«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


«ԱՐՄԵՆՊՐԵՍԸ» ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Երեկ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի ճեմասրահում տեղի ունեցավ «Արմենպրեսը. 90 տարի Հայաստանի հետ» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ՀՀ ամենահին տեղեկատվական գործակալության 90-ամյա հարուստ տարեգրությունը փաստող լուսանկարներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր եւ ելույթ ունեցավ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդարանի խոսնակը, բարձր գնահատելով «Արմենպրեսի» առաքելությունը հայկական տեղեկատվական դաշտում, մասնավորապես շեշտեց գործակալության նշանակալից դերակատարությունը արցախյան գոյապայքարի անցած ժամանակահատվածում: Սկսած 1988-ի փետրվարից, երբ նախկին ԽՍՀՄ կենտրոնական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ղարաբաղյան շարժման մասին ապակողմնորոշող տեղեկատվություններ էին հրամցնում միջազգային հանրությանը, «Արմենպրեսը» անաչառ տեղեկություններ էր հաղորդում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այս առումով արցախցիներն իրավամբ երախտագիտության զգացում ունեն գործակալության նկատմամբ: Այսօր էլ «Արմենպրեսը» շարունակում է մնալ իր անկախ պետականությունը կերտող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճշգրիտ տարեգիրը` պարբերաբար անդրադառնալով ղարաբաղյան թեմատիկային:

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանն իր ելույթում անդրադարձավ այն դժվարին ժամանակներին, երբ տեղեկատվական սովի պայմաններում «Արմենպրեսը» կարողանում էր Ղարաբաղի ձայնը լսելի դարձնել աշխարհին:

Գործակալության տնօրեն Հրայր Զորյանը շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպմանը լայն աջակցություն ցուցաբերած` ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ «Գրանդ Հոլդինգ» ընկերության ղեկավարությանը, խոստացավ շարունակել մնալ իբրեւ անաչառ ամբիոն եւ այսուհետեւ եւս տեղեկատվական հոսքերում առանձնահատուկ տեղ տալ ԼՂՀ պետականաշինության կայուն գործընթացի մասին պատմող նյութերին:

Նկատենք, որ «Արմենպրեսը» Հայաստանում գործող այն քիչ թվով լրատվամիջոցներից է, որն Արցախում սեփական թղթակցային կետ ունի:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4