Հետաքրքրական օրինաչափությամբ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի բացման մասին վրացական կողմը սկսում է խոսել այն դեպքերում, երբ խնդիր ունի Հայաստանին, նաեւ ոչ միայն Հայաստանին հիշեցնելու իր մասին` գուցե թե կարեւորվելու ցանկությամբ:
Ինչեւէ, նախնական տվյալներով, անցակետը կբացվի արդեն եկող տարվա մարտ ամսին: Երեկ, ըստ վրացական լրատվամիջոցների, այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն : Նրա խոսքերով, անցակետի բացման որոշում արդեն կայացվել է վրաց-ռուսական փորձագիտական բանակցություններում, որոնք անց են կացվել Շվեյցարիայի աջակցությամբ ու միջնորդությամբ:
«Դեռեւս ձեռք են բերվել միայն բանավոր համաձայնություններ, բայց երկու շաբաթվա ընթացքում փորձագետները եւս մեկ անգամ կհանդիպեն, ու այդ համաձայնությունը կձեւակերպվի վերջնական», հայտարարել է վրաց փոխարտգործնախարարը:
Քալանդաձեի ներկայացմամբ, Վերին Լարսի անցակետը բացվելու է ոչ միայն Հայաստանից տարանցիկ բեռնափոխադրման, այլեւ Վրաստանի ընկերությունների փոխադրումների, նաեւ Ռուսաստան Վրաստանի քաղաքացիների անցնելու համար: «Մենք դրական ենք գնահատում այդ բանակցությունները, դրանցում ձեռք բերված համաձայնությունները ու սպասում ենք պաշտոնական ձեւակերպմանը», ասել է Քալանդաձեն:
Միեւնույն ժամանակ, վրացական թերթերից «Ախալի թաոբան» տեղեկացնում է, թե, վրաց իշխանական ներկայացուցիչներից մեկի հայտարարությամբ, Վերին Լարսի անցակետի բացումը Վրաստանի սխալը կլինի:
Անանուն իշխանավորի խոսքերով, անցակետով հիմնականում կանցնեն Հայաստանի բեռները, եւ քանի որ ձմռանը եղանակային վատ պայմանների պատճառով բեռնատարները կարող են երկար ժամանակով փակված մնալ անցակետին հարող տարածքում, Ռուսաստանը իբր կարող է սադրանքների դիմել ու օգտվելով երկրից դուրս զորքի օգտագործման վերջերս օրենսդրորեն հաստատված իրավունքից` ներխուժել Վրաստան:
Հետաքրքրական է, որ անգամ Վերին Լարսի անցակետը բացելու առնչությամբ վրացական իշխանությունների` բացումը Հայաստանի խաթեր համար անելու բոլոր հայտարարությունների կողքին հնչում է նման կարծիք, անթաքույց մեղադրանքով, որ հայերը կարող են մասնակից դառնալ Վրաստանի դեմ սադրանքին: Այն, որ հարեւան Վրաստանում հակահայկական տրամադրություններ կան, ու դա բնավ էլ կարիք չունի արտահայտվելու հայ-ռուսական հարաբերությունների սերտությամբ, օրինակների պակասով չի տառապում, սակայն երբ դեռեւս չեղած տեղից հնարած մեղադրանքներով են հանդես գալիս, զարմանալի չէ, որ այդօրինակ հայտարարությունների հեղինակները անանուն են մնում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ