Չնայած Վրաստանի ու հատկապես այդ երկրի նախագահի պարագայում լավ չէ Ռուսաստանի մասին նշելը, սակայն ռուսները լավ են ասում, երբ ասում են, թե ամեն մեկը խոսում է իր ցավոտ տեղից: Ու այն, որ ռուսաստանյան լրատվամիջոցին տված հարցազրույցում մտքերի մեծ մասն այդպես էլ անավարտ թողած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չէր կարող Լեռնային Ղարաբաղի հարցով այլ բան ասել, քան հաճելի լինելը Ադրբեջանին, բնավ էլ զարմանալի չէ, քանի որ Վրաստանն ինքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարց ունի, որն ուժով լուծելու նրա փորձը դաս կարող է լինել ողջ Կովկասի համար:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի պետական ինքնիշխանության հարգման հիման վրա», «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին :
«Գոյություն ունի խնդիրների լուծման մեկ բաղադրատոմս` ուղիղ բանակցություններ երկրների միջեւ միջազգային իրավունքի հիման վրա, այդ թվում` իրենց բնակության վայրեր մարդկանց վերադառնալու իրավունքի եւ պետական ինքնիշխանության», նշել է, ամենայն հավանականությամբ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդրի լուծումը այդպիսին տեսնելու ցանկություն ունեցող Սաակաշվիլին:
Վրաստանի նախագահի խոսքերով, ԼՂ հարցը բարդ է ու խնդրի գլխավոր բանալին Ռուսաստանն է: «Որպեսզի վիճակը լավանա, երկրները պետք է խոսեն, ժողովուրդները շփվեն, ու այդ առումով բանակցությունները, որ ընթանում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, պետք է կոորդինացվեն Ադրբեջանի հետ», նշել է վրաց նախագահը այնպիսի մոտեցմամբ, կարծես մոռացել է հավելել, թե կոորդինացնեն անելիքը նաեւ Վրաստանի հետ, ասել է, թե հաշվի նստեն վերջինիս հետ:
Ա. Հ.