«Նրանց ընդհանրությունը դեռեւս վախի եւ տագնապի զգացումով գոյատեւելն է»
Այդ մասին «Սաբահի» դեկտեմբերի 16-ի համարում գրել է թերթի հեղինակներից Էմրե Աքոզը : Հոդվածը մեկնաբանության կարիք չի զգում: Պարզապես ասենք, որ հեղինակը, անդրադառնալով մահմեդականացված հայերի կյանքին, ակամա լրացնում է ցեղասպանության մասին մեր գիտելիքները, որովհետեւ այդ հայերը նույնպես Մեծ եղեռնի զոհերն են: Թեեւ մահից փրկվել են, բայց այս անգամ էլ հարազատների եւ ազգային միջավայրի հետ կորցրել են ինքնությունը: Ավելին, որքան էլ թուրքացած լինեն, թուրքական իրականության մեջ նրանց ստվերի պես հետապնդում է վախի եւ տագնապի զգացումը:
Հոդվածագիր Աքոզը ցեղասպանություն բառը չի օգտագործում, որքան էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը սպառի թուրքական ժխտողականության դիրքերը: Սակայն նա, գրելով, թե թուրքացած հայերից շատ քչերն են կարողանում առերեսվել ճշմարտության հետ, ակամա մեզ տալիս է հետեւյալ հարցադրումն անելու հնարավորություն. «Եթե թուրքական իրականության մեջ նույնիսկ թուրքացած հայը չի կարողանում առերեսվել հայկական անցյալի հետ, ապա Թուրքիան ինչպե՞ս է առերեսվելու, երբ խնդրո առարկան նրա սեփական պատմությունն է»:
Համենայն դեպս, հոդվածը հետաքրքրական է, նաեւ շահեկան, ուստի թարգմանաբար ձեզ ենք ներկայացնում.
«Ֆեթհիե Չեթինի 2004-ին հրատարակած «Մեծ մայրս» գիրքը երեւան հանեց Թուրքիայի այն իրողությունը, որը մեզանից ոմանց քաջ հայտնի էր, ոմանք էլ բացարձակապես անտեղյակ էին իրողությունից: Խոսքը քրիստոնյա հայի ծագումով մահմեդական թուրքերի մասին է: Չեթինի մեծ մայր Սեհերը հայկական ծագում ուներ եւ իսկական անունը եղել է Հրանուշ: Հեղինակը ճշմարտությունն իմացել է այն ժամանակ, երբ նրա մեծ մայրը բոլորել է 70 տարին:
1915-ի կոտորածների ժամանակ 10 տարեկան դարձած Սեհերի ընտանիքի բոլոր տղամարդկանց կոտորել էին: Հրանուշը մոր հետ տեղահանվել էր, գուցե դեպի մահ էր ուղեւորվում, սակայն ժանդարմերիայի տասնապետ Հուսեյինը նրան վերցնում է, նա դառնում է Հուսեյին-Էսմա ամուսինների սպասուհին, Սեհեր անունն է ստանում, դաստիարակվում է իբրեւ մահմեդական, ապա ամուսնանում է, երեխաներ եւ թոռներ է ունենում:
Նրանք, ովքեր 1915-ի կոտորածներից փրկվել եւ ողջ են մնացել Անատոլիայում, ներկայացնում են Թուրքիայի որքան հետաքրքրական, նույնքան էլ ողբերգական իրականությունը, որովհետեւ կոտորածներում տղամարդիկ էին առաջնահերթ թիրախը: Մահմեդական որոշ ընտանիքներ (թուրք, քուրդ եւ այլն) իրենց մոտ վերցրեցին փոքրահասակ եւ երիտասարդ հայ աղջիկներին, հատկապեսՙ գեղեցիկներին: Նրանք ծառայեցին որպես սպասավորուհիներ: Նրանցից ոմանց դարձրին աղախին, ոմանց էլ ամուսնացրին իրենց որդիների հետ (քանի որ գլխագին վճարելու պարտականությունից ազատվում էին): Որոշ տղա երեխաներին էլ, տեղահանությունից փրկելով, դարձնում էին մահմեդական ընտանիքների ծառա: Մահմեդականացված այս տղաները ժամանակի ընթացքում որպես թուրք իրենց տեղը զբաղեցրին հասարակական կյանքում:
2007-ի հունվարին «Էրգենեքոն» կազմակերպության ձեռքով սպանված Հրանտ Դինքի ենթադրությամբ, այս կարգի թոռների թիվը երկրում շուրջ 500 հազար էր:
Շատ բարի, ի՞նչ վիճակում էին այսպիսի թոռները, ինչպե՞ս էին ապրում եւ ինչի՞ մասին մտածում: Հենց Ֆեթհիե Չեթինի եւ «Սաբանջի» համալսարանի դասախոս Այշե Գյուլ Ալթընայի «Թոռներ» գիրքը իրենց իսկ խոսքերով պատմում է նրանց պատմությունը: Նախ հասկանում ենք հետեւյալը. Եթե հայկական ծագում ունեցողները նույնիսկ մոռանան իրենց ինքնությունը կամ կարեւորություն չտան դրան, միեւնույնն է, պետությունն ինքն է կարեւորում եւ չի մոռանում: Հավանաբար կհիշեք Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն քրդացած եւ ալավի դարձած հայերից էր խոսել: Նա ասել էր, որ իրենք ունեն այնպիսի փաստաթղթեր, որոնք տուն առ տուն, ընտանիք առ ընտանիք բացահայտում են մահմեդականացված հայերին, բայց ինքը չի հրապարակի այդ փաստաթղթերը: Որոշ «թոռների» կյանքի պատմությունը հստակ պատկերացում է տալիս, որ պետությունը քաջածանոթ է նրանց ինքնությանը եւ դա ժամանակ առ ժամանակ օգտագործել է, որովհետեւ այդ կարգի մարդիկ պետության համար անվստահելի տարրեր են: Հակասական իրավիճակում հայտնված այս մարդիկ շատ ուշագրավ լուծումներ են գտնում: Օրինակ, երկակի անուն կրող երեխաներ... փողոցում թուրք մահմեդական ներկայացող, իսկ տանը հայ քրիստոնյայի վերածվող ընտանիքներ... կամ աթեիստի քողի տակ կիրակի օրերին թաքուն եկեղեցի հաճախողներ... իրենց տան պատերին հովիվ Քրիստոսին պատկերող գորգեր կախողներ... Եթե հարցնելու լինենք, թե որո՞նք են «թոռների» ընդհանրությունը, կասեմ, թերեւս վախի եւ տագնապի զգացումն է: Նրանցից շատ քչերն են, որ կարողանում են առերեսվել ճշմարտության հետ»:
Հ. Չ.