«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2009-12-23 | #236, 2009-12-24 | #237, 2009-12-25


ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ.«ՍԱ ՏԱԲՈՒՆԵՐ ՋԱՐԴԵԼՈՒ ՏԱՐԻ ԷՐ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ամփոփեց տարին: Նրա` ԱԺ նախագահ դառնալուց հետո ԱԺ-ն ընդունել է 327 օրենք, 2009-ին խորհրդարանը ստացել է 5562 նամակ, որոնք բոլորն էլ ստացել են իրենց պատասխանը. «Հայաստանի քաղաքական թիվ 1 ամբիոնը լինելուց զատ` ԱԺ-ին մեր երկրի սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված են բազմաթիվ գործառույթներ եւ պատասխանատվության ոլորտներ, որոնց լիարժեք իրագործման հարցում ինձ համար սկզբունքային էր, որ խորհրդարանը հետեւողական ավելացնի իր քաղաքական կշիռն ու հեղինակությունը պետական իշխանության համակարգում եւ հանրության մեջ», ասաց Հ. Աբրահամյանը` նշելով, որ բավականաչափ բարձրացել են խորհրդարանի կշիռն ու հեղինակությունը, եւ դեմ լինելով ինքնանպատակ հակադրություններին, սակայն. «Եթե խորհրդարանն ունի իր կարծիքը, որը չի համընկնում կառավարության տեսակետի հետ, ապա այս ընթացքում համոզվել եք, որ այդ կարծիքը հնչում եւ հնչելու է մշտապես»: ԱԺ նախագահին գոհացնում է նաեւ, որ, իր խոսքերով, խորհրդարանը վերածվում է քաղաքական կարծիքների եւ հրապարակային բանավեճերի հարթակի: Պատմելով խորհրդարանական 2009-ի, արտաքին շփումների եւ իր հանդիպումների մասին, որոնք շատ ծավալ կգրավեին թերթում, եթե պատմեինք, Հ. Աբրահամյանը նկատեց, որ ինքն իր առաջ դրած մի խնդիր էլ է լուծել` ամեն ինչ արել է, որ խորհրդարանը հանրության համար դառնա բաց եւ հրապարակային, հասու լինի մեր հասարակության տարբեր խավերին, այդ ճանապարհին առաջին քայլերն են արվել. «Սա տաբուներ ջարդելու տարի էր», ասաց` ավելացնելով, որ շատերն անձամբ զգացին, թե Ազգային ժողովը ինչ-որ խորհրդավոր եւ բազմաթիվ դռների հետեւում թաքնված փակ կառույց չէ:

Լրագրողների հարցերին ի պատասխան` մարտի 1-ի էջը ԱԺ նախագահը փակված է համարում որպես փաստ, բայց որպես երեւույթ` մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի նման դեպքերը ՀՀ-ում չկրկնվեն: 2009-ի կառավարության գնահատականը տալու առաջարկին ի պատասխան` նա ասաց, թե կառավարության հետ ԱԺ-ն աշխատում է շատ սերտորեն, լրագրողները թեեւ հոդվածներ են գրում, որ տարաձայնություններ կան, բայց` չկան: Հանրապետական կուսակցությունն է առաջարկել որպես վարչապետ Տ. Սարգսյանին` հաշվի առնելով նրա պրոֆեսիոնալ ունակությունները. «Այո, ես համարում եմ , որ կառավարությունը` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որպեսզի համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարի, եւ ԱԺ-ն աջակցում է նրան` լրացուցիչ մեխանիզմներով, որպեսզի այդ հակաճգնաժամային ծրագրերն իրականացվեն: Տ. Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամ է, գործադիրի անդամ է, եւ դա ավելի է պարտավորեցնում Տ. Սարգսյանին, որ ավելի լավ կառավարի մեր կառավարությունը»: Իսկ կուսակցության անդամ լինելը լրացուցիչ պատասխանատվություն է թե՛ Տ. Սարգսյանի, թե՛ նախարարների համար:

ԱԺ նախագահի եղբոր ընտանիքի եւ Գազի Հովոյի ընտանիքի միջեւ Արտաշատում հայտնի դեպքերն իր հետ կապելը մամուլում հերյուրանք համարեց` ասելով, թե առաջինն ինքն է դատապարտել այդ դեպքերը, եւ ընդհանրապես նման յուրաքանչյուր դեպք (ոտնձգությունները պետության եւ մարդու իրավունքների նկատմամբ) դատապարտելի է. «Ազնիվ չէ արտաշատյան դեպքերը կապել ինձ հետ` ինքնըստինքյան կապ ունեմ, քանի որ իմ եղբորորդին է, եւ ես գտնում եմ, որ բոլոր այդ դեպքի մասնակիցները պետք է դատապարտվեն»:

  «Ազգը» , հղում անելով ավելի վաղ մամուլի հրապարակումներին, թե իբր ներիշխանական հեղաշրջումներ են լինելու, եւ դրանց հետ կապում էին նաեւ Հ. Աբրահամյանի անունը, այդ թեմայով եւ ընդհանրապես ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների վերաբերյալ հետաքրքրվեց. «ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները շատ ջերմ են ` խմբակցությւնների ղեկավարներն են աշխատում միմյանց հետ, ես ոչ մի տարաձայնություն չեմ նկատել. օրենքների հետ կապված կան տարաձայնություններ, փորձում ենք ինձ մոտ քննարկել, գալ ընդհանուր հայտարարի` մի խոսքով խնդիր չկա», ասաց ԱԺ նախագահը, հեղափոխության մասով էլ ասելով. «Ես թիմի անդամ եմ, միշտ հարգում եմ խաղի կանոնները, ոչ մի անգամ աչքի չեմ ընկել այն կողմով, որ կարող եմ իմ թիմին դավաճանել: Իսկ հակառակ կողմով` որ նվիրված եմ, մինչեւ վերջ պայքարող եմ` դա 2007 թվականին ակնհայտ երեւացել է, երբ ԱԺ ընտրություններին ղեկավարել եմ Հանրապետական կուսակցության շտաբը, 2008-ին էլ` նախագահի շտաբը, եւ այսօր, իմ կարծիքով, կա վստահություն Հանրապետական կողմից, որի նախագահը Սերժ Սարգսյանն է եւ ինձ էլ առաջարկել են ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու. դրանք բոլորը վստահություն են ներշնչում, հակառակը չի կարող լինել»:

Նախագահին ուղղված եւ Սասուն Միքայելյանին ներելու խնդրանքով ստորագրահավաքից հետո ՀՀԿ անդամ պատգամավորները հետ են վերցրել ստորագրությւնները, արդյոք ճնշման արդյո՞ւնք է դա. «Սասունը մեր ընկերն է, բայց չեմ կարծում, որ ՀՀԿ խմբակցության անդամը պետք է ստորագրի մի թղթի տակ, որը վերաբերում է այդ կուսակցության ղեկավարին: Եթե մեր կուսակցությունում գոնե ամիսը մեկ, կամ երկու շաբաթը մեկ հնարավորություն կա շփվելու կուսակցության նախագահի հետ, որը հանրապետության նախագահն է, կոռեկտ չէ, որ կուսանդամ պատգամավորը նամակ գրի կուսակցության ղեկավարին, կարող է բանավոր դիմել», ասաց ԱԺ նախագահը` նկատելով, թե օրենքով էլ նախագահն իրավունք չունի այդպիսի նամակով ներել, ներում պետք է խնդրի այն մարդը, ում վերաբերում է ներման գործընթացը:

Հանրապետության հաջորդ նախագահն ո՞վ է լինելու եւ արդյոք հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններով է նա ընտրվելու (յահ, բայց ո՞վ այդպիսի բան կիմանա, բայց ենթատեքստը երեւի նկատի ունենալով` ԱԺ նախագահն այդ հարցին պատասխանեց-Մ.Խ.). «Լինելու է հերթական ընտրություն եւ ընտրվելու է Սերժ Սարգսյանը, ես էլ օժանդակելու եմ, որ ինքն ընտրվի»: Իսկ ինքը երկրի նախագահ չի ուզում դառնալ. «Ոչ, ինձ բավականացնում է ԱԺ նախագահի պաշտոնը»:

ԱԺ նախագահը, մի պահ պատգամավորների պարտականությունների մասին խոսելիս, ասաց, թե ՀՀԿ-ում հարց է բարձրացնելու, որ ԱԺ-ում քիչ լինեն գործարարները (հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրությունն արգելում է պատգամավորին գործարարությամբ զբաղվել). «Գործարարը պետք է զբաղվի իր գործառույթներով: Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ: Այնքան մարդիկ կան, որ պատահական կերպով կարող են դառնալ քաղաքական գործիչ, բայց չկա մարդ, որ պատահական դառնա գործարար` եթե պատահական դառնալ, կարճ ժամանակում կսնանկանա: Իսկ պատահական պատգամավոր դարձած մեկը կարող է 5 տարի դառնա քաղաքական գործիչ»: Բնականաբար հարց ծագեց` Հ. Աբրահամյանը քաղաքական գործիչ, թե՞ գործարար է համարում իրեն. քաղաքական գործիչ, որը շատ լավ հասկանում է գործարարությունից, հնչեց պատասխանը մի պատկերավոր օրինակով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4