«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2009-12-23 | #236, 2009-12-24 | #237, 2009-12-25


ՀՆՄ ԸՆԹԱՑՔԸ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ» ԷՋԵՐՈՒՄ

Նկարիչների տան ցուցասրահների վերանորոգումը շահեկանորեն ազդեց միության աշխատանքների վրաՙ ակնհայտորեն փոխելով ցուցադրությունների որակը, ժամանակակից հնարավորություններ ստեղծելով: Այս տարի կերպարվեստասեր այցելուն գոհունակության բազմաթիվ պահեր ապրեց, եղան նաեւ նկարչության տոնի վերածված օրեր. գույնի հայ վարպետների գործերի մի քանի ցուցադրություններ մշակութային փնտրված վայր դարձրին «Մոսկվա» կինոթատրոնի եւ «Երեւան» հյուրանոցի միջեւ գտնվող Նկարիչների միության շենքը, որի սրահներն այս տարի հյուրընկալեցին միության անդամներից 50 նկարչի աշխատանքներ: Դրանցից մի մասը բարձրարժեք ներկայացումներ էին, ինչպես Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Ադալյանի, Մարտին Պետրոսյանի, Հենրիկ Սիրավյանի, Էդուարդ Արծրունյանի ցուցահանդեսները, անակնկալ տպավորիչ էր Սամվել Սեւադայի լուսանկարչության գեղագիտությունը:

Նկարիչների միության ստեղծագործական եւ ընթացիկ գործունեությունը որոշակիորեն արտացոլված է միության «Կերպարվեստ» պարբերականում, որի այս տարվա թիվ 1, 2, 3 միացյալ համարը լույս տեսավ վերջերս: Հանդեսի առաջին էջերը «զբաղված են» անցած տարվա ՀՆՄ XVII համագումարի ամփոփիչ տեղեկություններով, վարչության առաջին նիստերի արձանագրություններովՙ ցուցահանդեսների անցկացման կարգի, անդամավճարի չափի, Շորժայի «Նկարիչ» ստեղծագործական տան եւ ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ:

Նկարիչների միությունը պահպանում է հոբելյանական տարեթվերը հիշելու եւ նրանց ստեղծագործությունները ներկայացնելու բարի ավանդույթը: Հանդեսի շապիկի ձեւավորումը հուշում է տարվա հոբելյանական շարքից չորս անունՙ Բաբկեն Քոլոզյան, Խաչատուր Եսայան, Եփրեմ Սավայան-100 եւ Էդվարդ Իսաբեկյան-95:

Արվեստաբան Յուրի Խաչանյանը Կարեն Աղամյանի ստեղծագործական մեթոդը եւ ոճական առանձնահատկությունները բնորոշում է «մետաֆիզիկ դիզայն» հետաքրքրական արտահայտությամբ (Արտաքին երեւույթների եւ ներքին ընկալումներիՙ հաճախ իրարամերժ զգացողություններիՙ արվեստում վաղուց ի վեր կիրառվող ոճական տարբեր համադրություններ, ինչպեսՙ բնանկարի մաքուր արտահայտությունից մինչեւ նույնի դիզայնավորված ձեւեր): «Նկարիչը հաճախ լայնորեն կիրառում է նաեւ երկրաչափական ուղղանկյուն ծավալներըՙ այլափոխված եւ այլակերպված, որոնք սրամիտ միջոցներով ստանում են բազմանշանակ կերպարային հնչողություն», գրում է նա:

Միության այս տարվա հիշարժան ու տպավորիչ ցուցահանդեսներից էր սիրելի վարպետիՙ Հակոբ Հակոբյանիՙ թեեւ գույնի նույնՙ մոնոխրոմ, հեզաբույր տրամադրություններով ու գծի նրբությամբ, բայց դրսեւորման, արտահայտչամիջոցների անակնկալ ձեւերը, որոնցումՙ իր խոսքերով, բնորդ-բնակիչ սրատամ մետաղյա գործիքները (ունելի, աքցան) կերպավորվել ու կյանքային, շնչավոր մթնոլորտ էին ստեղծել, անգամ սիրո պարտեզ ձեւավորել: Հանդեսի խմբագիր Վրեժ Առաքելյանի հետ հարցազրույցում Վարպետը, ինչպես եւ ճանաչում ենք նրան, իր ներքին ճշմարտությանը հավատարիմ, նույն շիտակ, երբեմն էլ սուր ու կտրուկ արտահայտվող մտավորականն է:

Խմբագրի մեկ այլ հարցազրույցՙ Ստեփան Անդրանիկյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի առիթով, կյանքի մի քանի հետաքրքրական դրվագների միջոցով բացում է հանրային լսարանների առաջ սակավ հայտնվող, սակայն հատկապես հայ կինոարվեստում մեծ ներդրում ունեցած վաստակավոր նկարչի աշխարհը:

Գաստելլո Գասպարյանի մեղմ գույների ու աղոտ պատկերների քնարական նկարչության մասին Յուրի Խաչանյանը գրում է. «Նկարիչն ազատում է նյութն անգամ տեսողական ավելորդությունից, նկարում հիշողությամբ, «մաքրում է» տպավորությունների տեսողական շարքը եւ հյուսում մակերեսների վրա իր բնապատկերային ձեռագործները»:

«Տպավորությունների գրքից» շարքի կարծիքները ընդհանուր պատկերացում են տալիս Հովհաննես Զարդարյանի, Հրանտ Կարախանյանի, Անատոլի Ավետյանի, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Հենրիկ Սիրավյանի, Շիրվան Մկրտչյանի արվեստի մասին: Հուշապատումը ներկայացնում է երկու պատառիկ Մինաս Ավետիսյանից (Ռոբերտ Մանուկյան) եւ Վիլյամ Սարոյանից (Միքայել Առաքելյան):

Ստեղծագործական միությունների առայժմ չկանոնակարգված կարգավիճակը մտավորական միջավայրի ամենասուր ու ցավոտ հարցերից մեկն է: Այս օրենքը շարունակում է մնալ օդում առկախ, անորոշ: Եթե սրա հեռահար նպատակները միություններին հասարակական կազմակերպության կարգավիճակ հաղորդելով, շենքերը օտարելուն է ուղղված, ապա կարելի է մեր բարոյական ընդհանուր նկարագրի վերջնական անկումն արձանագրել: (Միջանկյալ նկատենք, որ ստեղծագործական միությունները, իհարկե, ստեղծագործությունները ավելի տաղանդավոր չեն կարող դարձնել, բայց վարչական, ադմինիստրատիվ հնարավորություններով կարող են աջակցել ստեղծագործող անհատներին: Ինչպես, օրինակ, Գրողների միության հրատարակչությունը, այժմ արդեն սեփական տպարանը դյուրացնում են գրքերի տպագրությունը, կամՙ Նկարիչների միությունը ցուցասրահների անվճար տրամադրումով ներկայանալու լայն հնարավորություն է տալիս նկարչին): Այս հարցին է անդրադառնում կյանքի 30 տարին Ֆրանսիայում անցկացրած, այժմ Բեյրութում ապրող գեղանկարիչ Գրիգոր Նորիկյանը: Ֆրանսիայում, օրինակ, նկարչական պրոֆեսիոնալ կրթություն ստացած անձը պարտադրաբար անդամակցում է երկրում գործող Նկարիչների միությանը, ինչը տարբեր դյուրություններ է ստեղծում եւ առավելություններ տալիս արվեստագետին: Հայաստանի եւ Գերմանիայի նկարիչների միության անդամ է Վան Սողոմոնյանը. պետությունն այս երկրում պարբերաբար գումարներ է տրամադրում միության շենքը պահպանելու համար, աջակցում են նաեւ հովանավոր-մեկենասները: Ստեղծագործական միությունների այս հարցը շոշափվում է Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ Վ. Առաքելյանի հարցազրույցում: Նախարարի հավաստմամբ, շրջանառության մեջ դրված այս օրենքի նախագիծը ԱԺ աշնանային նստաշրջանում «ամենայն հավանականությամբ կյանքի պետք է կոչվեր» (աշունը, սակայն, անցավ):

Կարեւոր է Երեւանի ճարտարապետական միջավայրի պահպանման մտահոգությամբ, գեղագիտական չափանիշներիՙ հաճախ անտեսող պայմաններում հուշարձան-քանդակների տեղադրման մասին քաղաքապետ Գ. Բեգլարյանին ուղղված դիմումի հրապարակումըՙ գեղարվեստական խորհրդի վերականգնման խնդրանքով: Հանդեսում զետեղված է նաեւ Սամվել Սեւադայի դիմումը ՀՆՄ նախագահինՙ միության կազմում Գեղարվեստական լուսանկարչության բաժին բացելու առաջարկով:

Իսկ մեր ընթերցողական առաջարկն էՙ արվեստաբանական նոր մոտեցումների, կերպարվեստիՙ ինչպես դասական, նաեւ արդիական ուղղությունների, մեթոդների մասին ուշագրավ հրապարակումների ներկայություն հանդեսի էջերումՙ ոչ միայն հայ, այլեւ օտար հեղինակների. թարգմանական տեքստերի միջոցով ընթերցողին առնչել արտերկրի մշակութային իրողություններին:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4