«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


«ՅՈՅՍ» ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

2007-ից Թեհրանում լույս է տեսնում «Յոյս» («Հույս») երկշաբաթաթերթը:

«Կարդում եմ «Յոյսը» եւ երբեմն գրված որոշ բաներում համաձայն չեմ, պարզ է, որ չեմ ակնկալում` ամեն մարդ գրի այնպիսի բաներ, որոնց ես համաձայն լինեմ: Իհարկե, կան զանազան ճաշակներ, բայց մամուլը, եթե հավատացած է կրոնական եւ ազգային արժեքներին, դրանք պիտի փոխանցի իր ընթերցողներին, առանց անպայմանորեն նկատի ունենալու զանազան մարդկանց ճաշակները», «Յոյսի» հերթական` 64-րդ, համարին տված հարցազրույցում ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:

Սրբազան հայրը նշել է, որ ինքը, ծանոթ լինելով հրատարակչական եւ մամուլի աշխատանքին, հասկանում է համայնքում թերթ հրատարակելու դժվարությունները եւ գնահատում է «Յոյսի» աշխատանքը` գրավիչ եւ արդի թերթ հրատարակելու ուղղությամբ:

«Յոյսը» հասարակական-մշակութային երկշաբաթաթերթ է, որը տարածվում է Իրանում եւ Հայաստանում, արտոնատերն է «Իրան-Հայաստան բարեկամության» ընկերության նախագահ Լեւոն Ահարոնյանը, իսկ գլխավոր խմբագիրն է Ռոբերտ Սաֆարյանը:

Տ. Սեպուհ արք. Սարգսյանը եւ խմբագիրը խոսել են համայնքի կրոնական ու հասարակական խնդիրներից, իսկ խմբագրի հարցին, թե սրբազան հայրն ինչպե՞ս է վերաբերվում համայնքում գոյություն ունեցող տարբեր գաղափարական, քաղաքական հոսանքներին եւ խմբակցություններին, սրբազան հայրը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ այս զանազանությունը մեր գաղութի հարստությունն է, որքան գաղափարական զանազանությունն ավելի է, դա նշանակում է նաեւ, որ գաղութի մեջ գաղափարական եռուզեռ կա»:

Սակայն «Յոյսը» ոչ գաղափարախոսական, ոչ կուսակցական թերթ է, որը գրում է ինչպես իրանահայ համայնքի, այնպես էլ հայաստանյան հասարակական ու մշակութային անցուդարձի մասին: Խոսելով Թեհրանի «Թունյան» դպրոցի շենքային խնդիրների մասին` նույն համարում (64-րդ) թերթը զուգահեռ պատմում է Հայաստանում իրանահայ բանաստեղծ, արձակագիր, ճարտարապետ Ռուբեն Հովհաննիսյանի կիսանդրու բացման մասին, որը տեղադրված է Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի կրթահամալիրի շենքում:

Այս համարում թերթն ունի խմբագրի անկյուն, որտեղ խմբագիրն առաջ է քաշում իրանահայ մամուլի խնդիրները, սակայն «Յոյսը» չի գրում միայն համայնքային խնդիրների մասին: Կան, օրինակ, դիմանկար-ակնարկներ` ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավագյանի եւ իրանցի նկարչուհի Շիրին Մելլաթգոհարիի մասին, այստեղ տպված են երկուսի աշխատանքներից էլ: Շիրինը լուսանկարում է, հետո այդ լուսանկարների վրա ջրաներկով եւ գուաշով նկարում: Գեղանկարի միջոցով լրացնում է լուսանկարը` իր հերոսների հոգեվիճակը կատարելապես ներկայացնելու համար: Իսկ Ալեքսանդրա Ավագյանի լուսանկարներում հիմնականում մուսուլման կանայք են: Ալեքսանդրա Ավագյանը ծնվել է Նյու Յորքում, ճամփորդել աշխարհով մեկ, նա ասել է. «Ես իրապես հավատում եմ, որ պետք է կտրել մշակութային սահմանները, նաեւ այն ժամանակ, երբ քաղաքականությունը բաժանում է մեր երկրները»:

Գրականության բաժնում «Յոյսն» այս անգամ անդրադառնում է ճապոնական գրականությանը` սկսած 1970-ականներից: Հատկապես գրում է հետպատերազմյան ճապոնական գրականության կարեւոր դեմքերից Հարուկի Մուրակամիի մասին, ում գործերը թարգմանվել են 50 լեզուներով: «Կաֆկան ափում», «Նորվեգյան անտառներ», «Մթությունից հետո» գրքերը պատկանում են նրա գրչին:

Անգամ ամենաանտարբեր մարդն այս թերթում իրեն հետաքրքրող մի բան կգտնի: «Յոյսն» ունի գիտական, մարզական, ժամանցային էջեր, չի մոռացել նաեւ փոքրիկ ընթերցողներին` նրանց նվիրելով առանձին մանկական բաժին: «Յոյսի» ինտերնետային կայքի հասցեն է www. hooys.com:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4