ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ
«Շատ կարեւոր էր, որ այս տարի մենք կարողացանք երկու ուղղություններով կատարել իրական աշխատանքներ, որոնք կապված են մշակույթի նախարարության գործունեության գերակա ծրագրերի հետՙ մշակութային գործունեության համար համապատասխան դաշտի ապահովումը, նյութատեխնիկական բազայով, ֆինանսական ռեսուրսներով, կադրերով: Մեր խնդիրն այսօր դաշտի ապահովումն է` ստեղծագործական բոլոր գործընթացների համար, իսկ դրանից հետո` ինչպես է գործընթացը գնում, արդեն պետության խնդիրը չէ: Եվ այս տարի մենք կարողացանք մասնավորապես «Լինսի» հիմնադրամի ծրագրից եւ վերանորոգումներից հետո վերսկսել հիմնովին շինարարությունը մշակույթի ոլորտում», ասաց Հասմիկ Պողոսյանը:
Վերանորոգվել եւ նոր ցուցադրություններով վերաբացվել են Խաչատուր Աբովյանի եւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները, ռուսական արվեստի թանգարանը, այս տարի իտալացի մասնագետները վերականգնեցին Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը:
Մշակույթի նախարարը նշեց. «Շատ կարեւոր էր, որ մենք սկսեցինք նյութական արժեքների լուրջ վերահաշվառման գործընթաց: Սեպտեմբեր ամսից ստեղծել ենք հանձնաժողով, որը սկսել է բոլոր մշակութային արժեքների վերահաշվառումը` նորից լուսանկարում, բնութագրերի կազմում: Արդեն 6 թանգարաններում այդ աշխատանքներն ավարտված են: Մենք այս տարի սկսեցինք վերականգնողական կենտրոնների հիմնադրման գործընթացը»:
Այս տարի նաեւ ստորագրվել է համաձայնագիր ՀՀ մշակույթի նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջեւ` գեղանկարների վերականգնման եւ փայտի արհեստանոցի վերազինման դրամաշնորհի տրամադրման մասին: Իսկ խաչքարագործության վարպետության մասին կազմվել է գիտապրակտիկ փաթեթ, որը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին` որպես հայտ «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկերում ընդգրկվելու նպատակով:
Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ նաեւ ոլորտի խնդիրներին.
«Կադրային խնդիրը մշակույթի ոլորտում այսօր մենք համարում ենք կարեւոր հարցերի հարցը, մենք գործընթացը սկսել ենք, բայց շոշափելի արդյունք կունենաք ոչ շուտ: Այս գործառույթը մշակույթի նախարարությունը պետք է շուտ կատարեր, բայց չի կատարել: Մի շարք մասնագիտություններ Հայաստանում ընդհանրապես չեն դասավանդվում, դա արդեն արտերկրում պատրաստվելու խնդիր է, 2010-ից արդեն սկսելու ենք թանգարանների աշխատողների եւ ոչ նյութական մշակութային ժառանգությամբ զբաղվող մասնագետների վերապատրաստումը, որովհետեւ ուղղակի արդեն էլ ժամանակ չունենք»:
Ընթացքում լուծվում են հուշարձանների հետ կապված խնդիրները, բայց նախարարությունը միայն 2011-ին ամբողջականՙ փաթեթային կփակի այն կարգերն ու հրամանները, որոնք վերաբերում են հուշարձանների վերանորոգման ոլորտին: 2010-ից պետական միջոցների հաշվին սկսվելու է արտերկրում գտնվող պատմամշակութային հուշարձանների հաշվառումը:
Մի շարք փառատոներ` «21-ի հեռանկարներ», «Բաց երաժշտություն», «Վերադարձ», «Ոսկե ծիրան». ընդհանուր առումով տարին հագեցած էր մշակույթի ոլորտում: Մի շարք եվրոպական երկրներում Հայաստանի պետական կամերային երգչախմբի եւ անվանի մենակատարների մասնակցությամբ կայացել է համերգաշար` նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին:
Ըստ նախարարիՙ դեռ շատ անելիքներ կան, օրինակ, գրահրատարակչական ոլորտում:
«Գրահրատարակչության մեջ կան շոշափելի արդյունքներ, բայց այստեղ ես տեսնում եմ որակական իմաստով խնդիրներ, որոնք վերաբերում են ժամանակակից հայ գրողների գրքերի որակին, կարծես թե այստեղ այն քաղաքականությունն է, որ շատերին տպենք, բայց որակին ուշադրություն չդարձնենք», ասաց Հասմիկ Պողոսյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ