«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2009-12-23 | #236, 2009-12-24 | #237, 2009-12-25


ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ 9 ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ 3 ԱՄՍՈՎ

Կառավարությունը երեկ անդրադարձավ Երեւանի մի շարք տարածքներում հայտարարված իրացման գոտիների հետագա ճակատագրին, որին վերջերս բազմիցս անդրադարձել ենք մեր թերթում: Նիստում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որիՙ գերակա շահ ճանաչված 9 տարածքներում բնակիչների գույքի օտարման գործընթացը, սահմանված 2010-ի հունվարի 1-ի փոխարեն, հետաձգել մինչեւ 2010-ի ապրիլի 1-ը: Որոշումը հիմնավորվում է, որ այդ տարածքներում կառուցապատման իրավունք ձեռք բերած ընկերություններն արդեն մասնակի իրացում եւ որոշակի ներդրումներ են կատարել, բայց հնարավոր չի եղել ամբողջությամբ գնահատել նոր առաջացած գույքային միավորները եւ պատշաճ ձեւով ներկայացնել օտարման պայմանագրի նախագիծը:

Մեկնաբանելով այս նախագիծըՙ Երեւանի քաղաքապետը նշեց, որ խստացվում է կառուցապատողների պատասխանատվությունը իրացման գործընթացը սահմանված ժամկետներում կատարելու հարցում:

Հիշեցնենք, որ նախօրեին, մեր թերթում հրապարակված հարցազրույցում Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Լեւոն Հակոբյանը հայտնել էր, որ 8-9 տարածքներում իրացումը սկսելու ժամկետները կերկարաձգվի: Նա նշել էր, որ խոսքն այն տարածքների մասին է, որտեղ արդեն գործընթացը սկսվել է եւ կիսատ մնացել: ԾԻԳ-ի տնօրենը նաեւ տեղեկացրել էր, որ այն տարածքներում, որտեղ իրացման գործընթացը չի սկսվել կառուցապատման իրավունք ձեռք բերածները կզրկվեն այդ իրավունքից: Վերջիններիս առնչությամբ, սակայն, կառավարությունը երեկ որեւէ որոշում չի ընդունել:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4