«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2009-12-22 | #235, 2009-12-23 | #236, 2009-12-24


ՃԱՆԱՉԵՆՔ ԱՐՑԱԽՆ ԻՐ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՈՎ

«Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը բաց նամակ է ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին, բայց դեռ պատասխան չի ստացել: Նամակը բաց է, քանի որ համոզված չէ, որ դրանք տեղ են հասնում: Բաց նամակ է ուղարկել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին «Հանուն արդարության շարժում» հասարակական կազմակերպության կողմից, որի ղեկավարն է նա:

«Նամակում արծարծվում է մի խնդիր, որը վրիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ուշադրությունից, եւ որի մասին մոռացել են մեր դիվանագետներն ու քաղաքագետները: Խոսքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ընկած տարածքի մասին է, որն այժմ գտնվում է ԼՂՀ հսկողության տակ», նշում է Բակուր Կարապետյանը:

17-18-րդ դարերում, երբ Հարավային Կովկասում տիրապետում էր Իրանը, ԼՂ արեւմտյան հատվածից տեղահանում են հայ բնակչությանը, փոխարենը այնտեղ բնակեցնում մահմեդական քրդերի: Խորհրդային տարիներին Բաքվի իշխանությունները փորձել են այս քրդերին ադրբեջանացնել, ապա եւ թուրքացնել:

-Այս ճնշումները բերեցին նրան, որ երբ սկսվեց արցախյան շարժումը, քրդերն էլ արդեն պատրաստ էին հայտարարել ինքնավարություն ԼՂՀ-ի կազմում, եւ 1991-ի սկզբներին դա հասունացել էր, սրան տեղյակ էին ադրբեջանցիները, եւ նրանք սկսեցին այս տարածքներից քուրդ բնակչության բռնագաղթը, իբր թե այդտեղ բնակվելու են հայերը,- ասում է Բակուր Կարապետյանը:

Սակայն հեռացվելով իրենց բնակավայրերից` Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի եւ Ֆիզուլիի շրջաններից, քրդերը մնում են ոչ թե Ադրբեջանական Հանրապետությունում (ԱՀ), այլ գաղթում են Ռուսաստան, Թուրքիա եւ այլ երկրներ:

«Այս բռնագաղթն իրականացրել են ադրբեջանցիները, եւ դա պետք է ասվի, որ բոլորը տեղյակ լինեն, ինչու այս մասին տեղյակ չեն այսօրվա դիվանագետներն ու պետական այրերը, դա զարմանալի է: Ինձ համար շատ կարեւոր է, որ հասարակությունն իմանա այս մասին», ասում է Բակուր Կարապետյանը:

Բաց նամակում Բակուր Կարապետյանը գրել է, որ Բաքվի իշխանությունները ծրագրել են քրդերի փոխարեն ազատագրված տարածքներում բնակեցնել հատուկ ճամբարներում նախապատրաստվող գրոհայինների` իրենց ընտանիքներով, ովքեր պետք է պարտիզանական կռիվներ սկսեն Զանգեզուրի եւ ԼՂՀ-ի դեմ:

Բաքվում թուրքալեզու պետությունների վերջին համաժողովում ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է հայկական Զանգեզուրի նկատմամբ իրենց հավակնությունների մասին: Թուրքիայի` մեկ կայսրության մեջ թուրքալեզու պետություններին միավորելու ծրագրի իրականացմանը խանգարում է հայկական Զանգեզուրը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակում Բակուր Կարապետյանը գրում է, որ այս ծրագիրը հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի խաղաղության պահպանման գործում եւ խնդրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներինՙ կանխել պատերազմի նոր օջախի ստեղծումը: Այնուամենայնիվ, խնդրի վերջնական լուծումը նա կապում է ԼՂՀ-ի բնակչության ինքնորոշման, բանակցող կողմ ճանաչելու, սուվերեն ապրելու իրավունքի ճանաչման հետ:

«Ուղիղ մեկ տարի առաջ «Հանուն արդարության շարժում» կազմակերպությունը նախաձեռնեց ԼՂՀ-ն հակամարտող եւ բանակցող կողմ պաշտոնապես ճանաչելու մասին ինտերնետային հանրաքվե www.ave-tis.am/peition/ վեբ կայքով: Մասնակիցները ստորագրում են ինտերնետով, արդեն հավաքվել է 3000 ստորագրություն` 41 երկրներից: Քվեարկողները կարող են նաեւ արտահայտել իրենց մտքերը Արցախի խնդրի շուրջը: Ադրբեջանից մասնակցել են մի քանի հոգի` իրենց ստոր հայհոյանքներով, ես դրանք պահել եմ, որպեսզի մարդիկ կարդան ու իմանան` ում դեմքն ինչպիսին է», ասում է Բակուր Կարապետյանը:

Նա անդրադարձավ նաեւ այն խնդրին, որ Արցախի միջազգային ճանաչումը պետք է լինի համակողմանի, այսինքն` աշխարհին պետք է մատուցել Արցախի մշակույթը:

«Դիվանագետներին, քաղաքագետներին եւ պետական այրերին թվում է, թե տարբեր ատյաններում իրենց ելույթները բավարար են ԼՂՀ-ի ճանաչման համար, բայց դա շատ քիչ է, պետք է ընդգրկվեն նաեւ տարբեր մշակութային-հասարակական կազմակերպությւններ, որոնք կկարողանան ներկայացնել Լեռնային Ղարաբաղի մշակույթը, ազգագրությունը: Դրանից հետո, եթե դիվանագետը գնա, ելույթ ունենա, արդեն նոր նրան կհասկանան», ասում է Բակուր Կարապետյանը:

Սա նկատի ունենալով նա գրել է «Զիզի քար» կամ «Գանձերի երկիր» վերնագրով կինոֆիլմի սցենար: Այն խաղարկային ու վավերագրական ֆիլմերի սինթեզ է, եւ ԱՄՆ-ում կա մի ստուդիա, որը դրա նկարահանման համար տրամադրում է բարձրորակ ռեժիսոր ու համապատասխան տեխնիկա:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4