Արդեն նաեւ պետական մակարդակով
Ռուսաստանի պատմության մեծագույն արքաներից մեկը` Պյոտր 1-ինը ժամանակին մի հրաման էր ստորագրել, ըստ որի նա մեծ տեղ էր հատկացնում հայերին Ռուսաստանի կայսրությունում. «Որքան հնարավոր է սիրաշահել հայերին` խթանելով նրանց մուտքն ու գործունեությունը Ռուսաստանում»: Այս հրամանի մասին Ռուսաստանում այսօր գիտեն բոլորը, իսկ մի քանի տարի առաջ ՌԴ այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինը նույնիսկ բարձրաձայնեց այն: Մի քանի օր առաջ էլ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկին , ելույթ ունենալով հայկական միջավայրում, նույնպես կարեւորեց հայերի ներկայությունը ռուսական թե՛ իշխանական, թե՛ մշակութային եւ առհասարակ յուրաքանչյուր ոլորտում: Սակայն ի՞նչ է կատարվում իրականում: Հայաստանի քաղաքացին, միգուցե արդարացիորեն, միգուցեՙ ոչ, Ռուսաստանում, կոնկրետ Մոսկվայում ոչ մի կերպ չի տարբերվում կովկասյան այլ ժողովուրդների ներկայացուցիչներից, իսկ երբեմն էլՙ միջինասիական ազգերից: Մոսկվայում «պոնոեղավշի» միգրանտը նույնն է, լինի հայ, թե, օրինակ, տաջիկ: Մոսկովյան ոստիկանության համար ամենեւին նշանակություն չունիՙ իր առջեւ իր երկրի ռազմավարական դաշնակից Հայաստանի քաղաքացին է, թե միշտ Ռուսաստանից «խռով» չեչենը: Ուստի ամենեւին պատահական չէ, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը վերջերս իր դժգոհությունը հայտեց երկրի միգրացիոն օրենսդրության, չզարմանաք` լիբերալությունից: Իսկ «հիշեցնենք», Մոսկվան այն քաղաքն է, որտեղ ոստիկանը երբեմն մարդ է գնդակահարում խանութում, եւ որտեղ բավական ակտիվ գործող ազգայնամոլական, ֆաշիստական կազմակերպությունները բոլորովին էլ թաքուն չեն գործում ու հրապարակավ հարձակվելով քաղաքի փոքր-ինչ թուխ մաշկ ունեցող հյուրերի վրա` մահվան աստիճանի ծեծում են նրանց: Եվ ահա այս քաղաքի քաղաքապետը, դժգոհելով ՌԴ միգրացիոն օրենսդրության լիբերալությունից, Մոսկվայում ավելացած բոլոր հանցագործությունների համար մեղադրում է, իհարկե, ճգնաժամի հետեւանքով գուրծազուրկ դարձած միգրանտներին: Ըստ Լուժկովիՙ օրենքի այն մասը, որի համաձայն ԱՊՀ երկրների միգրանտը կարող է սկզբնական շրջանում Մոսկվայում անարգել ապրել 90 օր, պետք է փոխվի եւ դառնա ընդամենը մեկ ամիս: Քաղաքապետը ասել է նաեւ, որ քաղաքում հսկայական չափերի են հասնում միգրանտների կողմից իրականացվող հանցագործությունները: ՌԴ ներքին գործերի նախարարության այս տարվա տվյալներով, միգրանտների իրականացրած հանցագործությունների թիվը Ռուսաստանում իրոք աճել է, սակայն հսկայական չափերի չի հասնում ու չի էլ հավակնում հասնելու: Ըստ այդ տվյալներիՙ վերջին 11 ամիսների ընթացքում միգրանտները ամբողջ Ռուսաստանում իրականացրել են 46656 հացագործություն, որը մեծ է անցյալ տարվա ցուցանիշից 2 տոկոսով: Սակայն Ռուսաստանի համար թիվ մեկ չարիք համարվող մանկապղծության ու մանկասպանության մեջ ոչ մի կովկասցի չի մեղադրվել. հիմնականում բոլորը սլավոնական արմատներ ունեն, իսկ նրանց ի՞նչ է առաջարկում անել պարոն Լուժկովը:
«Ազգ» -ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ 2010-ի հունվարի մեկից Մոսկվայում չի մնա ոչ մի երթուղային տաքսու միգրանտ վարորդ: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վասիլի Կիչենջին (ի դեպ, այս պաշտոնյայի ազգանունից էլ երեւում է, որ ռուս չէ), շարունակելով իր պետի քաղաքականությունը, քաղաքի տրանսպորտի բոլոր թերությունների մեջ մեղադրում է «քաղաքին անծանոթ» միգրանտ-վարորդներին: Սակայն, համաձայնեք, առնվազն ծիծաղելի է վարորդին մեղադրելը, ասենք, մեքենայի անսարքության մեջ, չէ որ այդ մեքենան իրեն ընդամենը հանձնել են: Ինչ վերաբերում է Կիչենջիի այն մտքին, թե միգրանտ վարորդները բոլորը հայհոյում են ու ծխում, ապա նաեւ անձնական փորձից ասեմ, որ ռուս վարորդները շատ ավելի «արխային» են հայհոյում ու ծխում. նրանք իրենց երկրում են:
Այնուամենայնիվ, 2010-ի համար Մոսկվայում գաստարբայտերների քվոտան 250 հազարից կրճատվել է` հասնելով 200 հազարի, իսկ Մոսկվայի մերձակայքի համար անցյալ տարվա 116 հազարը դարձել է 85600: Իսկ Ռուսաստանի կառավարությունը, թվում է, գտել է հարցի լուծում. շուտով Պետդումա կմտնի նոր միգրացիոն օրինագիծը, ըստ որի նաեւ ֆիզիկական անձինք կարող են վարձել միգրանտների, պայմանով, որ նրանք պետք է գրանցեն միգրանտին, ապահովեն գիշերելու տեղով, աշխատավարձով ու բժշկական ապահովագրությամբ: Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը, սակայն, գրում է, որ այս օրինագծին Մոսկվայի քաղաքային իշխանությունները դեմ են. «Քաղաքային պաշտոնյաները կարող են վտանգել իրենց հսկայական եկամուտները, որոնք ստանում են երկիր ժամանած միգրանտներին գրանցման եւ աշխատանքի իրավունք տալուց: Սակայն քաղաքապետարանի նման քաղաքականությունը կարող է բերել միգրանտների դժգոհությունը, որն իր հերթին կարող է անկառավարելի դառնալ», գրում է ռուսական թերթը:
Իսկ Ռուսաստանի միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին նշում է, որ առայժմ երկրի միգրացիոն համակարգում ու տարվող քաղաքականությունում դեռեւս կան «բազմաթիվ իքսեր ու իգրեկներ». «Մի բան միայն պարզ է. առկա ճգնաժամը հստակեցումներ մտցրեց Ռուսաստանի միգրացիոն ուղղվածության մեջ: Մենք սկսեցինք հասկանալ, որ բազմաթիվ աշխատատեղեր, որոնք զբաղեցնում են կամ զբաղեցնում էին միգրանտները, կարող են զբաղեցնել մեր քաղաքացիները», նկատել է Ռոմոդանովսկին` մոռանալով նշել, սակայն, որ մոսկվացին երբեք, որքան էլ ճգնաժամը խորանա, սառնամանիքի պայմաններում չի համաձայնի շուկայում միրգ-բանջարեղեն վաճառել, կամ փողոցներն ավլել, շինարարությունը դեռՙ միգուցե:
Վերջում ուզում ենք շեշտել, որ Ռուսաստանը թերեւս աշխարհի միակ երկիրն է, որտեղ ոստիկանը կարող է կանգնեցնել քաղաքացուն` պարզապես նրա թխության կամ աչքերի կառուցվածքի պատճառով:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ