Վատթարացել են նոյեմբեր ամսվա ցուցանիշները
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներիՙ 2009-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 16 տոկոս: Անկման կրճատումն ավելի շատ պայմանավորված է նախորդ տարվա հոկտեմբերից սկսված տնտեսական անկման մեծ ցուցանիշով: Այս տարվա մայիսից սկսած մեր տնտեսության յուրաքանչյուր ամիս արձանագրվող աճըՙ դրան նախորդած կտրուկ անկումից հետո, հոկտեմբերին խախտվեց, ինչը դժբախտաբար շարունակվեց նաեւ նոյեմբերին: Նախորդ ամսին հոկտեմբերի նկատմամբ գրանցվել է 6,6 տոկոս անկում: Դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ տնտեսական անկումը տարվա վերջին ամիսներին ավելի մեծ չափով չի կրճատվում:
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) հունվար-հոկտեմբերին կազմել է 2 տրիլիոն 786 մլրդ դրամ: Ըստ տնտեսության ճյուղերի, 2009-ի հունվար-նոյեմբերին պատկերը հետեւյալն է: Շինարարության ծավալները 11 ամիսների արդյունքներով կազմել են նախորդ տարվա 11 ամիսների 61,6 տոկոսը: Նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ այստեղ արձանագրվել է փոքրիկՙ 1,3 տոկոս աճ: Արդյունաբերության անկումը կազմել է 9,9 տոկոս, իսկ միայն նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբՙ 1 տոկոս: Առանց էլեկտրաէներգիայի արտադրության արդյունաբերության անկումը կազմել է 8,8 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-նոյեմբերին նվազել է 8,5 տոկոսով, իսկ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 22 տոկոս աճ: Դա պայմանավորված է առավելապես սեզոնային գործոնով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 0,2 տոկոսով, իսկ նոյեմբերին հոկտեմբերին նկատմամբՙ 44,9 տոկոսով: Մանրածախ առեւտրում այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 0,5 տոկոս աճ, իսկ հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբՙ 0,4 տոկոս նվազում: Ծառայությունների ոլորտում այս տարվա 11 ամիսներին արձանագրվել է 2,5 տոկոս անկում, իսկ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբՙ 3,7 տոկոս անկում:
Արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 570 մլն դոլար եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 28,5 տոկոսով: Միայն նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 15,5 տոկոսով, հիմնականում ներմուծման ավելացման հաշվին:
Արտահանումը կազմել է 624 մլն դոլարՙ նվազելով 37,4 տոկոսով, ներմուծումը 2 մլրդ 946 մլն դոլարՙ նվազելով 26,3 տոկոսով: Նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արտահանման ծավալներն ավելացել են 2,3 տոկոսով, ներմուծմանըՙ 18,5 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 2 մլրդ 322 մլն դոլար:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 11,6 տոկոսով: Միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 11,3 տոկոսովՙ կազմելով մոտ 99 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է մոտ 82 հազար դրամ, մասնավորումՙ 123 հազար դրամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ