«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2009-12-19 | #234, 2009-12-22 | #235, 2009-12-23


ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ 4-ՐԴ ՏԵՂՈՎ

Վարշավայում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին ռեկորդային թվովՙ 696 շախմատիստներ: Շվեյցարական մրցակարգով, 13 տուրով անցկացված մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Վլադիմիր Մալախովը: Նա 13 հնարավորից վաստակեց 11,5 միավոր: Չեմպիոնին կես միավոր զիջեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը:

Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը Դանիել Ֆրիդմանի, Ալեքսեյ Դրեեւի եւ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ վաստակել էր 10,5 միավոր: Բրոնզե մեդալի համար պայքարում նրանց միջեւ լրացուցիչ մրցախաղ անցկացվեց: Հաջողությունն ուղեկցեց լեհ շախմատիստ Ռադոսլավ Վոյտաշեկին, որն արժանացավ բրոնզե պարգեւի: Սերգեյ Մովսիսյանը գրավեց 4-րդ տեղը:

Հայ շախմատիստը հաջող մեկնարկեց մրցաշարումՙ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ: Նա պարտության մատնեց Յան Բուձինսկուն, Պավել Վեյհոլդին, Մաչեյ Բրզեսկուն եւ Միրոսլավ Գրաբարչուկին: 5-րդ տուրում Մովսիսյանն առաջին կես միավորը կորցրեցՙ հաշտություն կնքելով Միհայ Օլշեւսկու հետ: 6-րդ տուրում Սերգեյը մրցաշարում առաջին եւ միակ պարտությունը կրեցՙ զիջելով Ալեքսանդր Միստային: Դա էլ հենց ճակատագրական եղավ հայ գրոսմայստերի համարՙ զրկելով նրան մրցանակակիր դառնալու հնարավորությունից: Այնուհետեւ հետեւեցին 5 անընդմեջ հաղթանակները Դարիուշ Միկրուտի, Յացեկ Թոմչակի, Վոյցեխ Մորանդայի, Օրեստ Գրիտսակի եւ Մաթեուշ Բարտելի նկատմամբ:

Ավարտական տուրից առաջ Մովսիսյանը վաստակել էր 10 միավոր եւ ընդամենը կես միավոր էր զիջում առաջատար Մալախովին: 13-րդ տուրում նա հաշտություն կնքեց Դանիել Ֆրիդմանի հետ, մինչդեռ հաղթելու դեպքում կդառնար մրցանակակիր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4