«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2009-12-23 | #236, 2009-12-24 | #237, 2009-12-25


ՁԻԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան (նախագահՙ Հայրապետ Հայրապետյան) ամփոփեց մրցաշրջան-2009-ի արդյունքները: Ինչպես նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Գիլոյանը, ավարտված մրցաշրջանում անցկացվել են օրացուցային պլանով նախատեսված բոլոր 8 մրցումները, որոնցում խաղարկվել է մրցանակային 5 մլն դրամ հիմնադրամ:

Զգալիորեն ակտիվացել է ձիասպորտի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը, անվճար դասընթացներ են անցկացվել պատանիների եւ աղջիկների համար: Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային ֆեդերացիայի համաժողովներին: Ցավոք, մեր մարզիկներն այս տարի հնարավորություն չեն ունեցել մասնակցելու միջազգային մրցաշարերի: Ժամանակին մեր մարզիկները մասնակցում էին Վրաստանում կազմակերպվող միջազգային մրցաշարերի, սակայն վրացական կողմը մշտապես արհեստական խոչընդոտներ էր հարուցումՙ սահմանագծին օրերով մուտքի թույլտվություն չտալով մեր մարզական պատվիրակությանը:

Որպես ուրախալի փաստ նշվեց այն, որ հաջորդ տարի Հայաստանի դրոշի ներքո կարող է մասնակցել 50-ամյա Քերի Աղաջանյան-Շոպֆը, որը Քըրք Քըրքորյանի քրոջ աղջիկն է: Նա մասնակցելու է գեղավարքում, որը ձիասպորտում շատ դժվարին մրցաձեւ է համարվում: Բավական է նշել, որ ձիերին այդ մրցաձեւում նախապատրաստելու համար 8 տարի է պահանջվում: Աղաջանյանը հաջորդ տարի կմասնակցի վարկանիշային մրցաշարերի: Նա մեծ հնարավորություն ունի նվաճելու Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր: 50-ամյա մարզուհին մեկ տարի առաջ մասնակցել է ԱՄՆ-ի առաջնությանը: Նա ԱՄՆ-ում 2-րդ վարկանիշն ունի, իսկ աշխարհում ընդգրկված է 50 լավագույնների ցանկում:

Լսվեց նաեւ ֆեդերացիայի ֆինանսական հաշվետվությունը: Ֆինանսական մուտքերը կազմել են 25 մլն 100 հազար դրամ: Դրանք հիմնականում ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանի եւ Հայրապետյան եղբայրներին պատկանող ֆիրմաների ֆինանսական ներդրումներն են: Ընդհանուր ծախսը կազմել է 25 մլն 200 հազար դրամ: 3 մլն դրամ կազմել են աշխատավարձերը, սոցվճարներն ու հարկերը, 2 մլն 400 հազար դրամըՙ գործուղման ծախսերն են, մրցումների կազմակերպման եւ անցկացման համար ծախսվել է 14 մլն դրամ, 5 մլն դրամ էլ ծախսվել է ձիասպորտի մանկապատանեկան մարզադպրոցի կարիքները հոգալու համար:

Փոփոխություններ կատարվեցին ֆեդերացիայի կանոնակարգում, ինչպես նաեւ նախագահության կազմում: Հաստատվեց նաեւ 2010-ի մրցումների խաղացանկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4