«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2009-12-23 | #236, 2009-12-24 | #237, 2009-12-25


«ՓՅՈՒՆԻԿԻ» ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Հայտնի դարձան հունվարի 16-24-ը Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» խաղարկությունում Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» մրցակիցները: «Փյունիկն» ընդգրկվել է «D» խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ուզբեկստանի չեմպիոն «Բունեդկորը», Լիտվայի ուժեղագույն ակումբ «Էկրանասը» եւ Մոլդովայի փոխչեմպիոն «Դաչիան»:

«Բունեդկորը» բավական ուժեղ ակումբ է, որին մարզում է բրազիլացի անվանի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին: Այս թիմում է հանդես գալիս աշխարհի չեմպիոն, բրազիլացի Ռիվալդոն: Ճիշտ է, առայժմ պարզ չէ, թե ինչպիսի կազմով մրցակիցները կներկայանան մրցաշարին: Տարեցտարի մրցաշարի նկատմամբ հետաքրքրասիրությունը նվազում է, ուստի թիմերի մեծամասնությունը հիմնական կազմով չի խաղում Մոսկվայում:

Ճիշտ է, առայժմ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ չի կողմնորոշվել թիմի կազմի հարցում: Armsport.am-ին տված հարցազրույցում նա նշել է, որ թերեւս Մոսկվայում փորձարկեն նոր ֆուտբոլիստների: «Փյունիկն» արդեն սկսել է մարզումները: Թիմում առայժմ համալրումներ չկան, իսկ ահա չորս ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկից»: Նորայր Սահակյանն ու Արտակ Անդրիկյանը մարզվում են «Ուլիսում» եւ բացառված չէ, որ պայմանագիր կնքեն այդ թիմի հետ: Դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը փորձում է թիմ գտնել Իրանում: Չեմպիոնի կազմում չէ նաեւ երիտասարդ Ալբերտ Հովակիմյանը:

«Համագործակցության գավաթի» խաղարկության մյուս խմբերի կազմն այսպիսին է.

«A» խումբ. «Դնեպր» (Բելառուս), «Դորդոյ-Դինամո» (Ղրղզստան), «Մետալուրգ» (Լատվիա), «Ռուբին» (Ռուսաստան):

«B» խումբ. «Բաքու» (Ադրբեջան), ՀԻԿ (Ֆինլանդիա), «Ակտոբե» (Ղազախստան), «Վախշ» (Տաջիկստան):

«C» խումբ. «Դինամո» Կիեւ (Ուկրաինա), ՄՏՏՈւ (Թուրքմենստան), «Լեւադիա» (Էստոնիա), ՌԴ ակումբների հավաքական:

Մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա են գտնվելու ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նախագահներ Յոզեֆ Բլատերն ու Միշել Պլատինին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4