«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


«ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԳԼԽԱՑԱՎԱՆՔԻ ՆՈՐ ՊԱՏՃԱՌ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ»

Դեկտեմբերի 19-ին այդ մասին նշել է «Ինտերնետհաբեր» կայքէջը: Խնդրո առարկան Ասորիների ցեղասպանության հուշարձանն է, որը, Ֆեյրֆիլդի թաղապետարանի դեկտեմբերի 15-ի որոշմամբ, կանգնեցվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում:

Ահա թե ինչ է գրում թուրքական կայքէջը. «Մինչ հայերը շարունակում էին «ցեղասպանության» պնդումները, ընթացքից ասպարեզ են իջնում ասորիները: Սրանք դատարկ խոսքեր չեն: Նույնիսկ հուշարձան կանգնեցրին: Արտգործնախարարությունը, հանդես գալով հայտարարությամբ, Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Թուրքիայի համար մեղադրանքներ պարունակող ասորական հուշարձանի կանգնեցումը համարեց անփառունակ որոշում: Արտգործնախարարության խոսնակն ասաց, որ ցավով են ընդունում «Ասորիների ցեղասպանության» հուշարձան կառուցելու որոշումը, ապա եւ ավելացրեց. «Պատմական ճշմարտությունը խեղաթյուրող անհիմն պնդումների վրա այսպիսի հուշարձանի կանգնեցումը նախ անհարիր է Թուրքիայի հետ Ավստրալիայի հարաբերությունների բարեկամական ոգուն: Այս անիմաստ որոշման համար դատապարտում ենք տեղական ինքնակառավարման այն մարմնին, որի գլխավոր պարտականությունն առանց խտրականության թաղի բնակիչներին ծառայելն է»:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ արձան կանգնեցնելու որոշումը ոչ միայն վնասում է Ավստրալիայի հասարակությանը, այլեւ վշտացնում ավստրալացի թուրքերին: Նա հույս է հայտնել, որ թաղապետարանը հաշվի կառնի այս ամենը եւ կվերանայի ընդունած որոշումը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4