«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2009-12-19 | #234, 2009-12-22 | #235, 2009-12-23


ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ԽՈՒՍԱՓԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ...»

Նախագահ Սերժ Սարգսյանը Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով իր նստավայրում ընդունելության էր հրավիրել հարյուրից ավելի գործարարների: Շնորհավորելով նրանց մոտեցող տոների առիթովՙ նախագահն ասել է. «Անցնող տարին մեր տնտեսության համար բարդ եւ խնդիրներով լի ժամանակահատված էր: Ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է եղել ոչ միայն պայքարել անբարենպաստ տնտեսական միջավայրի բերած խնդիրների դեմ, այլեւ լուծումներ փնտրելիս անընդհատ հաշվի առնել մարդկային գործոնը` գիտակցելով աշխատակիցների եւ նրանց ընտանիքների հանդեպ սոցիալական պատասխանատվությունը: Գիտեմ, որ որոշումները, որոնք դուք կայացրել եք, միշտ չէ, որ բխել են գործարարության, բիզնեսի դասական կանոններից: Հաճախ է եղել, որ որոշումները կայացվել են ոչ թե հօգուտ բիզնեսի արագ զարգացման, այլ հօգուտ մարդկանց, ձեր աշխատակիցների` հնարավորինս առաջնորդվելով աշխատատեղեր չկրճատելու տրամաբանությամբ: Այս բոլորը ես շատ լավ պատկերացնում եմ: Արդյունքում, համատեղ ուժերով կառավարության հետ համագործակցելով, մենք կարողացանք խուսափել ամենավատթարագույնից` սոցիալական ցնցումներից, սոցիալապես առավել անապահով խավի վրա բացասական մեծ ազդեցությունից»:

Ըստ նախագահիՙ տնտեսական ցուցանիշների անկում, այո, արձանագրվել է, սակայն նոր լուծումների եւ նոր ուղիների որոնումը բերել է նրան, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի բերած աննախադեպ անկումը դանդաղ, բայց հաստատապես նահանջում է, վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները եւ տնտեսության կայունացման միտումները մեզ հիմք են տալիս ավելի վստահ կանխատեսելու 2010 թվականի երկրի տնտեսության զարգացման հեռանկարները. «Հայ գործարարը միշտ էլ առանձնացել է ճկունությամբ եւ հնարամիտ լուծումներ գտնելու կարողություններով: Տնտեսական ճգնաժամը հայ գործարարի հնարամտության ստուգումն է», ասել է նախագահն` ավելացնելով, որ ընդհանուր վտանգի պահին մենք շատ հաճախ կարողացել ենք միասնական եւ փոխլրացնող լինել, ինչը կառավարության հետ կշարունակվի նաեւ 2010 թվականին. «Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի: Այն պետք է լինի իսկապես արագ վերականգնման տարի: Ես կարծում եմ, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ նախագահի աշխատակազմը կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի 2010 թվականը դառնա, իրոք, վերականգնման տարի», ասել է նախագահ Սարգսյանը` մաղթելով, որ 2010 լինի տնտեսության վերականգնման, պաշտպանունակության ամրապնդման, սոցիալական եւ ներքաղաքական խնդիրների բարեհաջող լուծման տարի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4