Այս տարի Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) իր «Ոսկե գրիչ» մրցանակները շնորհեց Պոլսում հրատարակվող «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Ռոպեր Հատտեճյանին եւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին : Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին Հայաստանի Ժուռնալիստների միությունում: «Ոսկե գրիչ» մրցանակը տրվում է երեք տարին մեկ անգամ` 1969-ից, հիմնականում հրապարակախոսական գործունեության համար:
«Սկզբում, երբ հաստատվեց այս մրցանակը, մենք չէինք էլ կարող ենթադրել, որ հետո պետք է «մոմի լույսով» հրապարակախոսական հոդվածներ որոնենք, որպեսզի ներկայացնենք ժյուրիի դատին, բայց հույս ունեմ, որ սա ժամանակավոր երեւույթ է, այս ժանրը չի կարող բացակայել մեր լրագրությունից», ասաց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը : «Ոսկե գրիչն» արդեն ունի 32 դափնեկիր: Ժյուրիի նախագահն էր «Ոսկե գրիչ» նախորդ մրցույթի դափնեկիր Դավիթ Մուրադյանը : «Ժյուրին նկատի է ունեցել երկու հանգամանք` բուն հրապարակախոսական լրագրությունը, որը պակասում է մեր մամուլի էջերում, եւ այս տարի առաջին անգամ մեր տեսադաշտում ունեցել ենք ոչ միայն հայաստանյան մամուլը, այլեւ ընդհանրապես հայկական մամուլ հասկացությունը», ասաց ժյուրիի նախագահը: «Ոսկե գրիչը» ավելի շատ համարվում է ակադեմիական մրցանակ:
«Ցավոք, մեր օրերում խմբագիրների մեծ մասը, ինչպես ես, դարձել ենք ոչ թե ստեղծագործող, այլ կարգավորող կամ, նորագույն բառով ասածՙ մենեջեր, եւ դրա պատճառները շատ են, որոնց չեմ ուզում անդրադառնալ, բայց ցավով եմ նշում, քանի որ մենեջերությունը ուրիշ մասնագիտություն է: Ինձ այս մրցանակը հավանաբար տրվում է, որպեսզի ավելի հաճախ հոդվածներ ստորագրեմ եւ կարողանամ արդարացնել ժյուրիի որոշումը», ասաց Հակոբ Ավետիքյանը կես-կատակ: Նա մեծ գովեստներով արտահայտվեց մյուս մրցանակակրիՙ վաստակաշատ եւ բազմաբեղուն Ռ. Հատտեճյանի մասին եւ բոլոր ներկաների հետ հեռակա կարգով շնորհավորեց նրան:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ