«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ ԿԱՄՓՈՓԻ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Երեկ «Դե ֆակտո» մամուլի ակումբում քաղաքական տարին պետք է ամփոփեր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, դեռ «Դե ֆակտո» ամսագիրն էլ նրան ճանաչել էր տարվա մարդ ու պիտի պարգեւը հանձներ, սակայն Գ. Ծառուկյանը չէր եկել ասուլիսի, նրա փոխարեն եկած մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ու ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտնեցին, թե Ծառուկյանը աշխատանքային այցով շտապ մեկնել է Մոսկվա` մարզական գործերով, եւ իրենք էլ պատասխանեցին լրագրողների հարցերին: Ամբողջությամբ չներկայացնելով ասուլիսը` մի քանի հետաքրքրական պատասխաններ ներկայացնենք:

Ինտերնետում ավանակին հոշոտող տեսահոլովակի (վերագրվում էր, որ առյուծները Ծառուկյանինն են) հեղինակին, Խ. Գալստյանի ասելով, դեռ փնտրում են եւ դեռ չկա այն մարդը, որին մեղադրանք ներկայացնեն:

Ծառուկյանը ներե՞ց Ռուբեն Հայրապետյանին (վերջինս օրեր առաջ ներողություն էր խնդրել իր որակումների համար). «Ռուբեն Հայրապետյանի պատասխանը մեզ բավարարում է», ասել են բանախոսները:

Զրպարտանքի եւ վիրավորանքի համար շատ մեծ տուգանքներ սահմանող այն օրինագծի մասին, որը, Գալուստ Սահակյանի տեղեկացմամբ, դրված է շրջանառության մեջ, ըստ Ն. Զոհրաբյանի, ԲՀԿ-ն կարծիք կասի, երբ այն քննարկման փուլում լինի. «Մի նիշ կա, որից այն կողմ լրագրողը պիտի չանցնի», ասաց, մինչդեռ այժմ լրատվամիջոցների մեծ մասն անցնում է այդ նիշը եւ վիրավորանքներ հրապարակում. ըստ նախկին լրագրողի` խոսքի ազատությունը չպետք է շփոթել «բեսպրեդելի» հետ: Սակայն, ըստ նրա, նաեւ պետք է այնպես անել, որ նոր օրինագիծն այն տեսքով ընդունվի, որ մամուլի դեմ չդառնա մահակ` իշխանավորների ձեռքին:

Քաղաքական տարին եւ հայ-թուրքական գործընթացը կարեւորելուց հետո Ծառուկյանի մամուլի խոսնակը խոսեց նաեւ մարզական հաղթանակների մասին, հատկապես ծանրամարտի աշխարհի առաջնության հաջողությունն առանձնացրեցՙ նկատելով նաեւ, որ Գ. Ծառուկյանը, որպես ՀԱՕԿ-ի նախագահ, արքայավայել պարգեւատրել է հայ ծանրորդներին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4