«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2009-12-19 | #234, 2009-12-22 | #235, 2009-12-23


«ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԼԱՎ ԵՎ ԱԶԴՈՒ ՄԵՍԻՋ Է ԴԵՊԻ ԱՆԿԱՐԱ»

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Արմենական-ՌԱԿ կուսակցության կեցվածքը չի փոխվել: Կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սահմանի վերաբացմանը, քանզի հայկական կողմը չի փակել սահմանը: Սակայն կան նաեւ լուրջ մտավախություններ գործընթացի հետագա զարգացման, արձանագրությունների որոշ կետերի շուրջը: Արմենական-ՌԱԿ կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը նկատում է, որ գտնվում ենք վավերացման փուլում, որի ճակատագիրը հայտնի չէ: «Այս հարցում հասարակության մտահոգությունն անտեղի չէ: Նկատի ունենալով պաշտոնական Անկարայի որդեգրած ձգձգումների քաղաքականությունըՙ Հայաստանը պետք է կոշտացնի իր հայտարարությունները»:

Հայկական կողմի ճնշումների ուժեղացման նպատակով կուսակցությունն առաջարկում է միանալ ՄԱԿ-ի ընդունած միջազգային կոնվենցիային, որը վերաբերում է ծովային ելք չունեցող երկրներին:

«Առաջարկում ենք, որ Հայաստանը համապատասխան դիմումներով վավերացնի ու ընդունի միջազգային կոնվենցիան, եւ իրավունքներն այդ կերպ պաշտպանի: Ի դեպ, Թուրքիան վաղուց այդ կազմակերպության անդամ է: Թուրքիայի հետ հարաբերությունների սկսման գլխավոր հարցը շրջափակումը ճեղքելն է: Եթե դա է մեր նպատակը եւ, եթե նպատակներ կան առեւտրատնտեսական հարաբերություններ հաստատելու ոչ միայն Թուրքիայում, այլեւ Եվրոպայում, ապա մեր առաջարկը լավ գործիք է, որ պետք է բանեցնել»: (Հայտարարությանը կարելի է ծանոթանալ 1-ին էջում):

Կուսակցության փոխատենապետ, վերլուծաբան Արմեն Մանվելյանն էլ վստահ է, որ տարածաշրջանում արձանագրությունների ստորագրումից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը բարենպաստ է Հայաստանի համար: «Դրանից կարելի է օգուտներ քաղել, եթե Հայաստանը արտաքին կյանքում ակտիվ քաղաքականություն վարի, անդամագրվի այն կոնվենցիաներին, որոնց օգնությամբ միջազգային առումով ձեռք կբերի որոշակի լծակներ: 1965-ին ընդունված «Դեպի ծով ելք չունեցող երկրների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում հստակորեն նշվում է, որ կոնվենցիային մաս կազմող պետություններին դեպի ծով ելք ապահովող երկրները պարտավոր են լավ պայմաններում հնարավորություն տալ»:

Մանվելյանը ներկայացնում է բազմաթիվ փոքր երկրների օրինակներ, որոնք, ծովային ելք չունենալով, օգտվում ենք կոնվենցիայի պայմաններից եւ վարում ակտիվ քաղաքականություն: «Կոնվենցիայի ընդունումը լավ եւ ազդու մեսիջ է դեպի Անկարա», ասում է Հակոբ Ավետիքյանը` հավելելով, որ Հայաստանը արտաքին հարաբերությունների վերաբերյալ պետք է անընդհատ ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերի:

Նա նկատում է, որ այս հարցը պետք է վաղուց լուծված լիներ, իսկ թե ինչո՞ւ այդպես չէՙ Ավետիքյանը պատասխանում է. «Հայաստանը չի դիմել: Ոմանք ասում են` միջազգային կոնվենցիաները նրա համար են, որ չկիրառվեն: Մի քիչ ցինիկ մոտեցում է: Մեր դիվանագիտական ուղեղը պետք է անընդհատ աշխատի, եւ մեր դեսպանները, դիվանագետները անընդհատ պետք է նորանոր գործիքներ գտնեն»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը` միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, Ավետիքյանն ասացՙ «Դա անհրաժեշտ էր, գուցե մի քիչ ուշացած` նկատի ունենալով թուրքական կողմի ամենօրյա հայտարարությունները: Ենթադրում եմ, որ այն կանխարգելիչ միջոց կլինի, արձանագրությունների վավերացումից հետո հետագայում կանխելու Թուրքիայիՙ սահմանները նորից փակելու ուղղությամբ հնարավոր ոտնձգությունները»:

Կուսակցության վարչության անդամ, պատմաբան Սուրեն Սարգսյանն էլ նկատում է, որ բողոքի ակցիաներ, հանրահավաքներ եւ այլ միջոցառումներ կազմակերպելուց պետք է ձեռնպահ մնալ: «Թուրքիան հետապնդում է քարոզչական նպատակ, նա իր խնդիրներն ունի: Այդ պարագայում կտրուկ միջոցառումների անհրաժեշտություն չկա, որովհետեւ դրանով ավելի շատ կխանգարենք ընդհանուր գործին եւ անուղղակի ձեւով օգտակար կդառնանք մեզ չսիրողներին»:

Պատասխանելով ՍԴՀԿ-ում տեղի ունեցող ներքին պառակտումների վերաբերյալ հարցին, Ավետիքյանը հույս հայտնեց, որ կուսակցությունը կգտնի իր միասնականությունը եւ կլծվի այն առաքելությանը, որի համար ստեղծվել է. «Պարզապես պետք է ցավ արտահայտել, որ դառնում ենք ներքին խժդժությունների ականատես: Ներքին պառակատումները իշխանությունների թե այլ ուժերի կողմից, ուղղակի կտանեն քայքայման: Կարծում եմ, հնչակյանները կգտնեն ուժ` հաղթահարելու այդ խնդիրները»: Ավետիքյանը չբացառեց, որ ՍԴՀԿ-ի պառակտման գործում դեր ունեն նաեւ իշխանությունները, որպեսզի կուսակցությունը դուրս գա ՀԱԿ-ից: «Իշխանությունը հնչակյաններին դուրս է բերելու ՀԱԿ-ից, իսկ, մյուս կողմից, ՀԱԿ-ը ընտանիք վերադարձնելու պայքարն է ծավալելու: Եթե ավելի խորքային մոտենանք, կտեսնենք նաեւ անձամիջյան հարաբերություններ»: Այս առումով Ավետիքյանը նկատում է, որ կուսակցությունների աշխատաոճը պետք է դառնա թափանցիկ: «Հանկարծ ինչ-որ ներկուսակցական բան է պայթում, հետո պարզվում է, որ մեկը անօրինական է մտել կուսակցություն, մյուսն ինչ-որ խախտում է կատարել, իսկ եթե թափանցիկ աշխատեն, ապա այս խնդիրներից կձերբազատվեն: Այդ առումով Արմենական-ՌԱԿ-ը որդեգրել է եվրոպական կուսակցությունների մոդելը` որպես ինքնակառավարման սկզբունք, եւ դրանով է պայմանավորված ՌԱԿ համաշխարհային խորհրդի ստեղծումը: Այսօր նոր սերունդը չի սիրում, որ իրեն ղեկավարում են. նրանք ասում ենՙ դուք մեզ ներկայացրեք նախագծեր, եւ մենք դրանց շուրջը կաշխատենք: Կուսակցական նախկին բուրգն արդեն չի ընդունվում: Այդ գործելակերպը վաղուց ժամանցվել է, հետեւաբար պետք է փոխվի: Մենք փորձում ենք այդպես աշխատել»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նկար 1. Ձախից աջՙ Արմեն Մանվելյան, Սուրեն Սարգսյան եւ Հակոբ Ավետիքայն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4