Ըստ Արթուր Բաղդասարյանի
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում 2009-ի խորհրդի աշխատանքները դրական գնահատեց: «Որպեսզի ավելի տեսանելի լինեն խորհրդի աշխատանքները, նշեմ, որ 2009-ի ընթացքում մենք գումարել ենք 8 նիստ, սա այն դեպքում, երբ անցած 10-15 տարիների ընթացքում Անվտանգության խորհուրդը 1-2 նիստ է գումարել, սակայն, իհարկե, դեռ բազմաթիվ անելիքներ ունենք, բայց դա հասկանալի է. մենք նոր-նոր ենք սկսում կազմավորվել», նկատեց Բաղդասարյանը: Իսկ նիստերում Ազգային անվտանգության խորհուրդը անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգությանը, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող մի շարք այլ հարցերի: «Ներքին անվտանգության խնդիրներից մասնավորապես բանակաշինության բնագավառում հարկ է առանձնացնել հանրապետությունում պաշտպանության ռազմավարական բարեփոխումների իրականացումը, նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց եւ պահեստազորայինների զինվորական հաշվառման, զորակոչի նախապատրաստման եւ անցկացման գործընթացների բարելավման եւ այլ հարցերը», նշեց Բաղդասարյանը: Նա հավելեց նաեւ, որ Անվտանգության խորհրդի որոշման արդյունքում հանրապետության նախագահը ստորագրել է կարգադրություն զորակոչի գործընթացի բարելավման համար եւ այս գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմիններին տվել է համապատասխան հանձնարարականներ: «Քննարկվել եւ հավանության են արժանացել, իսկ հետո էլ նախագահի իրավական ակտերով ընդունվել են մի շարք հայեցակարգեր, մասնավորապես ՀՀ տեղեկատվական անվտանգության, մթնոլորտի վրա ակտիվ ներգործության հայեցակարգերը, 2009-2012-ին Հայաստանում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը, ինչպես նաեւ երկրում կրոնական անվտանգությանն առնչվող հարցերը, Իրան-Հայաստան երկաթգծի եւ հյուսիս-հարավ (Երեւան-Բաթում) ավտոմայրուղու կառուցման խնդիրները», տեղեկացրեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Բաղդասարյանի խոսքերովՙ խորհուրդը հատուկ քննարկման է արժանացրել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի նախագիծը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը` Բաղդասարյանն ասաց. «Մենք քննարկումներ ենք անցկացրել Հայաստան-Իրան, Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ, եւ Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին ենք անդրադարձել, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադարձել ենք հատուկ հրավիրված երկու նիստերում»: Նա տեղեկացրեց նաեւ, որ խորհրդի հատուկ ուշադրությանն են արժանացել Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությանը վերաբերող հարցերն ու համատեղ իրականացվող գործընթացները:
Վերջում Արթուր Բաղդասարյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության խորհրդի կազմում վերջապես ձեւավորվել է խորհրդի աշխատակազմ. «Ինչպես նաեւ ստեղծվել են 5 միջգերատեսչական հանձնաժողովներ եւ շուրջ 4 տասնյակ աշխատանքային խմբեր, այս ամենն էլ ավելի արդյունավետ կդարձնի Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքները», եզրափակեց Բաղդասարյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ