«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2009-12-24 | #237, 2009-12-25 | #238, 2009-12-26


ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍԵՑ ԱՄԵՆԱՄԵԾ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Իսկ ամենամեծ ձեռքբերումըՙ գնահատելը թողեց ժողովրդին եւ ժամանակին

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տարին ամփոփող մամուլի ասուլիսով երեկ հանդես եկավ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նախ նշեց, որ 2009 դժվարությունների տարի էր, բայց հաջողվեց հաղթահարել նվազագույն կորուստներով: Միաժամանակ, ըստ վարչապետի, ճգնաժամը բացահայտեց նաեւ մեր տնտեսության թույլ կողմերը: Որպես հակաճգնաժամային քաղաքականության գլխավոր ուղղություն, Տիգրան Սարգսյանը նշեց այն փաստը, որ կառավարությունը կտրուկ ավելացրեց ծախսերը եւ մեծացրեց ներդրումները ենթակառուցվածքների շինարարության ոլորտում: Այս տարի ծախսերը կազմեցին 900 մլրդ դրամՙ 2008-ի 810 մլրդ դրամի փոխարեն: Աղետի գոտում ավելացան 3000 շինարարական աշխատատեղեր, 415 կմ ճանապարհներ եւ 313 կմ ջրագծեր ամբողջ երկրում:

Առանձին ոլորտներից վարչապետը կարեւորեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը, որտեղ անցնող տարում գրանցվել է 3,5 տոկոս աճ: Նա մատնանշեց, որ այս տարվա ընթացքում ինտերնետի գները նվազել են 2 անգամ, եւ էապես ավելացել ինտերնետ օգտագործողների թիվը: Տիգրան Սարգսյանը նաեւ մատնանշեց բանկային համակարգի կայունությունը եւ այն հանգամանքը, որ Հայաստանը միակ երկիրն էր, որտեղ պետությունը բանկերին գումարներ տալու կարիք չունեցավ: Հայկական բանկերն ունեն բավարար միջոցներ իրենց պարտավորությունները մարելու համար, իսկ բանկերում բնակիչների ներդրած խնայողությունները 2009-ին ավելացել են 30 տոկոսով:

Վարչապետի ելույթին հաջորդեցին լրագրողների բազմաթիվ հարցերը: 2010-ին ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականության մասին հարցին պատասխանելովՙ Տիգրան Սարգսյանն ասաց, որ միջազգային հայտնի կազմակերպությունների փորձագետների շրջանում գերակշռում են այն կարծիքները, որ սկսվել է ճգնաժամից վերականգնվելու շրջանը:

Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը եկող տարվա մարտահրավերին դիմագրավելու համար, վարչապետի համոզմամբ, ունի 80 մլրդ դրամ ազատ միջոցներ, 54 մլրդ դրամ կայունացման հիմնադրամ եւ Եվրոմիությունից 100 մլն եվրոյի լրացուցիչ օժանդակության հավաստիացումներ:

Տնտեսության մեջ օլիգոպոլիաների եւ դրա հետեւանքով դրսեւորվող գնային կոշտությունների առկայության մասին խոսելովՙ Տիգրան Սարգսյանն ասաց, որ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կտրուկ բարելավի իր գործունեությունը, բարելավվի հարկային վարչարարությունը, ստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ, նախարարները, պատգամավորները, պաշտոնյաները իրավունք չունենան զբաղվելու բիզնեսով, ինչի համար պետք է կատարվեն օրենսդրական փոփոխություններ: Այսինքնՙ նրանք կարող են լինել ընկերությունների բաժնետերեր, բայց կառավարելու իրավունք չունենան: Այդ մարդիկ պետք է լինեն թափանցիկ եւ պետք է հայտարարագրեն իրենց եւ իրենց փոխկապակցված անձանց եկամուտները: Այս օրենսդրական փոփոխությունները քննարկվելու են Ազգային Ժողովում:

  «Ազգի» հարցը հետեւյալն էր. «Սկսած մայիսից, Հայաստանի տնտեսությունն ամսեամիս աճ էր արձանագրում նախորդ ամսվա նկատմամբ, բայց այդ երեւույթը խախտվեց հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին, երբ նախորդ ամիսների նկատմամբ արձանագրվեց տնտեսական անկում: Ձեր կարծիքովՙ դա մտահոգիչ չէ՞ եւ միտում չէ՞»: Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ սեպտեմբերից տեսնում ենք տնտեսական աշխուժացում, որ մտել ենք տնտեսության վերականգնման փուլՙ որպես օրինակ նշելով, որ երկրի ներսում ավելացել են մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները: Այսինքնՙ դժվար չէ նկատել, որ մեր հարցն ու վարչապետի պատասխանը միմյանց հետ որեւէ կապ չունեին:

ՀԴՄ-ների կիրառման արդյունքների մասին խոսելովՙ Տիգրան Սարգսյանն ասաց, որ բոնուսների տրամադրման նպատակով կառավարությունը կատարել է 3,8 մլրդ դրամ ծախսեր, որի արդյունքում բյուջեն ստացել է 11,7 մլրդ դրամ եկամուտներ:

Տնտեսության դիվերսիֆիկացման մասին նշվեց, որ զարգացնելու ենք այն ոլորտները, որտեղ ունենք մրցակցային առավելություններ: Այդ ոլորտներից առաջինը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, երկրորդըՙ գյուղմթերքների վերամշակումը, երրորդըՙ հանքահումքային ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ առաջնային մշակումը, ոչ մետաղական հանքահումքային արտադրանքի մշակումը, թեթեւ արդյունաբերության հնարավորությունների ճշգրտումը: Ըստ վարչապետիՙ խիստ հեռանկարային է էներգետիկ ոլորտը, նկատի առնելով նոր ատոմակայանի եւ փոքր ՀԷԿ-երի կառուցումը:

«Ո՞րն է ճգնաժամային տարում կառավարության հիմնական բացթողումը» հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ դա հարկային եւ մաքսային բարեփոխումների դանդաղումն է: Ըստ նրա, այս պահին իրականացվել է այդ բարեփոխումների 40 տոկոսը, քանի որ չունենք պատրաստված մարդիկ եւ տեխնիկական միջոցներ: Իսկ ամենամեծ ձեռքբերումըՙ գնահատելը վարչապետը թողեց ժողովրդին եւ ժամանակին, ասելով, որ այն, ինչ հիմա մանրուք է թվում, հետագայում կարող է ամենամեծ ձեռքբերումը համարվել: «Գուցե ամենակարեւոր ձեռքբերում համարվի այն, որ մեքենայից աղբը դուրս չշպրտե՞նք», ասաց նա:

Քաղաքական բնույթի հարցերից մեկն առնչվում էր Տիգրան Սարգսյանի հանրապետական դառնալուն, որին նա պատասխանեց, որ քանզի ինքը եւ մյուս պաշտոնյաները «դե ֆակտո» նախագահի քաղաքական թիմում էին, ապա համագումարը լավագույն ժամանակն էր դա «դե յուրե» արձանագրելու համար: Իսկ հայկական ավանդական կուսակցություններում (ՌԱԿ եւ Հնչակյան) տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ իրեն վերագրվող մեղադրանքները վարչապետը հերքեց, ասելով, որ ինքը միայն հանդիպել է այդ կուսակցությունների ղեկավարների հետ նրանց խնդրանքով:

«Որտե՞ղ եք անցկացնելու Նոր տարին»ՙ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ տանը: Իսկ Նոր տարուց հետո գուցե մի քանի օրով մեկնի Հայաստանից դուրսՙ առողջական խնդիրների պատճառով: Եթե բժիշկները համարեն, որ ավելի լավ է Հայաստանում առողջական խնդիրները լուծել, ուրեմն կմնա Հայաստանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4