«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2009-12-23 | #236, 2009-12-24 | #237, 2009-12-25


ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը

Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը , ամփոփելով քաղաքական ու տնտեսական տարին, քաղաքական միակ դրական արդյունքը համարեց այն, որ այս տարի մարտի մեկ չկրկնվեց, իսկ բացասականը համարեց առաջին հերթին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը նախապայմանների առկայությամբ:

«Թուրքիա-Հայաստան հարաբերությունների շրջանակում նախապայմաններն ամբողջովին բավարարում էին թուրքական կողմին` ցեղասպանության հետ կապված պատմաբանների հանձնաժողովի կամ «միջկառավարական ենթահանձնաժողովի» նախապայմանը եւ ոչ ամբողջ ծավալով արտահայտված` Ղարաբաղի հետ կապված նախապայմանը, որը հիմա մեր աչքի առաջ անընդհատ թմբկահարվում է, իսկ հայկական կողմը դժբախտաբար այս ամբողջ շարքում գտնվում է մի կողմ քաշված, եւ զարգացումները հիմնականում տեղի են ունենում Ռուսաստան-Ամերիկա-Եվրոմիություն` ի դեմս Ռուսաստանի, Թուրքիա-Ադրբեջան, Թուրքիա- Ռուսաստան, Ադրբեջան-Ռուսաստան, բայց ոչ Հայաստանի հետ շաղկապվելով», մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա` Հայաստանը սուբյեկտից ամբողջովին վերածվել է օբյեկտի, գործընթացները տեղի են ունենում մեզնից անկախ, մենք ընդամենը դեպքերի արձանագրողն ենք լինում:

Անդրադառնալով տարվան տնտեսական կողմով` Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Դեռեւս 2008-ին «Ժառանգությունը» բազմաթիվ անգամներ կառավարությանը զգուշացնում էր, որ խոր ճգնաժամ է լինելու: Ասում էինՙ ճգնաժամը մեր կողքով կանցնի, բայց տեսնում ենք, որ ԱՊՀ տարածքում եւ ընդհանրապես համաշխարհային ցուցանիշներով Հայաստանի տնտեսական անկումը բավականին մեծ է, սա միայն ճգնաժամի արդյունքով չէ, որ ձեւավորվում է, այստեղ մեծ դեր է խաղում նաեւ մեր տնտեսության կառուցվածքը»:

Հաջորդ քաղաքական գործընթացը, որի մասին խոսեց Արմեն Մարտիրոսյանը, ավագանու ընտրություններն էին:

«Շատ բարդ գործընթաց էր, այստեղ առաջին անգամ իրենց ընդդիմադիր համարող որոշ լրատվամիջոցներ սկսեցին հարձակվել «Ժառանգության» վրա, ինչը ցայսօր շարունակվում է: Եվ «Ժառանգություն» խմբակցությունը ինչպես ստացել է Երեւան քաղաքի խնդիրների հետ կապված բազմաթիվ հարցումներ ու դիմումներ, նույն ձեւով էլ շարունակում է ստանալ, բայց այդ աշխատանքն իրականացնելը մնում է խորհրդարանական խմբակցության մակարդակում, այն դեպքում, երբ դա պետք է արդեն ավագանու մակարդակով տեղի ունենար: Երեւանի ավագանիում, եթե ընդդիմությունը ճիշտ գործեր ու միասնական լիներ, կարծում եմ, որ բավականին մեծ տոկոսով ինքը ներկայացված կլիներ, եւ կարող էինք ունենալ նաեւ ընդդիմադիր քաղաքապետ», այս քաղաքական գործընթացն էլ ամփոփեց Արմեն Մարտիրոսյանը:

Ապա խոսեց փաստահավաք խմբի լուծարման մասին: Պատճառը համարեց այն, որ բավականին ինորմացիա էր տիրապետում փաստահավաք խումբն, ու շատ բացահայտումներ կարող էին լինել:

«Իսկ «Ժառանգություն» կուսակցությունն այս տարի բավականին ծանր ժամանակաշրջան ապրեց` կապված ավագանու ընտրությունների եւ կուսակցական խնդիրների հետ: Խոսքը վերաբերում է կուսակցությունից վարչության անդամների հեռացմանը, այդ որոշումը մեզ համար ծանր էր, բայց ելք չկար: Անձինք, ովքեր համախմբվում են կուսակցական աշխատանքի շուրջը, պետք է պահպանեն կուսակցության կանոնադրությունը եւ կուսակցության աշխատանքները կատարեն համապատասխան ձեւով: «Ժառանգությունը» եւս մեկ անգամ ապացուցեց, որ առանձին, ինքնուրույն, ընդդիմադիր քաղաքական ուժ է, եւ գործունեությունում հենվում է բացառապես իր ծրագրային դրույթների վրա: Մենք ծրագրային հիմնադրույթով ազգային ազատական կուսակցություն ենք, եւ այդ հիմնադրույթին համապատասխան գործելու ենք», ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4