ՏՏ ոլորտում Հայաստանն արդեն ճանաչվում է
2009-ի հուլիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակ հիմնելու հրամանագիր:
Այս հրամանագրի նախաձեռնողը «Սինոփսիս Ինք.»-ը եւ իր ստորաբաժանում «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն են:
Նախագահի վերոհիշյալ հրամանագրից հետո ստեղծվել է մրցանակաբաշխության կոմիտե եւ միջազգային ընտրող հանձնաժողով: Ընտրող հանձնաժողովը, որի կազմում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի ճանաչված մասնագետներ, ինչպիսիք են ՀՀ Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Չինաստանի Գիտությունների ակադեմիայի միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Լան Չին, մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլք, սկզբում ներկայացնում են մրցանակի բոլոր թեկնածուներին հրավերներ, սակայն պարտադիր պայման է, որ յուրաքանչյուր թեկնածու համաձայնի հաղթելու դեպքում լինել Հայաստանում եւ Հայաստանի նախագահից անձամբ ստանա այդ մրցանակը: Այնուհետեւ ընտրվում է հաղթողը, որի անունն այս տարի հայտնի է դարձել երկու ամիս առաջ, սակայն հրապարակվեց երեկ «Սինոփսիս Արմենիայի» գրասենյակում:
«Մեր առաջին հաղթողն է համակարգչային ոլորտում մեծ անուն ունեցող Քրեյգ Բարրետը,- հայտարարեց «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը,- ընդ որումՙ ընտրող հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք էին նրա ընտրության մեջ»: Ներկայացնելով Բարրետին` Հովիկ Մուսայելյանը նշեց, որ նա «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահն է, ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում ուսման բարելավման առաջնակարգ պաշտպան: Բարրետը բազմիցս առժանացել է միջազգային տարբեր պարգեւների ու կոչումների եւ, երբ տեղեկացել է ՀՀ նախագահի մրցանակակիր դառնալու մասին, նույնիսկ հուզվել է: «Բուն մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2010-ի գարնանը, երբ պարոն Բարրետը կժամանի Հայաստան եւ մրցանակը կստանա նախագահ Սարգսյանից: Այցի ընթացքում Բարրետը հանդիպումներ կունենա իշխանության այլ ներկայացուցիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների եւ ուսանողության հետ: Բարրետի այցը Հայաստան աննախադեպ երեւույթ է մեր երկրի համար. սա զգալիորեն կբարձրացնի Հայաստանի վարկանիշը, մասնավորապես ՏՏ ոլորտում», նկատեց Մուսայելյանը: Բացի այդ, «Սինոփսիս-Արմենիայի» տնօրենը շեշտեց, որ առաջին մրցանակակրի անունն անչափ կարեւոր էր, քանի որ դրանով է պայմանավորվածՙ հաջորդ մրցանակակիրները կգան Հայաստան, թե՞ ոչ. «Բարրետը, վստահորեն, այն մարդն է, որը մեծ համբավ ունի աշխարհում, ու ես կասկած չունեմ, որ մեր հաջորդ մրցանակակիրները նույնպես արժանի են լինելու ՀՀ նախագահի մրցանակին եւ մեծ սիրով գալու են Հայաստան»: Մրցանակը բաղկացած է հայ ադամանդագործների ձեռքով պատրաստված ոսկյա-ադամանդյա մեդալից, որի վրա պատկերված են Հայաստանի զինանշանը, ՏՏ ոլորտի խորհրդանիշներ եւ այլն: Մրցանակի մեջ մտնում է նաեւ թանկարժեք, արծաթից ստեղծված հուշանվեր` աղավնիներով ու հայոց այբուբենով զարդարված, ինչպես նաեւ դիպլոմ: «Մենք սկզբում ցանկանում էինք նաեւ դրամական պարգեւ սահմանել, բայց հետո անհրաժեշտ չհամարեցինք, քանի որ կարեւորն այս հարցում իմիջի ձեւավորումն ու ամրապնդումն է», շեշտեց Մուսայելյանը: Վերջինիս խոսքերովՙ բոլորն այս նախաձեռնությունը սկզբում թերահավատորեն էին ընդունում. «Սակայն այսօր Հայաստան են գալու այնպիսի մարդիկ, որոնք երբեք չեին էլ մտածի մեր երկիր գալու մասին: Մեր այս նախաձեռնությունը մեծ շահագրգռվածություն ու հետաքրքրություն է առաջացրել նաեւ արտասահմանում, ՏՏ ոլորտի աշխարհահռչակ մեկնաբան-լրագրող Մայքլ Մելոնը մեր մրցանակաբաշխության կոմիտեում է, «Ֆորբս» ամսագրի հրատարակիչ Ռիչ Կարգլաարդը եւ այլ ճանաչված անձնավորություններ նույնպես», նշեց Հովիկ Մուսայելյանը:
Վերջում Մուսայելյանը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությունը լինելու է ամեն տարի. «Սա հսկայական ազդեցություն կունենա Հայաստանը ՏՏ տարածաշրջանային կենտրոն դարձնելու համար ու կբարձրացնի Հայաստանի վարկանիշը` որպես ՏՏ ոլորտը տնտեսության գերակա ճյուղ հայտարարած երկրի», եզրափակեց Մուսայելյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ