանով ցանկացել են ուշադրություն հրավիրել Քաշմիրի ու Պաղեստինի խնդիրներին: Տուրք տալով իսլամական համերաշխությանն ու նաեւ հաշվի առնելով, որ Պաղեստինն այն եզակի երկրներից է, որը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Ադրբեջանի «խաթեր», Ադրբեջանը իրեն «գցել է կրակը»` մի անգամ եւս ամենաբարձր մակարդակով ընդունելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի «կրակի մեջ» լինելը փաստում է նաեւ այն հանգամանքը, որ մինչեւ այսօր ոչ մի ադրբեջանական լրատվամիջոց չի բարձրաձայնել այս մասին: Բացի այդ, Ադրբեջանի իշխանության համակարգի ոչ մի ներկայացուցիչ նույնպես հրապարակային չի խոսել ստորագրած փաստաթղթի մասին: Փոխարենը Բաքուն շարունակում է միշտ պատրաստ լինել ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելուն, էլ չենք խոսում այս մասին բազմաթիվ հայտարարություններից: Մինչդեռ ընդամենը օրեր առաջ նույն այդ Բաքուն ստորագրում է մի փաստաթուղթ, որով, իր «այդքան սիրած» միջազգային հանրության հետ ճանաչում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու նրա արդարությունը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ