Հայ երիտասարդ արվեստաբանների գիտական չորրորդ նստաշրջանը նվիրված էր Կոմիտասի 140-ամյակին. այն տեղի ունեցավ երեկ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճումՙ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանի բացման եւ գիտության պետկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի , ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանի ողջույնի խոսքերով: Զեկուցումներով հանդես եկան Տաթեւիկ Շախկուլյանը, Արեգ Հասրաթյանը, Մարգարիտա Քամալյանը, Արթուր Ավանեսովը եւ ուրիշներ: Երկու նիստերի աշխատանքային մեկօրյա ընթացքում տարբեր թեմաներով արվեստաբանների զեկուցումներից արդի նոր սերնդի հայ արվեստաբանության մասին ընդհանուր կարծիք, իհարկե, կարելի է կազմել: Առաջին նիստի 8 զեկուցողներից չորսը կերպարվեստին էր վերաբերում (Մանե Մկրտչյան («Սալոմե. Կերպավորումը հայ կերպարվեստում»), Մերի Կիրակոսյան («Փանոս Թերլեմեզյանի Աղթամարյան արտանկարների մասին»), Արթուր Հովհաննիսյան («Խորեն Տեր-Հարությանի քարե քանդակները»), Շուշան Զոհրաբյան («Սիմվոլիզմի միտումները Սուրենյանցի արվեստում»), 2-րդ նիստի զեկուցումները ավելի տարաբնույթ էինՙ երաժշտարվեստ, կինո, թատրոն, միջնադարյան պատկերագրություն:
Նստաշրջանի ընթացքում, որ նվիրված էր հայ մեծ երգահանի ծննդյան 140-ամյակին, Կոմիտասին նվիրված ընդամենը 2 զեկուցում ընթերցվեցՙ Տաթեւիկ Շախկուլյան («Կոմիտասի ստեղծագործական վաղ շրջանի նվագախմբային երկը. «Walde Nacht» («Անտառային գիշեր»), Գայանե Ամիրաղյան («Կոմիտասի անդրադարձը Էմի Աբգարի «Պատարագին»):
Մ. Բ.