«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2009-12-19 | #234, 2009-12-22 | #235, 2009-12-23


ԿՈՆՖԵՏՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԱՆԳԱՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԽԱՐԿՈՎԻ «ԲԻՍԿՎԻԹ-ՇՈԿՈԼԱԴԻՆ»

Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած կոնֆետների ապրանքային նշանների առնչությամբ Ուկրաինայի Խարկովի «Բիսկվիթ-շոկոլադ» ընկերության կողմից հայկական «Գրանդ Քենդիին» ուղղված մեղադրանքների պատմությունը կարծես թե նոր զարգացումներ է ստանում, որոնք մեկ անգամ եւս վկայում են այդ մեղադրանքների անհիմն լինելը:

Հիշեցնենք, որ ուկրաինական ընկերությունը «Գրանդ Քենդիին» մեղադրում էր անբարեխիղճ մրցակցության մեջ, ըստ որիՙ հայկական ընկերությունն իբր ապօրինի օգտագործում էր իրեն պատկանող 34 ապրանքաշաններ: Սակայն պարզվում է, որ այդ ապրանքնանշանների գերակշիռ մեծամասնությունն անգամ Ուկրաինայում չի պատկանում վերոնշյալ ընկերությանը: Ըստ «Գրանդ Քենդիի» մեզ հաղորդած տեղեկությանՙ Ուկրաինայի արտոնագրային գործակալությունում կոնֆետների վերոնշյալ 34 ապրանքանշաններից միայն 7-ն է պատկանում Խարկովի «Բիսկվիթ-շոկոլադ» ընկերությանը: Մնացած ապրանքանիշերը գրանցված են ֆիզիկական անձանց անուններով, որոնք որեւէ կապ այդ ընկերության հետ չունեն: Գուցե նաեւ դա՞ է իրական պատճառը, որ այդ ընկերությունը խնդրել է մեկ ամսով հետաձգել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հղած իր դիմումի քննարկումը, իբր թե լրացուցիչ տեղեկություն տրամադրելու պատճառաբանությամբ:

Ի դեպ, եւս մեկ հետաքրքրական փաստ: Երբ «Գրանդ Քենդին» նամակով իր փաստարկներն է բերել Խարկովի «Բիսկվիթ-շոկոլադ» ընկերությանը ստեղծված խնդրի վերաբերյալ, վերջինից գրավոր պատասխան է ստացվել, որ ընկերությունը հիշյալ կոնֆետները վաճառում է միայն Ուկրաինայում, Հայաստան չի արտահանում եւ առհասարակ որեւէ առնչություն չունի դրանց հետ: Ուկրաինացիները նաեւ նշել էին, որ դա ոչ թե իրենց, այլ հայկական ներմուծող ընկերության հետ կապված հարց է: Հիշեցնում ենք, որ այս պատասխանը տալով հանդերձ, այդ նույն ընկերությունը դիմել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Թերեւս մեկնաբանություններն ավելորդ են: Ուկրաինացիներն իրենք էլ են խճճվել իրենց իսկ հորինած պատմությունից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4