«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2009-12-22 | #235, 2009-12-23 | #236, 2009-12-24


ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Տեղեկություններ հայտնեց կադաստրի կոմիտեի նախագահը

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը երեկ ամփոփեց կոմիտեի 2009-ի գործունեությունը: Նա մասնավորապես նշեց, որ ընթացիկ տարում նախատեսված ծրագրային աշխատանքներն ամբողջ ծավալովՙ 2,5 մլրդ դրամ, կատարվել են:

Խոսելով անշարժ գույքի շուկայի ցուցանիշների մասին, Երվանդ Զախարյանը հայտնեց, որ այս տարվա 11 ամիսներին կատարվել է շուրջ 378 հազար գործարք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50 հազարի համեմատ: Այսինքնՙ գործարքների քանակը նվազել է ավելի քան 25 տոկոսով:

Ինչ վերաբերում է գների փոփոխությանը, ապա այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին համադրելի գներով (նկատի ունենալով տարվա ընթացքում դրամի 20 տոկոս արժեզրկումը), բնակարանների միջին գները նվազել են շուրջ 24 տոկոսով, մարզերումՙ 11 տոկոսով: Անհատական տների գները մայրաքաղաքում նվազել են մոտ 19 տոկոսով, մարզերումՙ 8 տոկոսով: Ինչ վերաբերում է նոյեմբեր ամսվա ցուցանիշներին, ապա, կադաստրի կոմիտեի նախագահի տեղեկացմամբ, Երեւանում բնակարանների գները նախորդ ամսվա համեմատ աճել են գրեթե 2 տոկոսով, անհատական տներինըՙ 1,1 տոկոսով, մարզերումՙ բնակարանների գներն աճել են 0,3 տոկոսով, անհատական տներինըՙ 1 տոկոսով:

Կոմիտեն այս տարվա ընթացքում կատարել է անշարժ գույքի 114719 պետական գրանցում, որից հիպոթեկիՙ 14292, վարձակալության, կառուցապատման եւ անհատույց օգտագործման իրավունքիՙ 12452 պետական գրանցում եւ անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներիՙ 22464 պետական գրանցում: 6451 ինքնակամ կառույցների օրինականացումից, ըստ Երվանդ Զախարյանի, համայնքային բյուջեները ստացել են 7,7 մլրդ դրամի մուտքեր: Կատարվել են 378 համայնքների կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվացման աշխատանքները, արխիվացվել է ավելի քան 606 հազար գործ: Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010-ի 3-րդ եռամսյակում:

Կոմիտեի նախագահն անդրադարձավ նաեւ համակարգի աշխատակիցների գործունեությանը, բնակչության դիմումների արձագանքմանը: Նա տեղեկացրեց, որ բնակիչներն իրենց դիմումներն ու առաջարկները կարող են ուղղել «թեժ գծի»ՙ 526322 հեռախոսահամարով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4