ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Գյումրի-Երեւան
Աղետի գոտու վերականգնման ծրագիրը, որը պետք է ավարտվի 2012-ին` իր բնակարանաշինության մասով, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի խոսքերովՙ չի շեղվի ժամանակացույցից. «Իսկ նոր բնակարանների բաշխումը մենք կանենք վիճակահանությամբ», շեշտեց նախարարը:
Նոր բնակարաններ Գյումրիում կառուցվում են Մուշ թաղամասում, ուր երեկ, շինարարական աշխատանքների ավարտին ծանոթանալու ու բնակարանների շահագործման հանձնելու գործընթացը սկսելու համար, այցելել էր նախագահ Սերժ Սարգսյանը:
Մուշ թաղամասում բնակարանաշինությունն իրականացնում է «Գլենդել հիլզ» ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանի խոսքերովՙ միայն Գյումրիում իրենք պետք է իրականացնեն շուրջ 40 մլրդ-ի ծրագիր, որը ենթադրում է 3030 բնակարաններով 52 շենքի շահագործում. «Կոնկրետ այժմ պատրաստ են 22 շենքերը` 1056 բնակարաններով: Հիմնական բոլոր աշխատանքներն արվել են, մնում են միայն կոսմետիկ գործերը, ու ես կարծում եմ, որ Նոր տարուց հետո բնակարանները կհանձնենք կառավարությանը, եւ մարդիկ կկարողանան արդեն ապրել այստեղ», ասաց Վահե Ալմոյանը: Նա նաեւ շեշտեց, որ բոլոր նորակառույց շենքերի սեյսմակայունության աստիճանը 9 բալ է. «Ես ուզում եմ ընդգծել նաեւ, որ բնակարանների բաշխման հետ մեր ընկերությունը գործ չունի. դա կառավարության խնդիրն է: Իսկ մեր ժամանակային գրաֆիկում մենք լիովին տեղավորվում ենք, ավելինՙ պայմանագրով նախատեսված չէր բնակարաններն ապահովել կոմունալ ծառայություններով, ջեռուցմամբ, սակայն մենք անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում դա էլ կանենք», նշեց Ալմոյանը:
Մինչդեռ նախագահը, ժամանելով նորակառույց թաղամաս ու ծանոթանալով շենքային ու բնակարանային պայմաններին, արդեն Շիրակի մարզպետարանում փակ խորհրդակցություն անցկացնելով, շինարարական աշխատանքներն անբավարար գնահատեց. «Սա անթույլատրելի է, երբ պարզապես փորձելով վերացնել անօթեւաններին բնակարաններով ապահովելու խնդիրը, նման որակի բնակարաններ են փորձում հանձնել շահագործման, իսկ այդ բնակարաններըՙ մարդկանց համար մշտական են լինելու», հայտարարել է Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը եւ շինարարությունն իրականացրած ընկերության ներկայացուցիչները: Նախագահը հատկապես դժգոհել է, որ բնակարաններում ապահովված չեն գոնե նվազագույն պայմանները: Ջեռուցում, սալիկավորում, գազաֆիկացում, գազօջախների տեղադրում բոլոր բնակարաններում, շենքերի արտաքին ու ներքին տեսքի շտկումՙ ահա թե ինչ է պահանջել նախագահը շինարարական ընկերությունից: «Աշխատանքի հանձնման ժամկետները չպետք է ազդեն աշխատանքի որակի վրա: Հանձնարարում եմ կատարել անհրաժեշտ հետեւություններ. արագ շտկել բոլոր թերությունները եւ բոլոր աշխատանքներն ավարտել 2010-ի մայիսի 15-ին, երբ մարդիկ կարող են արդեն մտնել իրենց բնակարանները», շեշտել է նախագահը:
Խորհրդակցությունից հետո քաղաքաշինության նախարար Վարդանյանը տեղեկացրեց, որ շինարարությունն իրականացնող ընկերության հետ ոչ մի խնդիր պետությունը չունի, եւ չի փոխվի. «Ինչ վերաբերում է նախագահի դիտողություններինՙ կապված շենքերի արտաքին ու ներքին տեսքերի հետ, ապա ասեմ, որ սա լուծվելու է ընկերության միջոցներով, իսկ բնակարանների գազով, ջեռուցմամբ ապահովվումը` պետբյուջեի միջոցներով», եզրափակեց Վարդանյանը:
Ի դեպ, քաղաքի մոտակա հիվանդանոցը թաղամասից բավական հեռու է, ուստի նախատեսվում է, Մուշում կառուցել նաեւ հիվանդանոց, դպրոց եւ մանկապարտեզ: Այս մասին տեղեկացրեց «Գլենդել հիլզ» ընկերության գլխավոր տնօրենը: