Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, կարծես հերթականությամբ, որոշել են ամփոփել քաղաքական տարին` իրենց քաղաքական ուժի տեսանկյունից: Դեկտեմբերի 24-ի համարում «Ազգ» -ը ներկայացրել էր 2009-ի` Լեւոն Զուրաբյանի ամփոփումը, եւ նույն դեկտեմբերի 24-ին ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը հանդես եկավ ամփոփումների իր տարբերակով, ընդ որում երկու բանախոսն էլ խոսեցին ՀԱԿ-ի անունից, միգուցե հաջորդ ամփոփումն անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացնի` կրկին, իհարկե, ՀԱԿ-ի անունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, դուրս գալով ՀԱԿ-ի շարքերից, նշեց, որ. «Այնպես էլ ՀԱԿ-ը չդարձավ իրական ընդդիմություն Հայաստանի համար, այլ միշտ մնաց ՀՀՇ-ական, եւ չունի այնքան ուժ` Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու»: Սակայն երեկ «Հայացք» մամուլի ակումբում Դավիթ Շահնազարյանը վստահեցրեց, որ Հայաստանի ապագա իշխանությունն ու ընդդիմությունը այսօրվա կոնգրեսում են, ու. «ՀԱԿ-ը 2009-ին, կայացավ որպես Հայաստանի իրական ընդդիմություն»:
Այնուհետեւ Շահնազարյանն անդրադարձավ երկրում տիրող իրավիճակին` ոլորտ առ ոլորտ: Ըստ, նախկին ՀՀՇ-ական, այժմ ՀԱԿ-ի անդամ քաղաքական գործչի, Հայաստանում անցումային ժամանակաշրջանը վաղուց արդեն ավարտվել է. «Ընդ որում, եթե սովորաբար անցումային շրջանը ենթադրում է ավտորիտար ռեժիմից անցում` ժողովրդավարական ռեժիմի, ապա Հայաստանի պարագայում, ընդամենը, ավտորիտար ռեժիմը ամրագրվեց», նկատեց Շահնազարյանը: Իսկ երկրի տնտեսական անկման հիմքերը, բանախոսը, ամենեւին էլ չի տեսնում համաշխարհային առկա ֆինանսական ճգնաժամի մեջ. Շահնազարյանի կարծիքով սրա պատճառը սխալ տնտեսական քաղաքականությունն է:
«Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա շեշտեմ, որ անցնող տարում իշխանությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին իրենց անմարդկային լինելը: Տեսեք, Նիկոլ Փաշինյանի գործի հետ կապված, իշխանությունները, դատարանում մեղադրողի շուրթերով, պահանջում են 8 տարվա ազատազրկում, սա նշանակում է, որ նրանք, պարզապես որեւէ այլ միջոց չունեն ժողովրդի հետ խոսելու», վստահեցրեց ՀԱԿ-ի անդամը: Մարտի մեկի հետ կապված Շահնազարյանը վստահեցրեց, որ 2008-ի փետրվարի 22-23-ին Հայաստանում իրականացվել է ռազմական հեղափոխություն. «Այս մասին վկայում է պաշտպանության նախարարի հրամանը, բայց ոչինչ, ժամանակը կգա, ու իշխանությունների դեմ էլ քրեական գործ կհարուցվի», շեշտեց իշխանափոխության միտված Շահնազարյանը:
Արտաքին քաղաքականությունը, իր երկու հիմնաքարերով` հայ-թուրքական ստորագրված արձանագրություններով ու Ղարաբաղով, բացասական գնահատվեցին Շահնազարյանի կողմից: «Հայ-թուրքական գործընթացը հենց սկսվելու պահին արդեն ավարտված էր, եւ այժմ Հայաստանի իշխանությունները, հասկանալով իրենց թույլ տված կոպիտ սխալները, փորձում են մի կերպ տակից դուրս գալ: Ուզում են օրենսդրությունը փոխել, բայց ես չեմ հասկանում, ի՞նչ են ուզում անել, որ այսօրվա օրենսդրությունը թույլ չի տալիս: Շեշտում եմ եւս մեկ անգամՙ հայ-թուրքական գործընթացն ավարտված է ինչպես Թուրքիայի, այնպես էլ միջազգային հանրության համար», նկատեց բանախոսը: Ընդ որում Շահնազարյանը սրանում չի մեղադրում Թուրքիային. «Թուրքերին կարելի է մեղադրել ինչի մեջ ուզենանք, բայց, ընդունենք, որ նրանք գործընթացի հենց սկզբից էլ անկեղծ էին` պնդելով միայն «Ղարաբաղի միջոցով» սկսել բուն գործընթացը», հիշեցրեց Շահնազարյանը: Ղարաբաղյան հակամարտության լուծման հետ կապված` բանախոսը նկատեց, որ այստեղ էլ բազմաթիվ են սխալներն ու դրանց փաստերը: Որպես օրինակ Շահնազարյանը բերեց այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան սահմանափակվեց միայն Ադրբեջան այցելությամբ. «Փաստորեն սա նշանակում է, որ խնդիրները Բաքվի հետ են», ընդունեց Շահնազարյանը, իսկ միգուցե Բաքվին պարզապես ավելի՞ շատ «համոզելու» կարիք կա:
Այնուամենայնիվ Շահնազարյանը շետեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններն անհրաժեշտ են. «սակայն ոչ այս իշխանությունների օրոք, ոչ էլ այս արձանագրություններով»:
ՀԱԿ-ի ամենամեծ բացթողումը, Դավիթ Շահնազարյանի մատուցմամբ, երկրում 15 քաղբանտարկյալների առկայությունն է: Ի դեպ, Շահնազարյանը նկատեց, որ այս խնդիրն առավել կարեւոր է հայ-թուրքական գործընթացներից ու Ղարաբաղի հարցից: Սրանով, փաստորեն, Շահնազարյանը ընդունեց, որ իրենք բաց են թողել երկրի «ամենակարեւոր» հարցը:
Վերջում բանախոսը շեշտեց, որ իրենց դադարը կդադարեցվի արդեն հունվարի 8-ին, ու ՀԱԿ-ը ակտիվ պայքար կսկսի: Իսկ 2010-ին, Շահնազարյանը վստահ է, մեր ժողովուրդը հասնելու է մեծ հաջողությունների: Հարցինՙ թե իշխանափոխությա՞ն միջոցով, Շահանազարյանը պատասխանեց ընդամենը... ծիծաղելով:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ